Լեւոն Պարտագճյան. ես զգում եմ խտրականություն, ես ազատ չեմ զգում

Լեւոն Պարտակճյան.
Լեւոն Պարտագճյան. հետխորհրդյաին Հայաստանում մշակութային քրիստոնեություն կար, հոգեւոր քրիստոնեություն չկար:

Երեւանի ավետարանական եկեղեցին գործում է 1995 թվականից, մինչդեռ նրա հիմնադիր, Աստվածաբանության դեկտոր, վերապատվելի Լեւոն Պարտագճյանը Հայաստան է եկել 90-ականների սկզբին: Ասում է` դժվար ժամանակ եկավ ծառայելու հայրենիքին ու տեսավ, որ մարդկանց հոգիները սնունդի կարիք ունեն: Քսան տարի անց` նրան արգելեցին բարեգործությամբ զբաղվել, սակայն, դա հուսահատվելու պատճառ չդարձավ:

59-ամյա ավետարանական հովիվը ծնվել է Սիրիայում, աշխատել է Լիբանանում ու Սիրիայում, յոթանասունականների վերջին տեղափոխվել ԱՄՆ, որտեղ էլ բիզնեսին զուգահեռ կրոնագիտություն ու աստվածաբանություն է սովորել : Նրա դոկտորական ատենախոսությունը` «Մեթոդներ եւ ազդակներ, որ կըրնան զորացնել վկայությունը Հայ ժողովրդին» հետխորհրդային Հայաստանում հավատի առկայության յուրովի քննությունն է:

Ես դզող-փչող եմ մասնագիտությամբ, 40 տարի այդ գործին մեջ եմ, Սիրիայում բեռնատարներու, ավտոբուսներու մասնագետ եղած եմ, այնուհետ Ամերիկայում խանութ ունեցած եմ 25 աշխատողներով` մեծ մեքենաներու ամբողջական վերանորոգման: Աստիճանաբար երկրորդ գործս սկսած` անշարժ գույքի առեւտուր:

Բայց դա բիզնես է, իսկ իմ իրական առաքելությունս Աստծո` Քրիստոսի մասին պատմելն է:

Ես Հայաստան եկա այդ նույն առաքելության, երկրաշարժեն ետքը: Այն ատեն կարիքներեն մեկը, որ ես տեսա` մարդիկ աղքատ են, բան մը չունին, բուժման, ուտելիքի, հագնելիքի, հարյուրավոր երեխաների խնամակալությամբ զբաղվեցա: Խնամակալությունը ընդունված մեթոդ մըն էր այն ատեն, հետեւյալն է խնամակալության միտքը. մի ընտանիք կամ մի անձ հայկական սփյուռքեն կհովանավորի մեկ երեխայի, իսկ եթե բազմանդամ ընտանիք է, կրնա ըլլալ երկու երեխայի, մենք դրամ չէինք տալ, ես անձամբ խիստ էի, ուտելիք, հագուստ կտայինք, գոյատեւելուն համար ինչ-որ պետք է: Մինչեւ 16  տարեկան էր տեւում խնամակալությունը:

Նույն ատեն ես տեսա, որ ավելի կարեւոր կարիք կա, հոգեւորի կարիք, մարդիկ վակուումին մեջ հայտնվեցան, խորհրդային գաղափարախոսությունը փլվեց, ու նույնիսկ չափահաս մարդը, ասենք 50 տարեկան մարդը, տեսավ, որ իր սովորածը իրականություն չէր: Հոգեւոր ասելով` խոսում եմ հոգիի մասին, որ հավիտենական է, որ Աստված մեր մեջ դրավ, որ չի մեռնիր:

Տեսնում էի, որ մշակութային քրիստոնեություն կար Հայաստանում, այլ ոչ թե հոգեւոր քրիստոնեություն: Մեծ դատարկություն կար Հայաստանում իրական քրիստոնեական հավատքների, մարդիկ եկեղեցիներ կշինեին, մոմեր կվառեին, ծեսեր կընեին, ուխտեր կերթային, ծոմեր կպահեին, որ լավ էր, անխոս, բայց իրենց գիտցածը ադչափ էր: Չեմ ալ ուզում մեղադրեմ: Բայց ես, որ ավելի պատրաստված էի որպես աստվածաբան, տեսնում էի, որ իրենք ավելի հոգեւորի` հոգիի կարիք ունեն: Ու սկսեցի հոգեւորը տարածելուն համար ամեն բան ընել:

Կիրակնօրյա ծառայություն Երեւանի ավետարանական եկեղեցում:
Կիրակնօրյա ծառայություն Երեւանի ավետարանական եկեղեցում:

Անդամների քանակը նպատակ չէ

Մոդայիկ է դարձել` անդամներու թիվը բարձրաձայնելը, բայց ինձի համար սկզբունք է աստվածաշնչյան մոտեցումը անդամակցության: Ժամանակներ եղել են, մենք 10 000 մարդ անդամ ունեցած ենք: Բայց նորեն, քանի մեր նպատակը մարդկանց անդամ դարձնելը չէ, մեր նպատակը, մեր եկեղեցական առաքելությունը Քրիստոսը քարոզելն է, մարդիկը քրիստոնյա լինելն է: Հազարավոր անդամներ ունեցող եկեղեցի ենք մենք եղել, բայց անշուշտ այսօր այդքան մարդ չի այցելում մեր ծառայություններին, թեպետ ամեն կիրակի ծառայություն ունենում ենք:

15 տարի հոգեւոր քարոզ եթերից

Մենք նաեւ հեռուստատեսությամբ ենք հեռարձակում մեր քարոզները: 15 տարի է` մենք հեռուստաեթերում ենք: Ներկայում Էջմիածին քաղաքի հեռուստակայանում ենք աշխատում, Էջմիածնի շրջանային հեռուստակայանն է: Ամենասկզբում ԱՐՏ13-ն էր, հետո` ՀայԹիՎի-ն, Հորիզոնը, Երկիր մեդիան, բոլոր այդ դեցիմետրային ալիքները նախ մենք ենք օգտագործել, հիմքը դրել, այնուհետ չեն տրամադրել: Ես ալ պարտվող մարդ չեմ, միշտ ձեւ մը գտնում եմ: Էջմիածնի «Ավետիս» հեռուստաընկերության հեռարձակման լիցենզիան մինչեւ 2015 թվականն ունենք: Իհարկե, հեռարձակման տարածքը այնքան մեծ չէ, շատ մարդ չի կարողանում դիտել, մինչդեռ միակ կայան է, որ վայրագ բաներ չկան, պորնո չկա, գովազդ շատ չկա:

Տուփերով սերը խտրականության պատճառ

Երկու տարի առաջ բավական խնդիրներով անցանք. պետական մարմինները վարչապետի հրահանգով, կաթողիկոսի զադանիայով ուղղակի արգելեցին մեր բարեգործական ծրագրերը: Քանի որ ինչ-ինչ ձեւերով Հայ առաքելական եկեղեցու ենթակայության տակ է մարդասիրական օգնությունը, մեզ արգելեցին մեր ծրագիրն իրականացնել: Այդ ուղղված էր անձամբ Լեւոն Պարտագճյանի դեմ, նախանձի ֆակտորն էր: Նաեւ ծրագիրն ուզում էին զավթել, ու ջանասիրաբար աշխատանք էին տանում, բայց ես դոնորներուն տեղեկացրի այս մասին, որ ծրագիրն իրենց չփոխանցեն:

Ես խտրականություն եմ զգում Լեւոն Պարտակճյանի անձի նկատմամբ, ես ազատ չեմ զգում, լիարժեք մարդ չեմ զգում:
Ես խտրականություն եմ զգում Լեւոն Պարտագճյանի անձի նկատմամբ, ես ազատ չեմ զգում, լիարժեք մարդ չեմ զգում:

18 տարի առաջ Քարոլին Քոքսը ինձ մի երիտասարդի հետ ծանոթացրեց, Դեյվիդ Քուքը, որը Սերբիայի պատերազմի ժամանակ կոշիկներու տուփեր է գնում ու դոնորներին է դիմում, որ դրանք լցնեն, մեկը բեռնատար է տալիս, ու տուպերը նվիրում են երեխաներին: 1996-ին 63000 տուփ Հայաստան բերվեց աշխարհի մասշտաբով 1 միլլիոն տուփերից: Գաղափարն այն է, որ մի անձ համապատասխան չափանիշներով տուփը լցնում է ու ուղարկում է մեկ այլ երեխայի աշխարհի մյուս երկրում: Գաղափարը` սերը տուփում, քանի որ մարդիկ իրենց սերն են ավելի շատ փոխանցում, քան ապրանքները: Ունիկալ ծրագիր էր, այսպես ծրագիր չէր եղած:

2008-են կառավարությունը սկսեց դեմ լինելը, ու 2009-ին արդեն արգելեցին, ես կըսեի` աս ծրագիրը ինձի համար չէ, երեխաների համար է, վերջը տեսանք, որ մայր եկեղեցու կողմեն նպատակը ծրագիրը ինձմե գողնալն է: Բայց նախ դոնորները չհամաձայնեցին, քանի որ երրորդ անձ չէր կարող մտնել պայմանագրի մեջ, ու իրենք տեսան, որ չեն կրնա մաս ունենալ ու մեզ էլ արգելեցան: Դատարանը վերեւուն ինչ կհրահանգեն, այն էլ կորոշի: Մենք ալ կառավարությանը դատի տված էինք [ԽԱ — որոշումը կայացնում է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի]: Ծրագիրը տարեկան 2 մլն դոլարի բարեգործություն էր անում:

Ես զգում եմ խտրականութուն Լեւոն Պարտագճյանի անձի նկատմամբ, ես ազատ չեմ զգում, լիարժեք մարդ չեմ զգում: Թե Սիրիայի մեջ, թե Լիբանանի, թե Ամերիկայի մեջ ես լիարժեք հայ էի ինձ զգում, բայց հոս որ եկա, փառք աստծո այս նախագահի միջոցով քաղաքացիություն ձեռք բերեցի, բայց որ ինձ հայ չեմ զգում, լիարժեք մարդ, ցավոք, նախանձում են մարդիկ, որ իրենց մեջ ես ու փորձում ես լավ բաներ անել:

 

Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ, կառավարության Վարկային եւ մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ Սիմոն Տեր-Սիմոնյանի` «Խղճի ազատություն» կայքին տված մեկնաբանության համաձայն` Լեւոն Պարտագճյանի` կառավարությանն ուղղված մեղադրանքները հերյուրանքներ են.

«Ստախոսում է ինքը: Նախ, ես միանձնյա չեմ այդ որոշումը կայացրել, այդ որոշումը կայացնում է հանձնաժողովը, որի կազմում են գտնվում նաեւ 10 մեծ հասարակական կազմակերպություններ, այդ թվում եւ Հայ ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչը, որն այն ժամանակ վերապատվելի Ռընե Լեւոնյանն էր»:

Պարզաբանելով, թե ինչու է «Նվերներ Հայաստանի երեխաներին»` Կոշիկի տուփ ծրագիրը, որը որպես բարեգործական գործել է 1990-ականներից, ոչ բարեգործական որակվել միայն 2009-ին, Տեր-Սիմոնյանը նշեց. «Կապ չունի թե երբվանից է այն իրականացվել, դրա մասին որոշում կայացվել է այն ժամանակ, երբ իր ներկայացմամբ ու դիմումով քննվել է հանձնաժողովում»:

Կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանի` «Խղճի ազատություն» կայքին տրված մեկնաբանության համաձայն` Լեւոն Պարտագճյանը դիմել է նաեւ իրենց վարչություն, բայց իրենք նշել են, որ «որոշումն օրինական է»:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի մամուլի քարտուղար Վահրամ քահանա Մելիքյանին՝ «Խղճի ազատությունից» ուղարկված հարցումներն ու զանգերը մեկնաբանություն ստանալու համար մնացին անպատասխան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *