Թեժանում է կրոնական անհանդուրժողականությունը

Երիտասարդական որոշ կազմակերպություններ շարունակական պայքար են մղում կրոնական կազմակերպությունների դեմ:
Երիտասարդական որոշ կազմակերպություններ շարունակական պայքար են մղում կրոնական կազմակերպությունների դեմ:

Աշունը հայաստանյան կրոնական կազմակերպությունների դեմ ստորագրահավաքներով, պայքարի կոչերով, անգամ հարձակումներով սկսվեց, ինչը փորձագետները վտանագավոր են գնահատում:

Դեռ սեպտեմբերի սկզբին կորնական կազմակերպությունների դեմ ելույթներում խոսվել էր, թե արեւմուտքում որոշ բացասական համբավ ունեցող «Քրիստոնեական միջազգային ընտանիք» կազմակերպությունը Հայաստան է եկել եւ կոչեր էին եղել կրոնական կազմակերպությունների դեմ պայքարի անհրաժեշտության մասին:

Ամսվա վերջին արդեն` սեպտեմբերի 19-ին, առաջին հայտարարության հեղինակ «Միացյալ երիտասարդական լիգա» կազմակերպությունը եւ «Մենք» երիտասարդական շարժումը Երեւանի Հյուսիսային պողոտայում ստորագրահավաք էին նախաձեռնել Հայաստանում գործող «քայքայիչ աղանդների դեմ»՝ տեղեկացնում է nyut.am-ը:

Նրանք իրենց կոչերում ասում են՝ «վերջին տարիներին ՀՀ-ում արագ ճյուղեր գցող քայքայիչ աղանդների գործունեությունը, որը կանխամտածված հանցագործություն է հայ ազգի եւ հայ տեսակի դեմ» եւ հետեւյալ պահանջը դնում կառավարությանը՝ «անհապաղ ձեռք առնել միջոցառումներ Հայաստանում գործող աղանդների գործունեությունը ուսումնասիրելու, օրինազանց կրոնական կազմակերպությունների գործունեությունը դադարեցնելու եւ հանցագործ տարրերի հանդեպ հետաքննություն սկսելու համար»:

Մասնավորապես, կառավարությունից պահանջել էին դադարեցնել «Խորան» միջազգային քրիստոնեական եկեղեցի, «Կյանքի խոսք», «Ռեմա», «Եհովայի վկաներ», «Մեծ Շնորհք» կազմակերպությունների գործունեությունը:

Այս կազմակերպություններից երկուսը՝ «Խորանը» եւ «Մեծ շնորհքը», գրանցված չեն, մյուսները Հայաստանում գրանցում ունեցող 65 կազմակերպությունների շարքում են:

Վարդան Ասցատրյան. օրենսդրության մեջ քայքայիչ տերմին չկա: Լուսանկարը՝ ֆոտոլուրի:
Վարդան Ասցատրյան. օրենսդրության մեջ «քայքայիչ» տերմին չկա: Լուսանկարը՝ ֆոտոլուրի:

Կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը նշում է, որ «Միացյալ երիտասարդական լիգայի» եւ «Մենք» երիտասարդական շարժման նախաձեռնած ստորագրահավաքի պահանջագիրը չեն ստացել, միաժամանակ հավելում, որ Հայաստանի օրենսդրության մեջ «քայքայիչ աղանդ» տերմին գոյությու չունի:

«Այսօրվա օրնեսդրությունը չի կարող հետապնդում ենթադրել քայքայիչ կամ վտանգավոր բեռերի հիման վրա, նման պնդումներ անող կազմակերպությունները պետք է պարզաբանեն, ինչ նկատի ունեն, ու եթե կրոնական կազմակերպությունների գործունեությունը ներառում է այնպիսի բաներ, որ օրենքում արձանագրված են որպես իրավախախտում, պատասխանատու մարմինները քայլեր կձեռնարկեն»,- ասում է Ասցատրյանը:

Նա նաեւ հավելում է, որ հասարակության այն հատվածները, ովքեր իսկապես վտանգ են տեսնում այս կամ այն կրոնական կազմակերպության գործունեության մեջ, կարող են օրենսդրական նախաձեռնություներով հանդես գալ:

Մինչդեռ, իրավապաշտպաններն ու կրոնական կազմակերպություններիր ներկայացուցիչներն ահազանգում են, որ նման պահանջներն ու կոչերը ավելի շատ են թշնամանք սերմանում ազգի ներսում ու ատելության մթնոլորտ ստեղծում, քան կրոնական կազմակերպությունները:

Սեպտեմբերի 25-ին ծեծի է ենթարկվել «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը՝ հաղորդում է news.am-ը: Նշելով, որ իրեն մտադիր էին պարզապես վախեցնել՝ Աղաջանյանը պատմել է, որ խանութ գնալիս իրեն են մոտեցել 4 հոգի. «Սկսեցին վախեցնել, ասում էին` էլ «Կյանքի խոսքի» մասին չխոսաս, չգրես, թե չէ վերջդ լավ չի լինի: Լավ տղա ես, գնա եհովայականների դեմ պայքարի, մենք աղանդ չենք»:

Լեւոն Պարտագճյան. մեդիան մոնոպոլիա է:
Լեւոն Պարտագճյան. մեդիան մոնոպոլիա է իրենց համար:

Երեւանի ավետարանական եկեղեցու հովիվ Լեւոն Պարտագճյանի գրասենյակի, օգնականի ու մեքենայի վրա երեք առանձին հարձակում է արդեն արձանագրվել սեպտեմբերի 11-ին, 13-ին եւ 18-ին համապատասխանաբար: Դրանք Պարտագճյանը, թեպետ ուղղակիորեն չի պայմանավորում սեպտեմբերի 9-ին ասուլիսի ժամանակ Հայ առաքելական եկեղեցու հովիվ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի` երկրում գործող կրոնական կազմակերպությունների դեմ պայքարի կոչով, բայցեւայնպես չի բացառում դրա ազդեցությունը:

«Մամուլը մոնոպոլիա եղած է իրենց, միայն իրենց կհրավիրեն,- ասում է Պարտագճյանը: – Այս տեսանկյունեն, այդ հաղորդումները, ոչ միայն այն, որ Կոմիտաս վարդապետին հրավիրած էր, այլ բոլորը, ինքնին ատելություն են սերմանում, մանավանդ, եթե հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներն են խոսում»:

Պարտագճյանը չի բացառում, որ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի բարձրաձայնած խնդիրներից ոմանց առիթով մտահոգվել է պետք, սակայն նշում է, որ խնդիրներն այդպես բարձրաձայնելու մոտեցումն է սխալ:

«Նախ նա ասում է, որ 215 կրոնական ուղղություն կա, կես միլիարդ դոլար են Հայաստան ուղարկում, որտեղից է հանում այդ տեղեկությունները: Հետո՝ ինչու ընդհանրացնում ես, թե ամենը այդպես կընեն, պետությունը կքայքայեն, բայց չէ որ մենք զինվոր ենք պատրաստում, նախագահի համար ենք աղոթում»,- ասում է Պարտագճյանը՝ հավելելով, որ նման հայտարարությունները խաթարում են իրենց կրոնական համայնքի կյանքը:

«Կոմիտաս վարդապետը կոչ է անում ժողովրդին, որ զգուշանան ամենեն, նորեն ընդհանրացնում է, բայց ամենեն շատը ինձի կանհանգստացնե այն, որ պետությանն է կոչ անում, որ միջոցներ ձեռնարկվեն եկեղեցիների դեմ: Այսքանեն ետք ես կըրնամ ըսել, որ այո, մեր դեմ հարձակումները կըրնա ըլլալ վարդապետի խոսքի ազդեցության  հետեւանք»:

Լեւոն Պարտագճյանը երեք միջադեպերի առնչությամբ էլ դիմել էր ոստիկանություն, սակայն, գործերից որեւէ մեկի քնություննը դեռ չի ավարտվել:

Կոմիտաս վարդապետ Հովնանյան: Լուսանկարը՝ PanarmenianPhoto-ի:
Կոմիտաս վարդապետ Հովնանյան. հարձակումների մասին հայտարարությունները իմ դեմ ուղղված քայլեր են: Լուսանկարը՝ PanarmenianPhoto-ի:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, Պարտագճյանի դեմ հարձակումների ու դրանք իր ելույթի հետ կապելու վերաբերյալ տեղեկությունները մեկնաբանել էր ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ Հայաստանը «խեղդում են մարդու իրավունք, խոսքի ազատություն սրբազան գաղափարներն օգտագործելով».

«Պարզ երեւում է մեկ բան, որ «ճշմարտախոսներն» արդեն հալածյալի կերպար են ձեւավորում, սակայն ու՞մ համար, դեռ պարզ չէ, սա միայն նախաբանն է, բուն սիմֆոնիան հնչելու է ավելի ուշ»:

Այնուհետ, «Խղճի ազատության» հետ զրույցում Կոմիտաս վարդապետն ասել էր, որ հարձակումների մասին հայտարարությունները պարզապես «իր դեմ ուղղված առաջին կոնկրետ քայլն է».

«Քանի որ չորս տարուց ավելի անընդհատ խոսում եմ բոլոր այն երեւույթների դեմ, որոնք քայքայում են մեր բարքերն ու բարոյականությունը։ Եվ հանկարծ այդ ոչ ճիշտ ինֆորմացիան… Եթե այդպես լիներ ուրեմն չորս տարվա ընթացքում անընդհատ նման երեւույթների ականատեսն էինք լինելու…»:

Վարդապետի` Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների՝ տարեկան մոտ կես միլիարդ դոլար գումար ստանալու առնչությաբ «Համագործակցության հանուն ժողովրդավարության» կենտրոնը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ հետաքննելու եւ պարզելու, արդյոք Հայաստան նման միջոցներ են ուղարկվել, իսկ եթե ոչ` Քրեական օրենսգրքի 226 հոդվածով քրական գործ հարուցվի՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով կրոնական թշնամանք հրահրելու համար:

Հատկանշական է, որ ֆեյսբուքյան իր էջում Կոմիտաս վարդապետը անդրադարձել է իր հաղորդած տեղեկություններին՝ նշելով, որ religions.am կայքի հրապարկմամբ, որտեղ առաջին անգամ վարդապետի հայտարարությունները կապել էին Պարտագճյանի նշած հարձակուների հետ, «ցանկանում են սենսացիոն ֆիլմի սյուժե ձեւավորել»:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *