Վարդավառն ըստ ցեղակրոնների. անկախ հավատքից` հայ լինելը որակական արժեք է

IMG_1619
Արորդիները կամ ինչպես իրենք են իրենց կոչում` ցեղակրոնները, Վարդավառը նշում են հատուկ ծիսակարգով:

Հուլիսի 7-ին Հայ Արորդաց Միությունը (արեւորդիների միությունը) Գառնու հեթանոսական տաճարում նշեց Վարդավառը` առաքելական եկեղեցու կողմից պահպանված հեթանոսկան տոնը` նվիրված սիրո աստվածուհի Աստղիկին:

Վարդավառը նշում են բոլոր հայերը, այն ազգային տոն է, սակայն արորդիները կամ ինչպես իրենք են իրենց կոչում` ցեղակրոնները, այն նշում են հատուկ ծիսակարգով: Այս տարի էլ` քրմերը ծիսակատարություն անցկացրին Գառնու տաճարում, կանանց ու աղջիկներին վարդեն նվիրեցին, հավաքվածներով գինի են խմեցին, տոնական միջոցառմանն ավանդական ջրցանությամբ միմյանց ջրեցին հայ արի քրմերի օծած ջրով: Ծիսակատարությանը հաջորդեցին ազգային պարերը:

Վարդավառ բառը տարբեր մեկնություններ ունի: Ամենահայտնի մեկնության համաձայն այն առաջացել վարդ եւ վառ բառերից: Մեկ այլ վարկածի համաձայն՝ վարդավառ բառը ծագել է վ-արդ- գերագույն-վերին սերումի խորհուրդ, գերագույն սիրո խորհուրդ, արմատից` նախաշնելով Գերագույն սիրո խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը:

Ջուրը նախանշում է մաքրություն-մաքրագործություն, ջրվելը՝ մաքրվել, իսկ Սիրո գերագույն խորհրդի կրող եւ պահապան Աստղիկ աստվածուհուն ընդառաջ գնալու համար կատարվել է ջրով մաքրվելու-օծվելու արարողություն, ինչը արիադավան-հեթանոսական ավանդույթ է:

Գառնու տաճարում անցկացված ծիսակատարությունը տարբերվում էր եկեղեցական ծիսակարգերից` ավելի գունեղ եւ տպավորիչ էր: Տաճարի մոտ հավաքված բազմությունը մեծ չէր: Ներկաների մեջ կային նաեւ Հայ առաքելական եկեղեցու հետնորդներ,  աթեիստներ, որն ավելի շատ հետաքրքրասիրությամբ, քան արորդիների հետ ունեցած գաղափարական եւ կրոնական հայացքների ընդհանրություններով էր պայմանավորված:

Ծիսակատարությունը վարող քուրմերից Վարուժան Աղաջանյանը հստակ չի կարողանում ասել, թե որքան է Հայաստանում արորդիների թիվը` կարեւորելով այն, որ նրանք կան եւ եկել են՝ իրենց բնօրրանին տեր կանգնելու:

Քուրմ Վարուժանն ասում է` արորդիների կարեւոր սկզբունքն է, որ անկախ դավանանքից բոլոր հայերը հավասար են եւ պետք է միասնական ու պայքարող լինեն. «Այսօր հայն իր դիմագիծը կորցրել է, դարեր շարունակ հայի կերպարն այլ է եղել, մեր նպատակն է պահպանել հայի տեսակը եւ փոխանցել սերունդներին»:

Ըստ քուրմի` արորդիների համար նախընտրելի է, որ իրենց անվանեն ցեղակրոններ, այլ ոչ թե հեթանոսներ, քանի որ իրենք նժդեհյան գաղափարների կրողներն են: Հեթանոսը հունարեն բառ է, որը նշանակում է էթնոս՝ ազգի տեսակ. «Ժամանակն է հեթանոս բառը փոխարինել հայկական տարբերակով՝ ցեղակրոն, որը նշանակում է կրել ցեղի որակական արժեքները: Վատ կամ լավ հայեր չեն լինում, հայը հենց որակական արժեք է»:

IMG_1625
Արորդիների կարեւոր սկզբունքն է, որ անկախ դավանանքից բոլոր հայերը հավասար են եւ պետք է միասնական ու պայքարող լինեն:

Նրա համոզմամբ՝ հայոց աշխարհում գրեթե երկու հազար տարի է` սերը վերացել է, կորցրել իր իրական արժեքը: «Արարատ աշխարհին պետք է վերադարձնել Աստղիկի սերը, հոգու սերը, որն ավելի արժեքավոր է: Մենք վերադարձնում ենք Արարատ աշխարհին սերը, հավատը սեփական ուժերի նկատմամբ: Դա անում ենք սեփական օրինակով՝ այդպես ապրելով»,- նշում է Վարուժան Աղաջանյանը:

Հայ ցեղակրոնները չեն ընդունում Հիսուս Քրիստոսին որպես իրենց աստված, քանի որ նա հրեա է` պատճառաբանելով, որ հայերն ունեն իրենց աստվածները՝ Վահագնը, Աստղիկը, Անահիտը, Միհրը, որոնց պետք է պաշտել եւ մեծարել:  Բացի Վարդավառից նրանք նշում են Նավասարդը՝ օգոստոսի 11-ին, մարտի 21-ին Վահագնի ծնունդը, դեկտեմբերի 22-ին Միհր աստծո տոնը, սեպտեմբերի 23-ին նախնյաց ոգիների հետ հաղորդակցվելու օրը: Այս բոլոր ծեսերը կատարվում են Գառնու տաճարում: Հեթանոսներն ունեն ուխտագնացությունների ընդարձակ շարան. գնում են ուխտագնացության այնտեղ, որտեղ եղել է Գարեգին Նժդեհը:

«Մենք ունենք քրիստոնյա, մուսուլման, կրիշնա եւ այլ դավանքնաների պատկանող հայեր, բայց բոլորն էլ առաջին հերթին հայ են: Նժդեհն ասել է՝ հարկավոր է ավելի շատ հայ լինել, քան մարդ լինել, մենք էլ ենք նույն սկզբունքով առաջնորդվում»,- պարզաբանում է քուրմ Վարուժանը` չցանկանալով անդրադառնալ Հայ առաքելական եկեղեցու հետ ունեցած հարաբերություններին եւ վերջիններիս վերաբերմունքին իրենց նկատմամբ, քանի որ դրան մեծ կարեւորություն չի տալիս:

Հայ-Արիական ցեղապաշտական կուսակցությունը (ՀԱՑԿ) գոյություն ունի 1993 թվականից, որի հիման վրա էլ ստեղծվել է Հայ-արիական ցեղապաշտական դաշինքը (ՀԱՑԴ): Սակայն միայն 1997-1998 թվականներին այս կառույցները պետական գրանցում ստացան: 2002-ին ստեղծվեց նոր կառույց՝ Հայ-Արիական Միաբանությունը, որը որդեգրել է Նժդեհյան ցեղակրոնությունը:  Ըստ Հայ Արորդաց Միության կայքում տեղադրված տվյալների՝ ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն համակիր եւ օժանդակ անդամներ ունեն Երեւան, Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Նոր-Հաճըն, Բյուրեղավան, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Ամասիա, Կապան, Սիսիան, Եղեգնաձոր, Գորիս եւ այլ քաղաքներում ու գյուղերում, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Լոռու եւ այլ մարզերում, նաեւ՝ Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Քաշաթաղի մարզ), Վրաստան (Ջավախք) եւ սփյուռքահայության մեջ (ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Կանադա, Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս, Մեծ Բրիտանիա, երմանիա, Շվեդիա, Իրան, Լիբանան, Սիրիա, եւ այլն): Ներկայում այս բոլոր կառույցները մտել են Հայ Արիական Միաբանության մեջ:

Տեքստի ու լուսանկարների հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *