Կոմիտաս վարդապետի ասուլիսից հետո. Պարտագճյանի վրա հարձակումը հրահրվա՞ծ էր

Լեւոն Պարտագճյան
Լեւոն Պարտագճյան

Մինչ Միացյալ երիտասարդական լիգան հետաքննությունն է անցկացնում` հայտնաբերելու Հայաստան նոր մուտք գործած, իրենց գնահատմամբ, վտանգավոր կրոնական կազմակերպությունը, հարձակում են գործել մեկ այլ կրոնական կազմակերպության վրա:

Religions.am կայքի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 11-ին ու 13-ին հարձակումներ են գործել Երեւանի Ավետարանական եկեղեցու հովիվ Լեւոն Պարտագճյանի եւ նրա քարտուղարուհի Ժուդի Մուսայի վրա, բայց, բարեբախտաբար, Պարտագճյանը գրասենյակում չի եղել, իսկ քարտուղարուհին կարողացել է փախչել:

Կայքը միջադեպերը կապել էր Մայր Աթոռ Էջմիածնի Հայորդաց  Տների համակարգող Կոմիտաս վարդապետ Հովնանյանի սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հնչեցրած կոչերին: «Կոմիտաս վարդապետ Հովնանյանի ելույթից հետո տեղի են ունեցել հարձագումներ Երևանի Ավետարանական եկեղեցու անդամների վրա»,- անդրադարձը վերնագրել էր religions.am-ը:

Սեպտեմբերի 9-ին Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ու Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը հայտարարել էին, որ Հայաստան է մուտք գործել «Քրիստոնեական միջազգային ընտանիք» կրոնական կազմակերպությունը, որն, ըստ բանախոսների, քարոզում է սեռական հարաբերություններ ընտանիքի արյունակցական կապ ունեցող անդամների միջեւ՝ քույր-եղբայր, հայր/մայր-զավակներ, ինչպես նաեւ մանկապղծություն:

Կոմիտաս վարդապետ Հովնանյան
Կոմիտաս վարդապետ Հովնանյան. պետք է միասնական պայքար մղել աղանդների դեմ: Լուսանկարը՝ PanarmenianPhoto-ի:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ասուլիսին կոչ էր արել մասնավորապես միասնական պայքար մղել Հայաստանում գործող գրանցված ու չգրանցված 215 կրոնական կազմակերպությունների դեմ, քանի որ դրանք սասանում են պետության միասնականությունը:

«Խղճի ազատության» հետ զրույցում Սեւակ Հովհաննիսյանը ասաց, թե «Քրիստոնեական միջազգային ընտանիքը» կանանց միջոցով սրճարաններում ու հանրային վայրերում գրավում է տղաներին ու փորձում հրավիրել իրենց հանդիպումներին .

«Հետո էլ իրենց բարեկամներին են հրավիրում: Ինձ հետ էլ նույնը փորձեցին անել, երբ ես սրճարանում լսեցի «Քրիստոնեական միջազգային ընտանիք» անվանումը, կասկած առաջացավ ու մոտեցա այդ մարդկանց»:

«Մեր կազմակերպությունը հակաղանդավորական գործունեությանբ է նաեւ զբաղվում, դրա համար անվանումը ինձ ծանոթ էր, մոտեցա, սակայն ինձ չեն կարող գրավել, քանի որ գիտեմ, ինչով են իրենք զբաղվում»,- հավելեց Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրենք հիմա հետաքննություն են անցկացնում պարզելու, որքանով «Քրիստոնեական միջազգային ընտանիք»-ը տարածված Հայաստանում:

Ասուլիսին նշվել էր, որ կազմակերպությունը Հայաստան է եկել Ուկրաինայից ու արդեն 10 անդամ ունի, որոնք գործում են Երեւանում ու Արտաշատում:

«Քանի որ մեր ասուլիսից հետո հրապարակված հոդվածների ներքո ֆեյսբուքի որոշ օգտատերեր հերքում էին, որ նման աղանդ կա, հնարավոր է, որ արդեն 10-ից ավելի շատ են նրանց անդամները, ու մենք հիմա պարզում ենք, ովքեր են ու էլ ինչ են անում»,- նշեց Հովհաննիսյանը:

«Քրիստոնեական միջազգային ընտանիք» կազմակերպությունը, որը Վիքիպեդիայի հրապարկման համաձայն, հաճախ որպես պաշտամունք (կուլտ) է ընկալվում, հիմնադրել է Դեյվիթ Բերգը 1968-ին: Կազմակերպության դեմ բազմաթիվ դատական գործեն են եղել,  մեղադրել են կազմակերպությանը երեխաներին սեռական ոտնձգությունների ենթարկելու մեջ:

Թեպետ կազմակերպությունը բազմիցս հերքել է իրենց նկատմամբ հնչող մեղադրանքները, ըստ Վիքիպեդիայի, 2005-ին նրանց մամուլի քարտուղարը Քլեր Բորովիկը (Claire Borowik) հայտարարել էր, որ մինչեւ 1986 թվականը իրենց հրապարակած գրականության մեջ մեծահասակների ու երեխաների միջեւ սեռական հարաբերությունների արգելքի մասին հստակ չնշելը «թույլ է տվել եզրակացնել, որ 1978-1986 թվականներին՝ իրենց շարժման անցումային փուլում, եղել են դեպքեր, երբ երեխաները ենթարկվել են սեռական անհամապատասխան վարքի»:

Գոյություն ունեն նաեւ «Քրիստոնեական միջազգային ընտանիքի» դեմ գործող բազմաթիվ խմբեր ու միություններից, որոնցից մեկը հրապարկել է կազմակերպության ներկա ղեկավար Քերն Զերբիի որդու` ինքնասպանություն գործած Ռիքի Ռոդրիգեսի պատմությունը:

Ավետիք Իշխանյան. կրոնական կազմակերպությունների դեմ կոչերը կարող են հարձակումների պատճառ դառնալ:
Ավետիք Իշխանյան. կրոնական կազմակերպությունների դեմ կոչերը կարող են հարձակումների պատճառ դառնալ:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, ով թեպետ տեղեկություններ չունի, արդյոք այդ կազմակերպությունը իսկապես Հայաստանում գործում է, թե ոչ, նշեց, որ դրանց մասին ասուլիսներին հայտարարելը կարող է կրոնական մյուս կազմակերպությունների դեմ լարել հասարակության որոշ հատվածների.

«Եթե նույնիսկ այդ կազմակերպությունը վտանգավոր է, համենայն դեպս դա օգտագործվում է ընդհանրապես բոլոր կրոնական կազամկերպությունները վարկաբեկելու համար, կրոնական փորքամասնությունների վրա հարձակումների համար»:

«Դա կարող է բերել մնացած բոլոր կրոնական կազմակերպությունների նկատմամբ ջարդերի: Եթե այս կազմակերպությունը չլինի, մի այլ բան կհորինեն, որ կրոնական մյուս կազմակերպությունների վրա հարձակվեն: Իսկ եթե իսկապես կոնկրետ դեպքեր կան օրենքով արգելված գործողությունների, պետք է դիմել իրավապահ մարմիններին»,- հավելեց Իշխանյանը:

Երեւանի ավետարանական եկեղեցու վրա հարձակումներին «Խղճի ազատությունը» կանդրադառնա առանձին հրապարակմամբ՝ եկեղեցու հովիվի Լեւոն Պարտագճյանից ու Կոմիտաս վարդապետ Հովնանյանից վերցված մեկնաբանություններով, քանի որ այս պահին նրանց հետ կապ հաստատել չի հաջողվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *