«Կյանքի խոսք»-ի բողոքը ընդդեմ «Իրավունքի» Եվրադատարանում

Արա Ղազարյանը ասում է, որ «Իրավունքը» բացարձակապես որևէ փաստ չունենալով վիրավորական բնույթի եզրահանգում է կատարել: Խախտումն ակնհայտ է: լուս. hetq.am-ի
Արա Ղազարյանը. Նման վճիռների կայացումը կանաչ լույս է մամուլում ատելության եւ բռնության քարոզի տարածման համար: Լուս. hetq.am-ի

Վիրավորանքի եւ զրպարտության հոդվածով «Իրավունք» թերթի հետ դատական վեճ ունեցող «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, «Խղճի ազատությանը» տեղեկացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ, տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանը:

«Կյանքի խոսքը» վիճարկում է «Իրավունք» թերթում տպագրված` «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով» հոդվածը, որտեղ «Իրավունքը» կրոնական կազմկերպությանը մեղադրում է մանկապղծության, պոռնոգրաֆիա տարածելու մեջ: «Կյանքի խոսքը» վիրավորանք եւ զրպարտություն է համարում նաեւ թերթի հենց առաջին էջում հոդվածին ուղեկցող կոլաժային լուսանկարը, «Կյանքի խոսք» գրառմամբ վահանակը, հոդվածի վերնագիրը, «աղանդ» եզրույթը, «Կտոր մը «Կյանքի խոսք»» արտահայտությունը:

Դատական առաջին երկու ատյանները մերժել էին «Կյանքի խոսքի» դիմումը, իսկ Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր բողոքն առանց քննության:

Ղազարյանը Հայաստանի դատական համակարգի մոտեցումը վտանգավոր է գնահատում.

«Նման վճիռների կայացումը կանաչ լույս է մամուլում ատելության եւ բռնության քարոզի տարածման համար, որն արդեն քրեական վարույթ է մտնում: Միայն մեկ փաստական տվյալի վրա, որ Կարեն Արայանի մայրն ասել է, թե Անժելա Սարգսյանն այս կազմակերպության անդամ է, մի ամբողջ քննադատական նյութ է պատրաստվել կազմակերպության գործունեության վերաբերյալ` առանց ուսումնասիրելու կազմակերպության գործունեությունը, մտնելու այդ կազմակերպություն, հարցազրույցներ վերցնելու(երկու տարի առաջ Կարեն Արայանը դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ լուսանկարներն էր տարածել համացանցում)»:

«Գործի դատական ստուգումը, իմ կարծիքով, եղել է թերի: Այսինքն` հնարավորություն չի տրվել «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությանը պատշաճ կերպով իրականացնել արդարադատության իր իրավունքը: Այս հիմքով է եղել դիմումը եւ նաեւ, որ պետությունը միջոցներ չի ձեռնարկում, որ կրոնական ատելություն սերմանող պրակտիկան պետության ներսում դադարի: Այդ լրատվանյութը կարելի է դասել կրոնական ատելություն սերմանողների շարքին, քանի որ չափից դուրս անհիմն հարձակում է կրոնական կազմակերպության նկատմամբ»,- նշում է փորձագետը:

Ավետարանական եկեղեցին դրամական պահանջ չէր ներկայացրել թերթին, միայն հասցված վիրավորանքի դիմաց պահանջել էր հրապարակավ ներողություն խնդրել թերթի առաջին էջում, հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ հրապարակել նաեւ հերքման տեքստերը:

«Կարծում եմ՝ «Կյանքի խոսքը» կշահի գործը Եվրադատարանում, քանի որ այստեղ ակնհայտ է, որ խախտում թույլ է տվել լրատվամիջոցը, որովհետեւ մի ամբողջ եզրահանգում է կառուցել, ընդ որում՝ վիրավորական բնույթի եզրահանգում, բացարձակապես որեւէ փաստ չունենալով ձեռքի տակ»,- նշում է Ղազարյանը:

Եվրադատարանում հաղթելու դեպքում փոխհատուցումը «Կյանքի խոսքին» «Իրավունք» թերթի փոխարեն պետք է վճարի պետական բյուջեն, իսկ որոշումը նախադեպային կլինի Հայաստանում կրոնական ատելության ու թշնամանքի սերմանման առումով:

Տեղեկատվական վեճերի խորհուրդ. «Իրավունքը» իր գնահատականները, կարծիքները եւ դատողությունները արտահայտելիս չի ունեցել փաստացի տվյալներ:
Տեղեկատվական վեճերի խորհուրդ. «Իրավունքը» իր գնահատականները, կարծիքները եւ դատողությունները արտահայտելիս չի ունեցել փաստացի տվյալներ:

Դատական այս վեճի վերաբերյալ եզրակացություն էր ներկայացրել նաեւ Տեղեկատվական վեճերի խորհուրդը` համարելով, որ լրատվամիջոցը կրոնական կազմակերպության գործունեության եւ նրա կողմից քարոզվող գաղափարների վերաբերյալ իր գնահատականները, կարծիքները եւ դատողությունները արտահայտելիս չի ունեցել փաստացի տվյալներ, այլ հիմնվել է մեկ փաստական տվյալի, այն է՝ երրորդ անձի հայտարարության վրա, դրանից բխեցրել է ընդհանուր բնույթի վերացական մի շարք եզրահանգումներ եւ դատողություններ:

«Եվ երբ բացակայում են փաստական հանգամանքները, առաջին պլան է մղվում Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումն այն մասին, որ փաստական տվյալների բացակայության պայմաններում առերեւույթ է դառնում արժանապատվությունը արատավորելու դիտավորության առկայությունը: Իսկ այս չափորոշիչի առկայությունը էական է հայտարարությունը վիրավորական կամ զրպարտող բնույթի համարելու համար»,- ասված է եզրակացության մեջ:

Խորհուրդը համարել է նաեւ, որ ծաղրանկարների մատուցման նման եղանակը կարող էր վիրավորել կրոնական կազմակերպության անդամների կրոնական զգացմունքները, իսկ «աղանդ» բառի շարունակաբար եւ հետեւողականորեն օգտագործումը «լրատվանյութը վերածում է կրոնական ատելություն սերմանող կամ հրահրող խոսքի»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *