Ամառը «Շիին Շողիկ» ճամբարում

«Շին Շողիկ» ճամբարը ամեն տարի հարյուրավոր երեխաներ, պատանիներ ու երիտասարդներ է ընդունում:
«Շին Շողիկ» ճամբարը ամեն տարի հարյուրավոր երեխաներ, պատանիներ ու երիտասարդներ է ընդունում:

2013 թվականի հուլիսին Հայաստանյայց ավետարանական եկեղեցու հովիվ Արմեն Միքայելյանն ու «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը ասուլիսի ժամանակ անդրադարձել էին Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում անցած տարի սեռական դաստիարակության վերաբերյալ դասընթացին, քննադատելով այն ու նշելով , որ այդ դասընթացների անվան տակ ցուցադրվել են «պոռնոֆիլմեր, կանանց եւ տղամարդկանց մերկ մարմիններ»:

Հարցի վերաբերյալ Միքայելյանը անգամ դիմում էր ներկայացրել Արդարադատության նախարարություն, որտեղ վարույթ էր իրականացվել: Նախարարության որոշման` mardik.am կայքում հրապարակված կրկնօրինակում դասընթացի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել այն անցկացրած բժիշկ-սեքսապոթոլոգ Վրեժ Շահրամանյանը.

«Ծրագիրը մշակվել է մասնագետների` սեքսապաթոլոգների եւ նախատեսված է դեռահասների, պատանիների եւ երիտասարդների համար` անկախ սեռերի տարբերությունից»:

«Պարզապես դասընթացն ուղեկցվել է համապատասխան սլայդներով, որոնք ավելի հետաքրքրիր են դարձնում դասախոսությունը և հեշտացնում    նյութի ընկալումը: Եթե սլայդներում պատկերված է նյութի սեղմ խոսքը, որն իր հերթին ուղեկցվում է մուլտիպլիկիացիոն սլայդներով, ինչ պոռնոֆիլմերի կամ տղամարդու մերկ մարմնի մասին է խոսքը»,- mardik.am-ին հավելյալ պարզաբանումներ է տվել Շահրամանյանը:

Ճամբարի մասնակիցները շարքով գնում եմ ճաշարան:
Ճամբարի մասնակիցները շարքով գնում են ճաշարան:

Դասընթացի վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ պարզաբանում էին ներկայացրել նաեւ Հայաստանյայց ավետարանական եկեղեցու ավագ հովիվ Մկրտիչ Մելքոնյանն ու Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը` ընդգծելով, որ ասուլիսին տրամադրված ինֆորմացիան ապատեղեկատվություն է: 

Ըստ հաղորդագրության` սեմինարին մասնակցել են 250-ից ավելի երիտասարդներ եւ 16 տարեկանից բարձր մի քանի պատանիներ: Սեմինարն արժանացել է մասնակիցների շնորհակալությանը, բացառությամբ Արագածոտնի մարզի մի քանի երիտասարդների:

Դահլիճի ժամ «Շիին Շողիկ» ճամբարում:
Դահլիճի ժամ «Շիին Շողիկ» ճամբարում:

«Սեմինարի ժամանակ դիդակտիկ նյութեր չեն օգտագործվել, բացառությամբ մի քանի ոչ էրոտիկ բնույթ կրող գծանկարների:  Սեմինարին մասնակցությունը եղել է ոչ պարտադիր և ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ ելումուտի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Խղճի ազատության թղթակիցը անցած ուրբաթ այցելեց «Շիին Շողիկ» (Շեն Շողիկ) ճամբար:

Հայաստանյայց ավետարանական եկեղեցու Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում դահլիճի ժամն է: 13-16 տարեկան ավելի քան 170 պատանիներ աղոթում են երաժշտության ներքո, այնուհետ սկսում են ներկայացումներ դիտել:

Ներկայացումներից առաջինը Վարդանիկի մասին է, ով բազմազավակ ընտանիքի վերջին երեխան է ու որոշում է ինքնասպանություն գործել ուշադրության արժանանալու համար, սակայն վերջում հասկանում է, որ ինքը, ինչպես ամեն ոք, յուրահատուկ է ու իր բաժին սիրուն է արժանանում:

Այնուհետ բեմ է բարձրանում ճամբարի պատանեկան հերթափոխի ղեկավարը` Գրիգոր Վարդանյանը, ու պատանիների հետ երկխոսության միջոցով ու դահլիճից հրավիրված մասնակիցների օգնությամբ հաշվում է` ինչի վրա են ծախսում իրենց կյանքի ժամանակը մարդիկ.

Պատանեկան ճամբարի ղեկավար Գրիգոր Վարդանյանն ու ճամբարի մասնակիցները հաշվում են, թե ինչի վրա են իրենց կյանքի ժամանակը ծախսում մարդիկ:
Պատանեկան ճամբարի ղեկավար Գրիգոր Վարդանյանն ու ճամբարի մասնակիցները հաշվում են, թե ինչի վրա են իրենց կյանքի ժամանակը ծախսում մարդիկ:

«Ես ուզում եմ, որ դուք ձեր կյանքի մեջ մեկ ժամ օգտագործեք հնարավորությունն ու այս կյանքից ձեզ համար քաղեք լավագույնը` մեկ ժամով մեկ անգամ գնաք եկեղեցի Աստծո խոսքը լսելու, ու եթե ամեն կիրակի մեկ ժամով գնաք, ընդամենը վեց ամիս կլինի ձեր ապրած ութսուն տարիների մեջ»:

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղն ու Հայաստանյայց ավետարանական եկեղեցին համատեղ ամառային ճամբարներ են կազմակերպում 1994 թվականից:

Այս տարի ճամբարը հյուրընկալել է ավելի քան 1600 մասնակիցների, այդ թվում սիրիահայ ընտանիքների երեք տարիքային խմբերում`  մանկական` 8-12 տարեկան, պատանեկան` 13-16 տարեկան, երիտասարդ 17-30 տարեկան: Մանուկները ճամբարում անցկացնում են 7 օր, պատանիները` 5, իսկ երիտասարդները` 4 օր:

Ընկերակցությունում նշում են, որ ճամբար հաճախում են անապահով ընտանիքների երեխաներ եւ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագրերում ընդգրկված երեխաները:

Ճամբարին նախապատրաստվում են ավելի վաղ` 4 ամիս առաջ սկսում են կազմել ծրագիրը, խաղերի ու սպորտային մրցումների համար անհրաժեշտ պարագաներ գնում, սննդի ու մթերքների գնման պայմանագրեր կնքում:

Դահլիճի ներկայացումները շարունակվում են միչեւ ազատ ժամը, որի ընթացքում երեխաները լվացվում են, լոգանք ընդունում, հագուստները փոխում, ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, խաղում:

Ճամբարում ճաշի ժամն է:
Ճամբարում ճաշի ժամն է:

14:30-ի ճաշն Է:

Ճամբարի մասնակիցները ճաշարան գնում են շարքերով, նախ աղոթում են նախասրահում, այնուհետ նստում յուրաքանչյուր խումբ իրենց համար նախատեսված սեղանի շուրջ, մինչ առաջնորդը յուրաքանչյուրին ճաշ է է լցնում: Ուրբաթ ճաշացանկում տոլմա է ու սպաս, հյութ, աղանդերին` դեղձ:

«Ճաշը ամեն օր անցնում է ուրախ-զվարթ, խոսք ու զրույցով, ոչ թե սովետի ժամանակների նման` կագդա յա յեմ, յա գլուխ ի նեմ դրվածքով»,- ասում է  ղեկավար Գրիգոր Վարդանյանը:

«Երեխաները այստեղից իրենց հետ տանում են երկու բան` քրիստոնեական դաստիարակություն ու հայրենասիրություն: Մենք սովորեցնում ենք պաշտել սուրբ երրորդություն` հայր, որդի եւ սուրբ հոգի»:

«Ծրագրի մեջ ընդամենը մեկ ժամ է նախատեսված աստվածաշնչյան դասերին, մնացած ողջ օրը մենք երեխաների համար ապահովում ենք ակտիվ հանգիստ: Մենք չենք բերում երեխաներին, որ փոխենք նրանց: Սա նորմալ, սովորական ճամբար է»,- հավելում է նա:

Ազատ ժամին պատանիները ֆուտբոլ են խաղում «Շիին Շողիկ» ճամբարում:
Ազատ ժամին պատանիները ֆուտբոլ են խաղում «Շիին Շողիկ» ճամբարում:

Աստվածաշնչյան դասերը լինում են առավոտյան նախաճաշից հետո` 10:30-11:30-ը, օրվա ընթացքում զգալի ժամանակ ճամբարի մասնակիցներն անցկացնում են դահլիճում` ներկայացումներ դիտելով ու դրսում` խաղալով ու մարզվելով:

Պատանիները ազատ ժամին ֆուտբոլով, վոլեյբոլով, բասկետբոլով ու սպորտային այլ խաղերով են զբաղվում:
Պատանիները ազատ ժամին ֆուտբոլով, վոլեյբոլով, բասկետբոլով ու սպորտային այլ խաղերով են զբաղվում:

Ճաշից հետո մրցութային խաղեր են լինում, բանավեճեր, ինտելեկտուալ հարցեր-պատասխաններ:

Իսկ ճաշից առաջ ու ընթրիքից հետո դահլիճում անցկացրած ժամերին բեմականացված ներկայացումները բովանդակային առումով Աստծո ու աստվածաշնչյան թեմաներով են, հինգ օրերից մեկ օրն էլ, ինչպես նշում են ճամբարում, նվիրվում է հայրենասիրությանը:

Երեւանի բնակիչ 17-ամյա Էդիկ Մարկոսյանը երկրորդ անգամ է «Շիին Շողիկ» ճամբարում, անցած տարվա այցելությունից հետո անհամբեր սպասում էր այս տարվան: Ճամբարում երկորդ օրն է ու ջանում է «սովորել, ընկալել լսած ու տեսած ամեն խոսք».

«Մեզ Աստծո խոսքն են սովորեցնում: Ով ինչ ասում է` պետք է քաղես, տպավորես քո մտքում, որ հետագայում քո երեխաներին փոխանցես: Ամենակարեւորը մարդկությանը պիտանի լինելն է»:

Էդիկ
Էդիկ Մարկոսյանը իր խմբի ընկերների հետ:

Պատանիների ճամբարի ղեկավարի խոսքով ճամբարի առանձնահատկությունն այն է, որ առաջնորդները ջանում են իրենց վարքով երեխաներին օրինակ ծառայել. «Երեք տարի առաջ մի դեպք եղավ, մենք սենյակների մաքրության համար թղթեր ունենք, որոնց վրա առաջնորդները թվանշան են դնում ըստ մաքրության մակարդակի: Տղաների մի խումբ կար, որոնք ցածր ստացան մաքրության ու սենյակում կարգուկանոնի համար: Երկրորդ օրը առաջնորդը եկավ ու ասեց, որ այս խումբը սենյակը չի մաքրել, այլ ավելի է խառնել, կեղտոտել, խառնել»:

«Մենք ռեզերվների (մարդիկ, որոնք օգնում են անհրաժեշտության ժամանակ) հետ իրենց սենյակը դասավորեցինք ու կարգի հրավիրեցինք, տեսագրեցինք այս ամենը ու ցույց տվեցինք երեկոյան դահլիճում: Մի քանի տարի անց տղաներից մեկն ինձ բանակից գրում է` Ես ոչինչ չեմ հիշում, ձեր տված դասերը, մեր սովորածը, միայն հիշում ենք ձեր վերաբերմունքը, ասել կուզեմ, մենք պետք է միշտ լավ օրինակ ծառայենք»,- եզրափակում է Վարդանյանը:

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի արտաքին կապերի պատասխանատու Լուսինե Օհանյանի խոսքերով` իրենք կարեւորում են երեխաների կարծիքն ու հարցաթերթիկների ու հարցազրույցների միջոցով փորձում են պատկերացում կազմել դրա մասին.

Մարիա Մարտիրոսյանն ու Մարիամ Մելիքսեթյանը ճամբարում ծանոթանում են Աստծո խոսքին:
Մարիա Մարտիրոսյանն ու Մարիամ Մելիքսեթյանը ճամբարում ծանոթանում են Աստծո խոսքին:

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամենաշատը, որ երեխաները իրենց հետ տանում են` ընկերասիրությունն է, ընկերներ ձեռք բերելն է, թիմի կարեւորությունը հասկանալն է, այստեղ գալիս են անհատապես, գնում են` ընկերներ ձեռք բերած, միասնական»:

Արտաշատից Մարիա Մարտիրոսյանն ու Երեւանից Մարիամ Մելիքսեթյանը  հասցրել են ընկերանալ: Երկուսն էլ ճամբարում անցկացրած երկու օրվա ընթացքում մի բան են հասկացել` «Աստված իրենց շատ է սիրում»:

Մարիամ Մելիքսեթյանը 7-րդ անգամ է ճամբարում, 7 տարեկանից ամեն ամառ այստեղ է եղել.

«Մենք այստեղ ավելի շատ ենք իմանում Աստծո մասին, ավելի շատ ենք իմանում, թե Աստված ինչ հզորություն ունի, ինչպես է բժշկում, ավելի շատ ընկերներ ենք ձեռք բերում»:

«Ես շատ եմ ուզում այստեղ գալ, որ ավելի շատ Աստծուն փառաբանեմ: Շատ եմ ուզում դառնալ առաջնորդ ու երեխաներին սովորեցնեմ, որ Աստված ավելի հզոր է ու կատարյալ, իսկ առաջնորդ դառնալու համար պետք է լավ իմանալ Աստծու մասին»:

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *