Ինչի՞ համար էր անկախությունը. մի վերացած համայնքի պատմություն

Արա Հակոբյանը հիմա բնակվում է Սիեթլում

Ես գիտեի թե Հայաստանը հենց անկախանա կհայտնվենք մի երկրում ուր մարդուն մտածելու համար չեն բռնի, մարդիկ կսկսեն ազատ ապրել, որ անկախությունը մեր՝ հայերի ազատության համար ա, ու էլ ոչ ոք չի կարա ասի՝ դու կրիշնայական պիտի չլինես, իսկ դու էլ հիսունական կամ Եհովայի վկա, առաջ սաղդ կոմունիստ էիք, հիմա՝ պիտի լինեք առաքելական:

Իմ համոզմունքը հորիցս էր գալիս:

Հերս միշտ մեր գլուխը մտցնում էր՝ մենք ինչի՞ համար պիտի գոյատևենք, իհարկե, որ  մի օր անկախություն ունենանք, աշխարհի վրա ոչինչ հավերժ չի, մի օր Սովետն էլ կքանդվի և մենք պիտի պատրաստ լինենք անկախության:

Հերս շատ խորը քրիստոնյա հավատցյալ էր, կյանքի վերջին 10-15 տարիների ընկերները հիմնականում հիսունականներ էին, նաև բապիտիստ ընկեր ուներ, մեր տանը հավաքվում էին  հիսունական եղբայրներով ու քույրերով ու միասին աղոթում: Միևնույն ժամանակ զարամանալիորեն ոչ միայն չուներ շատ քրիստոնյաներին հատուկ անհանդուրժողականությունը ուրիշ կրոնների նկատմամբ, այլ  հետաքրքրվում էր տարբեր կրոններով ու դրանք շատ համակրում: Նրա ամենասիրելի հերոսներն էին Սոկրատը, Հիսուսը, Տոլստոյը ու Գանդին: Էս չորսից մենակ Սոկրատի նկարը չկար նրա պատին: Միշտ մեջբերում էր Գանդիի հինդուիստական ուսմունքի հետ առնչվող մտքերը, մի ամբողջ գիրք էր կազմել Գանդիի մասին՝ լուսանկարներով, մակագրություններով, ասույթներով, գործունեությունը, կյանքը, ամեն ինչ Գանդիի մասին(տեսնես մի օր «Գանդին» գրքով կտպե՞մ):

Հերս՝ Ռաֆայել իշխանյանը, ինձ համար անքննելի հեղինակություն էր

«Լավ,-հարցնում էի,-Գանդին որ տենց հինդուիստ էր, ո՞նց էր վերաբերվում անձեռնմխելիների կաստային»:

«Գանդին ասում էր՝ եթե ես մյուս անգամ ծնվեմ, կուզեմ անձեռնմխելի լինեմ: Նա դեմ էր անձեռնմխելիների նկատամբ էդ վերաբերմունքին»,-պատասխանում էր:

Վերամարմնավորվելու՝ ռեանկառնացիայի մասին էլ խոսք ընկներ, ժպտում էր՝ հետաքրքիր է, թող էդպես հավատան, ինչ կա որ:

Մի տետր էլ ուներ ամբողջ բուդդայկան ասույթներով լցված:

Եթե մի խոսքով ասեմ՝ հերս բազմակրոն էր և ընտրել էր քրիստոնեությունը:

Նա ինձ համար  անքննելի հեղինակություն էր, ու ես նրա օրինակով 13-14 տարեկանում  հավատացյալ էի արդեն, գնում էի Զորավոր երեկեղեցում մոմ վառում ու աչքերս վեր տանում: Ավելի ուշ գնում էի շաբաթապահների ու բապիտիստների եկեղեցիները,  քարոզ լսում, ինձ ավելի գրավում էր շաբաթապահներինը: Իսկ էլ ավելի ուշ, անկախության առաջին տարիներին, մեկ-մեկ գնում էի նոր բացված կրիշնայականնների տաճարը՝ Սոսեի փողոցի վրա:  Բայց բոլոր եկեղեցիներին զուգահեռ ավելի հաճախ՝ կիրակի Զորավոր գնալը, եկեղեցիներում մոմ վառելը, խաչակնքելս մնում էին, մինչև էն պահը, երբ սկսեցի կասկածել աստծո գոյությանը:

Ինչպես հորիցս փոխանցվել էր հավատը, էնպես էլ տարբեր կրոնների նկատմամբ հետաքրքրությունը:

Հերս ինձ մի քանի անգամ խնդրեց՝ ի՞նչ կլինի, ինձ տար կրիշնայակնների մոտ: Գլխով էի անում, ականջի հետև գցում: Հենց հիշում եմ, թե ինչպես էր հիվանդ նստած, նայում ինձ ու խնդրում,  խիղճս տանջում է, որ տենց էլ չտարա:

 

Իմ «Հայաստանի անկախությունը» հորս ներարկած անկախությունն էր ու երբ անկախության առաջին տարիներին սկսեցին փողոցներում կրիշնայականներին ծեծել շատ զարմացա՝ սրա համա՞ր էր անկախությունը, բա էլ խի էինք Սովետից ուզում պրծնել, որ պիտի Հայաստանում անեն էն ինչ Սովետի կագեբեն էր անում: Հետո զարմանքներս պիտի շատանային՝ երբ տեսնեի, թե ինչպես են 88-ի հարթակի հերոսները հարստանում, տներ սարքում, քյասիբացող երկրում ինամարկեքով ֆռֆռում, հետո ոնց են հավի ճտի պես սպանել տվել մարդկանց՝ Ղանդիլյանին, Սուքիասյանին և այլն: Բայց ինչ որ պահից սկսում ես չզարմանալ, ու երբ մարդասպանին երկիր բերելու համար ստորագրություն են հավաքում, կարդում-անցնում եմ, ինչպես հերթական լուր:

Ու անկախության  առաջին զարմանքներից մեկը ինձ մղեց, որ գրեցի  Հայաստանում առաջին խղճի ազատության թեմայով հոդվածը  «Կրիշնայականններին Հայաստանում հալածում են», տպվեց  1994թ, օգոստոսի 10-ին, «Լրագիր» թերթում:  Մի քանի օր առաջ փոշոտ թղթապանակներիս մեջ գտա, նորից կարդացի. սա եթե ոչ միակ, ապա էն հազվագյուտ նյութերից է, ուր պահպանվել են սովետական տարիներին կրիշնայականների հալածանքների վկայություններ, տառապանքների միջով անցած մի խումբ տղաների կյանքը, որ պատմությունը ամեն կերպ ուզում է մոռանալ: Արդեն ուզում էի հրապարակել, բայց՝ սպասի, ասի ավելի լավ ա դնեմ էսօր՝ դեկտեմբերի 10-ին(տեքստը հրապարակվել է 2012-ի դեկտեմբերի 10-ին tert.am-ի իմ բլոգում), մարդու իրավունքների միջազգային օրը, որ երևա, թե ինչպես Հայաստանի իշխանությունները մի ամբողջ համայնք վերացրին:

Տպվելուց հետո էլ երկրորդ անգամ զարմացա, երբ ԱԺՄ-ի անդամ Ֆիլարետ Բերիքյանը կատաղած նայելով ինձ ասեց՝ արա, դու կրիշնայակա՞ն ես: Հետո, մի քանի տեղից լսեցի, որ իմ մասին ասում են՝ լսե՞լ ես Վահանը կրիշնայական ա դառել: Հասկացար, ուրեմն քեզ կհամարեն նրանցից ում պաշտպանում ես: Դրա համար էլ, Սոցապ նախարարության պաշտոնյաները, երբ կերան որբերի բնակարանների փողերը, փոխնախարարը Ֆիլարետ  Բերիքյանն էր, հիմա էլ դեռ պաշտոնին ա: Որբերը իրան ոչ հոր կողմից էին բարեկամ ոչ մոր, ինչի՞ պիտի պաշտպաներ(այդ մասին այստեղ):

Հոդվածիս հրապարակումից ինը ամիս անց կրոնանական հալածանքների գագաթնակետը հասավ, երբ 1995թ ապրիլ-մայիսին Երկրապահ կամավորական միության անդամները պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով ներխուժեցին յոթ կրոնական համայնքներ, ծեծեցին հավատացյալներին, թալանեցին և 15 հոգու կալանվորեցին: Ամենադաժանը վարվեցին կրիշնայականների հետ:

Արխիվումս գտա նաև մի ուրիշ հոդված, մեքենագիր, անտիպ՝ Հայաստանի կրոնական համայնքները, գրել էի Նուվել դե Արմենիայի համար, բայց չտպեցին: Գտա բազմաթիվ հարցազրույցներ տուժածների հետ, որոնք մնացել էին գլխիս մեջ, բայց չէի կարողանում գտնել մամուլում: Ո՞նց գտնեի, որ չէին տպվել: Մի օր սա էլ կհրապարակեմ, բայց հիմա ուզում եմ մեջբերել կրիշնայականների հետ կատարվածը. «Երևանի Արաբկիրի շրջանի երկրապահ ջոկատը մոտ 25 հոգի ներխուժում են տաճար և երկաթյա ձողերով դաժանորեն ծեծում կրիշնայականններին, որից հետո թալանում տաճարը, պոկում նաև կանանց վրայից ոսկեզարդերը և տանելով իրենց հետ մոտ 10 հազար դոլարի ապրանք: Արա Հակոբյանը, որի գլխին վեց կար էին տվել, նյարդային ցնում ստացավ: Այս դեպքից հետո նա իր ընտանքիով և ևս 40 կրիշնայական մեկնեցին Հայաստանից և տաճարի շենքը վաճառեցին: Երկրապահները սպառնացել էին, որ եթե կրկին հավաքվեք տաճարում նորից կջարդենք(մեկ ուրիշն էլ ասաց, որ սպառնացել են՝ կսպանենք ):

Մեզ եթե թույլ չեն տալիս փիլիսոփայել, չենք փիլիսոփայի, կերգենք, եթե երգել թույլ չտան, չենք երգի մարդկանց կկերակրենք, եթե դա էլ թույլ չտան, ոչինչ չենք անի,- ասում է Հայաստանի կրիշնայական համայնքնի ավագ Յուրա Միսլաև»:

1995-ին ես «Շրջան» թերթի խմբագիրն էի, հալածանքների մասին գրում էր «Շրջանը», մասամբ էլ «Գոլոս Արմենիին»: Արա Հակոբյանը արյունլվա մտավ մեր խմբագրություն: Ոչ մի տեղ չուներ պաշտպանություն, բոլոր դռները փակ էին, բողոքներին ոչ ոստիկանությունն էր արձագանքում, ոչ դատախազությունը: Արան իր մաշկի վրա զգացել էր, սովետական ճնշումները, բերդ էր նստել,հիմա էլ քեզ Հայաստանը: Արայի լուսանկարը կա «Շրջանի» էջին, ափսոս էն ժամանակ թերթերը շատ անորակ էին տպում:

Հերս արդեն չկար, կրոնական համայքնների վրա հարձակումից երկու ամիս առաջ մահացել էր, ու նա չտեսավ, որ իր երազած անկախ Հայաստանում ոչ առաքելականները այլախոհներ են դառնում ու քացիների տակ ընկնում:

 

Հայաստանում կրիշնայականներին հալածում են

(կրճատումներով)

Վերջին տարիներին Հայաստանում կրոնական կազմակերպություններից Կրիշնա գիտակցության համայնքի անդամների ճնշումն աճում է, որն իրականացնում են պետական մարմինները, Հայ առաքելական եկեղեցին և առանձին  անհատներ:

Ի՞նչ է կրիշնայականությունը

«Կրիշնա գիտակցության» ուսմունքը Հինդուիզմի ճյուղերից մեկի ժամանակակից մեկնաբանությունն է, որը 1965թ. Հնդկաստանից ԱՄՆ գալով աշխարհով մեկ տարածել է Բհակտիվեդանտա Սվամի Պրաբհուպադան: Ուսմունքը հիմնականում հիմնված է Վեդայական գրքերից Բհագավադ Գիտայի վրա: Ըստ կրիշնայականության գոյություն ունեն պատրանքային(նյութական) և ճշմարիտ(հոգևոր) աշխարհներ: Մարդը հոգևոր էակ է և նյութական աշխարհում ստանում է նյութական մարմին: Նա պետք է կարողանա զսպել մարմնի պահանջները և հոգևոր կատարելության միջոցով հոգին կապել Գերագույն Աստծո հետ: Կրիշնայականի առաջնային պայմաններն են ա) չուտել միս, ձուկ, ձու բ) չօգտագործել թմրամիջոցներ, հաշիշ, ալկոհոլ, ծխախոտ, սուրճ, թեյ գ) չզբաղվել մոլախաղերով, դ) չունենալ ապօրինի սեռական կյանք, իսկ օրինական կնոջ հետ միայն սերունդ տալու նպատակով:

Խորհրդային շրջան

70-80 ականներին Խորհրդային միությունում Կրիշնա գիտակցության համայնքները ճնշվում էին առավել շատ քան մյուս կրոնական կազմակերպությունները: Կրիշնայական առաջին գրականությունը Հայաստան մուտք գործեց 1981թ.: 1982թ. Ռուսաստանում եղան կրիշնայականների առաջին դատավարությունները: Երևանը դարձավ Կրիշնա գիտակցության ԽՍՀՄ գլխավոր կենտրոններից մեկը:

1984թ. Երևանում 10 հազար տպաքանակով ինքնահրատ լույս է տեսնում Բհագավատ Գիտան և ցրվում Միությունով մեկ: Հայաստանում կրիշնայականների հետապնդումները և ձերբակալությունները ծավալվեցին 1985թ.: Առաջինը դատվեց Երևանի պետհամալսարանի երկրաբանական ֆակուլտետի ուսանող Արայիկ Հակոբյանը(մեկուկես տարի ազատազրկում): Հայաստանում ընդհանուր ձերբակալվեց 10 կրիշնայական, որոնք ուղարկվեցին հոգեբուժարաններ կամ դատապարտվեցին տարբեր ժամկետների ազատազրկման: ՊԱԿ-ը նրանց առաջարկում էր հրաժարվել իրենց կրոնական հայացքներից՝ խոստանալով ազատ արձակել, սակայն կրիշնայականները հավատարիմ մնացին իրենց ուսմունքին:

«Սովետաշենի հոգեբուժարանի դատական հոգեբուժական փորձաքննության բաժնի վարիչ Արմեն Հարությունյանը մեզ բռնությամբ սրսկել էր տալիս,-պատմում է Հայաստանի առաջին կրիշնայական Արմեն Սարգսյանը, որին ճակատագիրը հոգեբուժարան էր բաժին հանել,-ես գոռում էի, բողոքում, իսկ նա տիզիտրոնի կրկնակի դոզա էր սրսկել տալիս: Երբ փորձեցինք պահանջել, որ առանց ախտորոշման չսրսկեն, նա գալապիրիդոն սրսկել տվեց: Այդ ահավոր դեղը մեկուսացնում է մարմնի նյարդային համակարգը և մարդ չի կարողանում ոչ նստել, ոչ կանգնել, ոչ պառկել: Լեզուն կծկվում է, խոսելն անհնար է դառնում, ողջ օրգանիզմը ցավում է: Այդ վիճակում անընդհատ ուզում ես զուգարան գնալ, սակայն արգելում էին: Մեզ պահում էին կյանքի ու մահվան միջև, որը կոչվում է շոկաթերապիա: Երբ տեսնում էին մեր ճնշումը ընկել է այնքան, որ մի րոպեից կմեռնենք, հատուկ սրսկումով մեզ ուշքի էին բերում: Արմեն Հարությունյանը պայման էր դնում՝ կամ պիտի միս ուտեք, կամ ինսուլին ենք սրսկում: Եվ այդպես մի անգամ ստիպված միս կերա: Սանիտարները հավաքվում խմում էին և մեզ էլ ուժով փորձում էին օղի խմեցնել: Իմ աչքի առաջ երեք հոգի մահացան և երբ ես կանչում էի սանիտարներին՝ թե մարդ է մեռնում, նրանք նարդի էին չխկացնում և ասում՝ քո գործը չի»:

Հոգեբուժարանում սրսկումներից սպանվեց կրիշնայական Մարտին Ժամկոչյանը, որը խորհրդային մամուլը ներկայացրեց կրիշնայականների կյանքից ինքնակամ հեռացում և ապացույց, թե նրանք մահ են քարոզում: Հոգեբուժարանում գտնվողները երազում էին բանտ ընկնել, մինչդեռ բանտերում էլ էին նրանց հալածում: Կրիշնայական Սարգի Օհանջանյանին ուղարկում են Օրենբուրգի երկրամասի ամենադաժան ճամբարներից մեկը: Բանտի վերկացուները, հակառակ նրա կամքի, մշտապես մսով կերակուր են տալիս: Այդ իսկ պատճառով Սարգիս Օհանջանյանը սովամահ է լինում բանտի հիվանդանոցում:

Հակակրիշնայական քարոզչություն են ծավալում նաև մամուլն ու հեռուստատեսությունը: 1985թ. ապրիլին «Երևանի Համալսարան» թերթում Արայիկ Հակոբյանի դեմ տպագրվում է «Ես ազգություն չունեմ» հոդվածը, իսկ հեռուստատեսությամբ հակակրիշնայական հաղորդումներ է վարում Վլադիմիր Մուրադյանը: Կրիշնայականներին մեղադրում էին օտարերկրյա, հատկապես ԱՄՆ-ի գաղտնի ծառայություններին ծառայելու մեջ:

Ետխորհրդային շրջան

Խորհրդային միության փլուզումից հետո բոլոր հանրապետություններում բացառությամբ Հայաստանի, ազատարզրկված կրիշնայականները արդարացվեցին: Եվ այսօր նրանք ոչ մի տեղ, բացառությամբ Հայաստանի, չեն ճնշվում:

1992թ. հունիսին հեռուստատեսային «Յոթերորդ օր» հաղորդաշարը ներկայացնում է կրիշնայական համայնքը: Երկու օր անց, հունիսի 10-ի գիշերը անհայտ անձինք բենզինով հրդեհում են Կրիշնա գիտակցության (ԿԳ) կենտրոնի շենքը և ՎԱԶ-2108 «Ժիգուլի» մակնիշի երկու մեքենան: Համայնքը դիմում է Գերագույն խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողով և ոչ մի պատասխան չի ստանում:

1993թ. սեպտեմբերի 25-ին Օշական գյուղում, երբ Կրիշնա գիտակցության համայնքի անդամ Միքայել Ունջուղուլյանը համագյուղացիներին բացատրելիս է լինում իրենց ուսմունքը, մոտենում է գյուղի քահանա Տեր Մկրտիչը և հայհոյում նրան: Միքայելն ասում է, որ հոգևոր մարդուն վայել չեն այդպիսի խոսքերը և քահանան խփում էնրան: Հաջորդ օրը Միքայելը գնում է քահանայի մոտ հասկանալու, թե ինչու է նա թշնամաբար տրամադրված կրիշնայականությանը: Տեր Մկրտիչը, սարկավագ Գևորգը և ուրիշ գյուղացիներ ծեծում են նրան: Դեպքի առնչությամբ բողոք է ներկայացվում Աշտարակի ՆԳ բաժին, սակայն գործին ընթացք չի տրվում:

1994թ. աապրիլի 18-ին Երևանի Սպայի տան մոտ կրիշնայական գրականություն տարածող Արթուր Խաչատրյանին մի երիտասարդ հայհոյում է: Արթուրը հեռանում է մոտակա այգին խուսափելով ընդհարումից: Այգում մի քանի տղաներ խլում են նրա ձեռքից պայուսակը և մտնում Սպայի տուն, որտեղ բակում մոտ 15 հոգով ծեծում են նրան ծանր մարմնական վնասվածքներ պատճառելով, մասնավորապես կոտրվել են Արթուրի կողերը: Ծեծից հետո նկարահանված նրա դեմքին ամբողջությամբ այլանդակված էր և այտուցված: Գործը հանձնված է Երևանի Սպանդարյանի շրջանի ՆԳ բաժին, այն վարումէ նախաքննիչ Ռուբեն Ասատրյանը: Բայց այս գործը ևս ընթացք չի ստանում: Ես հանդիպեցի կապիտան Աստրյանին, նա ասաց որ ծեծողը երկրապահ ջոկատի անդամ Էդիկն է, որը հանրապետությունում չէ: Հիշեցրի որ Արթուր Խաչատրյանին ծեծել են 15 հոգով:

«Ինչ մեկը մի ապտակ տված լինի, ինչ մի ուրիշը մարմնական վնասվածքներ հասցրած լինի, նո՞ւյնն է,-ասաց պարոն Ասատրյանը,- և հետո, տղաներն էէլ են ճիշտ. Ասում են՝ մենք խաչը կախած գնում կռվում ենք, իսկ դրանք եսիմ ինչեր են տարածում»:
Նա փորձում է կրիշնայական համայնքին համոզել հրաժարվել այս գործից:

Երբ Կրիշնա գիտակցության համայնքի անդամներ Անահիտ Արզումանյանը և Մարիաննա Դոլունցը Գորիսում տարածելիս են լինում կրիշնայական գրականություն, մուտենում է տեղի քահանան և և պահանջում դադարեցնել գործունեությունը՝ այդ գրականությունն անվանելով սատանայական: Նրանք Գորիսից գալիս են Սիսիանի զինվորական ոստիկանության պահակակետ: Այդ ժամանակ գալիս են Սիսիանի քահանա Տեր Նարեկը և Հյուսիսային ամերիկայի արևելյան թեմից Զենոբ քահանան, բռնագրավում գրականությունը, բենզին լցնում վրան և այրում՝ խարյույկի մոտ աղոթքներ արտասանելով:

«Աղանդավորների և հատկապես կրիշնայականների դեմ պայքարը ոչ միայն եկեղեցու այլև առողջ մտածող ամեն հայի գործն է: Այդ կինը փորձեց ներխուժել մեր շրջան, բայց նրան չհաջողվեց և ոչ մի անգամ չի հաջողվի,ճասում է Տեր Նարեկ քահանան, որին հանդիպեցի Սիսիանի եկեղեցում,- այդ օրը այստեղ էր Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի «Հավատ առաքել արշավ» հանձնախումբը: Մենք այցելում էինք շրջանի գյուղերը, երբ Երևան-Գորիս խճուղու Սիսիանի պահակակետում հանդիպեցինք կանանց, որոնք կրիշնայական գրքեր էին վաճառում: Ես և Զենոբ քահանան մոտեցանք նրանց, պահանջեցինք փաստաթղթերը, ծանոթացա դրանց և վերադարձրի: Հետո կնոջը հասկացիր որ իր քարոզչությունը անօրինական է: Նա պնդեց թե խղճի ազատություն կա: Այդ կետը ես ըընդհանրապես չեմ ընդունում: Խղճի ազատությունը ոտնահարում է մեր եկեղեցին: Դու եկել ես այս տարածքը որի տերը ես եմ, հովիվը ես եմ, ես պետք է հոգամ իմ հոտի հոգևոր սնունդը: Եթե ուզում ես օգնել՝ խնդրեմ: Բայց առաքելական դավանանք պիտի քարոզես: Ասացի՝ տարածքի օրինական հովվի իրավունքով առգրավում եմ գրքերը: Նա հրաժարվեց գրքերը տալ: Այնտեղ 50-60 մարդ կար, որոնք սպասում էին իրենց զինվոր որդիներին: Այլ կրոններ զորք են թափանցում և քարոզում՝ զենք վերցնողին Աստված կպատժի: Ո՞վ է ասում, որ եթե հանուն քո հավատի զեքն վերցնես մեղք կգործես: Չէ՞ որ ավետարանն ասում է՝սուր վերցնողը սրից կընկնի, ուրեմն դու վերցնում ես սուրը, որպեսզի սուր վերցնողին գցես: Այսպես բացատրում էի պահակակետի զինվորներին որոնց մեջ անհավատներ կան: Ես նրանց ասացի՝ կամ ոչ մի բանի մի հավատացեք կամ միայն մեր եկեղեցուն հավատացեք: Ժողովուրդը խիստ բորբոքվել էր, պահանջում էր այրել գրականությունը: Իսկ կինը շարունակում էր քարոզը: Կինը ասաց՝ սա ձեր ազգի գլխին անեծք է բերում, և բազմությունն ավելի զայրացավ: Այլ հնար չկար, և ես որոշեցի իմ ձեռքով այրել գրականությունը: Այդպես էլ արեցի: Ճիշտ է, այդ կինն ուզում էր նետվել կրակի մեջ, բայց զինվորները նրան ետ պահեցին: Ցավալին այն է որ զինվորներին են մեղադրում: Բայց նրանք միայն օգնեցին գրքերը տեղափոխել և ժողովրդին էին զսպում: Տիրան Սարկավագը ֆիլմի է քաշել ամբողջը: Ժողովրդին զսպելու համար մենք խարույկի մոտ «Ամեն հայի» շարականը երգեցինք: Հավատը պաշտպանելու համար խաչը պետք է սուր դարձնենք»:

Սիսիանի պահակակետի զինվորները մեզ ոչինչ չասացին: Շրջանի գործկոմի նախագահ Քոչար Դավթյանը տեղյակ էր միջադեպին և ասաց, որ կամայական հաշվեհարդար է եղել, որն անընդունելի է:

Անահիտ Արզումանյանը ասում է, որ իրենց հետ ամենակոպիտը զինվորներն են վարվել.

«Զինվորները մեր վրայից պոկեցին սուրբ ուլունքները, նշանները և նետեցին կրակի մեջ,-պատմում է Անահիտը,- Ես նրանց ասում էի՝ չեք հավատու՞մ որ մարդու հոգին կարող է կենդանու մեջ անցնել: Ահա, դուք ձեզ կենդանիների պես եք պահում: Մենք շատ վախեցած էինք, այդ ողջ բամությունը մեր դեմ էր: Ես հոգևորականներին ասեցի՝ չէ՞ որ դուք կրոնի ներկայացուցիչ եք, և կրոնը թույլ չիտալիս բռնություն գործադրել: Ամերիկացին ավելի ագրեսիվ էր, ասում էր՝ սա հաշիշ է, մոլուցք է պետք է վերացնել: Իսկ ես ժպտում էի»:

Սիսիանի դեպքի առիթով համայնքը դիմել է ՀՀ դատախազություն և ԳԽ մարդու իրավունքների հանձնաժողով, բայց առայժմ ոչ մի պատասխան չկա:

«Լրագիր»

10 օգոստոսի 1994թ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *