Եհովայի վկաները գնում են այլընտրանքային ծառայության

Եհովայի վկակներ կազմակերպության անդամ Անրի Խաչատրյանի ազատության օրը. նա դուրս է գալիս Սովետաշենի գաղութից: Կադր Վահան Իշխանյանի ֆիլմից:
Եհովայի վկակներ կազմակերպության անդամ Անրի Խաչատրյանի ազատության օրը. նա դուրս է գալիս Սովետաշենի գաղութից: Կադր Վահան Իշխանյանի ֆիլմից:

Հայաստանում բնակվող Եհովայի վկաները կրկին այլընտրանքային աշխատանքային ծառայության են անցնում:

57 երիտասարդ Եհովայի վկաներ, անցած շաբաթ դիմել են Հանրապետական հանձնաժողով՝ նոր օրենքով նախատեսված ծառայության անցնելու համար: Նրանցից վեցը կալանավորներ են, ովքեր դատապարտվել են զինվորական ծառայությունից հրաժարվելու համար: Հոկտեմբերի 24-ին նրանք ազատ են արձակվել Էրեբունի քրեակատարողական հիմնարկից: Այժմ ազատազրկված են մնացել 14 Եհովայի վկա: Կազմակերպությունն ակնկալում է, որ շուտով նաեւ մյուս երիտասարդները ազատ կարձակվեն՝ ազատազրկման իրենց ժամկետը այլընտրանքային աշխատանքային ծառայությամբ փոխարինելով:

Հանձնաժողովի որոշմամբ՝ Եհովայի վկաները կծառայեն որպես սանիտարներ, բակի հավաքարարներ կամ խոհանոցի բանվորներ, կկատարեն զինվորական բնույթ չկրող այլ աշխատանքներ բժշկական հաստատություններում կամ մանկատներում:

Կազամկերպության ներկայացուցիչների համար կարեւոր է, որ կարողանալու են իրենց երկրին ծառայել՝ երկուսից երեք տարի քրեակատարողական հիմնարկում հանցագործների միջավայրում պատիժ կրելու փոխարեն,- նշում է Եհովայի վկաների հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանը:

Հայաստանը փոփոխություններ մտցրեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի մեջ՝ այն համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին այս տարվա հունիսին:

Եհովայի վկաները կարծում են, որ բարեփոխումների զգալի ապացույցը այս տարի հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացրած դիտարկումներում «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքին անդրադառնալն էր:

«Անձինք, ովքեր չեն ցանկանում ծառայել բանակում, իրենց խղճի նկատառումներով, մեր ընթացակարգերի համաձայն կազատվեն քրեական պատասխանատվությունից»,- ըստ տարածված հաղորդագրության՝ ասել է նախագահը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *