Բարեփոխված այլընտրանքային ծառայություն. խղճի կալանավորները դեռ չեն շտապում

Եհովայի վկակներ կազմակերպության անդամ Անրի Խաչատրյանի ազատության օրը. նա դուրս է գալիս Սովետաշենի գաղութից:
Եհովայի վկակներ կազմակերպության անդամ Անրի Խաչատրյանի ազատության օրը. նա դուրս է գալիս Սովետաշենի գաղութից:

Կրոնական համոզմունքներով պայմանավորված զինվորական ծառայությունից հրաժարված ու ներկայում ազատազրկման վայրերում գտնվող Եհովայի վկաներ կազմակերպության 33 անդամները չեն շտապում դադարեցնել իրենց նկատմամաբ սահմանած պատիժն ու անցնել այլընտրանքային ծառայության, թեպետ հունիսի 8-ից արդեն ունեն նման օրինական հնարավորություն:

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վավերացմամբ այս տարվա մայիսի 25-ից գործում են «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որտեղ հաշվի են առնված նաեւ այլընտրանքային ծառայության պոտենցիալ շահառուներ Եհովայի վկաներ կազմակերպության մտահոգությունները, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի ու Վենետիկի հանձնաժողովի նկատառումները:

Իսկ Հունիսի 8-ից ուժի մեջ են մտել «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքում կատարված լրացումները, որոնք թույլ են տալիս զինվորական ծառայությունից հրաժարված բոլոր անձանց, որոնց քրեական գործերը գտնվում են դատարանների, նախաքննության եւ հետաքննության մարմինների վարույթում կամ որոնք հետախուզման մեջ են, մինչեւ օգոստոսի 1-ը դիմում գրել` այլընտրանքային ծառայության անցնելու համար, որից հետո նրանք կհամարվեն դատվածություն չունեցող` հաղորդում է Փաստինֆոն:

«Իհարկե, ուրախալի է, որ նման օրենք է գոնե ընդունվել, բայց թե ինչպես այն կաշխատի, որտեղ կանցնեն իրենց այլընտրանքային ծառայությունը տղաները, որ հիմնարկներում են ծառայելու, դեռ պարզ չի: Ահա թե ինչու տղաները դեռ սպասում են` հասկանալու համար ինչպես է օրենքը գործելու»,- ասում է Եհովայի վկաներ կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանը:

Մինչեւ օգոստոսի 1-ը դիմում գրելու դեպքում այլընտրանքային ծառայության կարող են անցնել նաեւ այն մարդիկ, ովքեր պատիժ են կրում ազատազրկման վայրերում: Հակառակ դեպքում դատախազի միջնորդությամբ այդ անձանց նկատմամբ կայացված վճիռները կվերանայի դատարանը:

Ու, եթե «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում կկայացնի նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին, զինվորական ծառայությունից հրաժարվողները այլեւս հանցագործ չեն համարվի:

Կարեւոր փոփոխություններից է այն, որ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը նախկին 42 ամսվա փոխարեն դարձել է 36 ամիս, ինչպես նաեւ այն, որ այլընտրանքային աշխատանքային ծառայության նկատմամբ չի կարող սահմանվել զինվորական վերահսկողություն:

Հիմնական հարցը, որ ներկայում մտահոգում է Եհովայի վկաներին, պատիժ կրողների` այլընտրանքաին ծառայության հաշվարկման սկզբունքն է:

«Օրինակ, եթե մարդ ազատազրկվել է 2,5 տարի ու պատիժը կրելուն մնացել է 6 ամիս, հարց ունենք` որքան կլինի նրա այլընտրանքային ծառայությունը` կես տարի, մեկ տարի, թե մեկուկես տարի: Եթե այլընտրանքային ծառայության դեպքում մարդ պետք է աշխատի օրական ութ ժամ, սակայն ազատազրկման վայրում օրը քսանչորս ժամ է անցկացրել: Ստացվում է` պատիժն ու աշխատանքը նույնն են դառնում, միգուցե լավ կլինի` հաշվի առնելով ազատազրկման վայրում անցկացրած ժամկետը` նրանց այլընտրանքային ծառայության ժամկետը կրճատվի»,- ասում է Տիգրան Հարությունյանը` հավելելով, որ սկզբունքորեն պատիժ կրողներից յուրաքանչյուրի անձնական գործն է` ինչ հետագա քայլեր կանեն:

Եհովայի վկաներ կազմակերպության տվյալներով` հունիսի սկզբին կրոնական համոզմունքներով պայմանավորված զինծառայությունից հրաժարվելու համար ազատազրկման վայրերում պատիժ են կրում իրենց կազմակերպության 33 անդամ:

Եւսի 5-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, բայց նրանք դեռ ձերբակալված չեն, քանի որ բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումները, որոնց համաձայն նրանցից 3-ը դատապարտվել են 30 ամսվա, իսկ 2-ը` 24 ամսվա ազատազրկման:

«Նրանք պատրաստ են անցնել այլընտրանքային ծառայության, հանրօգուտ աշխատանքներ անել, քան ազատազրկման վայրերում հայտնվել: Բայց առաջին անգամ էլ` 2004-ին մեծ ուրախությամբ, էնտուզիազմով գնացին, ու ընթացքում խնդիրներ առաջացան ու պարզվեց, որ վերահսկողությունը զինվորական էր»,- նշում է Հարությունյանը:

Դեռեւս այս տարի մայիսի 2-ին արդարադատության նախարարը հայտարարել էր, որ այլընտրանքային ծառայությունը հասանելի կլինի աշնան զորակոչին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *