Կրիշնայականները. նրանք, ովքեր դիմացան փորձություններին

20 տարի անց հարե նամը Երևանի փողոցներում
20 տարի անց հարե նամը Երևանի փողոցներում:
լուս. Կրիշնայական համայնքի արխիվից

20 տարի անց Երևանում 2013-ի սեպտեմբերին կրիշնայականները կրկին «հարե նամ» կատարեցին, երբ հարե կրիշնա մանտրան արտասանելով, թմբուկ ու ծնծղա զարկելով քայլում են հասարակական վայերում: Նրանք քայլեցին Աբովյան փողոցով, իջան հրապարակ, լճի կողքը չորս անգամ պտտվեցին: Երթը արտոնված էր Երևանի քաղաքապետարանի կողմից:

Վերջին անգամ նրանք Հարենամ էին արել 1990-ականների սկզբին:

Հարենամը Կրիշնայականների հրապարակային գործունեության երեք ձևերից մեկն է, մյուս երկուսը՝ խոսքով քարոզը(սանկիրտանա) և  ուտելիք բաժանելը(պրասադ), առայժմ չեն անում, դեռ պահպանվում է երկյուղը 1995թվի,  երբ պաշտպանության նախարարի հրամանով  երկրապահները  կրիշնայականների տաճար ներխուժեցին ծեծեցին հավատացյալներին և անպատիժ մնացին:

«Սկսվում է Կրիշնագիտակցության տարածման երկրորդ ալիքը, աշխարհում արդեն սկսվել է, մեզ մոտ դեռ թույլ է արտահայտվում», ասում է 59-ամյա Աղվան Հարությունյանը՝ Վանաձորի փոքրիկ Կրիշնայական համայնքի ղեկավարը: Նա կրիշնայական գործունեության համար Սովետական տարիներին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման(1986-1989), պատիժը կրել է Բաքվում: Ազատվելուց հետո նա Երևանից տեղափոխվում է Վանաձոր և ստեղծում մինչև այժմ գործող կրիշնայական համայնքը:

Ատվայատա դաս՝ Աղվան Հարությունյանը տեսնում է Հայաստանում կրիշնայականության վերածնունդ
Ատվայատա դաս՝ Աղվան Հարությունյանը տեսնում է Հայաստանում կրիշնայականության վերածնունդ

«Խղճի ազատության» թղթակիցները այցելեցին Վանաձորի Կրիշնայական փոքրիկ համայնքի առանձնատունը, ուր ապրում են Աղվան Հարությունյանը(Կրոնական անունը՝ Ատվայտա դաս), նրա կինը՝ Ալվարդը, կնոջ քույրն Գայանեն ու եղբայրը՝ Լևոնը Ավետիսյանը(Լալ Մոհան դաս) իր ընտանիքով և իրենց արարողությունները կատարում՝ առանձնացված խորան- սենյակում:

Կրիշնայական համայնքի մի փոքր խումբ էլ գործում է Երևանում, ամբողջ Հայաստանում մոտ 60 հոգի են:

«Կրիշնա գիտակցության»(այլ անվանմամբ՝ բհակտի յոգա՝ խոկում սեր առ Աստված) ուսմունքը Հինդուիզմի ճյուղերից մեկի՝ Գաուդյա- Վայշնավիզմի ժամանակակից մեկնաբանությունն է, որը 1965թ. Հնդկաստանից ԱՄՆ գալով աշխարհով մեկ տարածել է Բհակտիվեդանտա Սվամի Պրաբհուպադան՝ Նյու-Յորքում ստեղծելով Կրիշնա գիտակցության միջազգային կազմակերպությունը: Ուսմունքը հիմնականում հիմնված է Վեդայական գրքերից Բհագավադ Գիտայի, ապա նաև 16-րդ դարի Հինդուիստական բարենորոգիչ Չայտանիայի մեկնաբանությունների վրա:

Համայնքի մուտքը
Համայնքի մուտքը

Կրիշնայականները հավատում են բարձրագույն աստծուն՝ Կրիշնային: Ըստ կրիշնայականության գոյություն ունեն պատրանքային(նյութական) և ճշմարիտ(հոգևոր) աշխարհներ: Մարդը հոգևոր էակ է և նյութական աշխարհում ստանում է նյութական մարմին: Կատարելության հասնելու համար նա պետք է կարողանա տիրապետել իր զգայարաններին, բհակտի յոգայի նպատակն է վերականգնել հոգու հավերժական  հարաբերությունը աստծո գերագույն անձնավորության հետ (այդ հարաբերությունը սանսկրիտով՝ ռասա):

Կրիշնայականի առաջնային պայմաններն են ա) չուտել միս, ձուկ, ձու բ) չօգտագործել թմրամիջոցներ, հաշիշ, ալկոհոլ, ծխախոտ, սուրճ, թեյ գ) չզբաղվել մոլախաղերով, դ) չունենալ ապօրինի սեռական կյանք:

Կրիշնայական առաջին գրականությունը Հայաստան մուտք գործեց 1981թ.:

Երևանը դարձավ Կրիշնա գիտակցության ԽՍՀՄ գլխավոր կենտրոններից մեկը:

1984թ. Երևանում 10 հազար տպաքանակով ինքնահրատ լույս է տեսնում Բհագավատ Գիտան և ցրվում Միությունով մեկ:

Ինչպես ամբողջ Խորհրդային միությունում, Հայաստանում էլ 1980 ականներին Կրիշնա գիտակցության համայնքը ճնշվում էր ավելի  շատ քան մյուս կրոնական կազմակերպությունները, հավատացյալներին կամ ազատազրկման էին դատապարտւոմ կամ հոգեբուժարաններում փակում:

Լալ Մոհան դաս՝ Լևոնը Ավետիսյան. այս սենյակն է կրոնական արարողությունների խորանը
Լալ Մոհան դաս՝ Լևոնը Ավետիսյան. այս սենյակն է կրոնական արարողությունների խորանը

1985թ.Առաջինը դատվեց Երևանի պետհամալսարանի երկրաբանական ֆակուլտետի ուսանող Արայիկ Հակոբյանը(մեկուկես տարի ազատազրկում): Հայաստանում ձերբակալվեց 10 կրիշնայական, որոնք ուղարկվեցին հոգեբուժարաններ կամ դատապարտվեցին տարբեր ժամկետների ազատազրկման: ՊԱԿը նրանց առաջարկում էր հրաժարվել իրենց կրոնական հայացքներից՝ խոստանալով ազատ արձակել, սակայն կրիշնայականները հավատարիմ մնացին իրենց ուսմունքին:

Կրիշնա գիտակցության կազմակերպությունը անկախ Հայաստանում գրանցում ստացած առաջին կրոնական կազմակերպություններից մեկն էր, սակայն այն նաև դարձավ կրոնական անհանդուրժողական առաջին զոհը և առաջինն էր որ զգաց կրոնական անհանդուրժողականության ծավալվող մթնոլորտը:

1994 թ. հինգ անգամ կրիշնայականներին անպատիժ բռնությունների են ենթարկում ազգայնական զինվորականները և հայ եկեղեցու հոգևորականները:

Բռնությունների գագաթնակետը հասավ 1995-ի ապրիլին, երբ երկրապահները ներխուժեցին ութ կրոնական կազմակերպությունների հավաքատեղիները ծեծեցին հավատացյալներին և գույքը տարան: Ամենադաժանը վարվեցին կրիշնայականների հետ:

Արա Հակոբյանը հիմա բնակվում է Սիեթլում
Արա Հակոբյանը հիմա բնակվում է Սիեթլում

Երևանի Արաբկիրի շրջանի երկրապահ ջոկատը մոտ 25 հոգի ներխուժում են Սոսե փողոցի վրա գտնվող կրիշնայականների  տաճարը և երկաթյա ձողերով դաժանորեն ծեծում հավատացյալներին, հետո թալանում տաճարը, պոկում նաև կանանց վրայից ոսկե զարդերը: Այս դեպքից հետո մոտ 100 հոգիանոց կրիշնայական համայնքի ստվար մասը մեկնեց երկրից և տաճարի շենքը վաճառեցին: Երկրապահները սպառնացել էին, որ եթե կրկին հավաքվեք տաճարում նորից կջարդենք(մեկ ուրիշն էլ ասաց, որ սպառնացել են՝ կսպանենք ):

1997-ին «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքում» փոփոխություն արվեուց հետո, որով կրոնական կազմակերպություն գրանցելու համար անհրաժեշտ էր ունենալ ոչ թե նախկին 50 անդամ, այլ 200 անդամ, կրիշնայականները զրկվեցին նաև գրանցումից, քանի որ այդքան մարդ չկարողացան հավաքել:

1977թ. Բհակտիվեդանտա Սվամի Պրաբհուպադայի մահից հետո սկիզբ են առնում կազմակերպության պառակտումները: 1990 ականներին պառակտումները ավելի են խորանում, շատերը լքում են Կրիշնա գիտակցության միջազգային կազմակերպությունը և հետևում են այլ հնդիկ գուրուների:

Աղվանը ասում է՝ կատուն էլ է կրիշնայական
Աղվանը ասում է՝ կատուն էլ է կրիշնայական

1995-ի բռնությունները մի կողմից, մյուս կողմից Կրիշնա գիտակցության միջազգային կազմակերպության (ISKCON) պառակտումները, որոնք հասան Հայաստան 1994-1996թվերին,  Հայաստանի համայնքին կրկնակի հարված հասցրին, որոնց արդյունքում այն նույնպես պառկատվեց:

«Մեզ հետ կատարվող փորձությունները դիտվում է որպես ճակատագրի՝ կարմայի պտուղներ, այսինքն նախկինում և այժմ արած գործողությունների հետևանք ու լավ կամ վատ բաներ մեզ հետ կատարվելը մենք վերագրում ենք կարմային և նրա իներցիային,-ասում է Լևոն Ավետիսյանը,- դժվարություններն ու բռնությունները հանգիստ ենք տանում ու ցանկացած իրավիճկում հիշում Աստծո գերագույն անձնավորությանը՝ և աշխարհը, և բոլոր կրոնները տեսնում ենք  ներդաշնակության մեջ: Հակված չենք ուրիշ կորնական ուղղությանուններին թշնամաբար վերաբերվել, որովհետև ցանկացած կրոնական ուղղություն գոյություն ունի աստծո կամքով և յուրաքանչյուրը գտնվում է տարբեր հոգևոր մակարդակների վրա: Այլ կերպ ասած՝ չկան վատ կրոններ, կան վատ հետևորդներ՝ ասում էր մեր հոգևոր ուսուցիչը՝ Պրապուբադան»:

Կրիշնայի ավատարներից մեկը խորանում
Կրիշնայի ավատարներից մեկը խորանում

Այսուհանդերձ հավատի փորձությանը դիմացավ Կրիշնայական համայնքի վանաձորյան այս բեկորը Աղվան Հարությունյանի ղեկավարությամբ, որ չլքեց երկիրը և վտանգի մեջ իրեն զգալով պահեց կրիշնայականության օջախը:  Նրանք  հետևորդն են գուրու Նարայան Գոսվամի Մահարաջի(1921-2010): «Կրիշնա գիտակցության միջազգային կազմակերպության» անդամներ չկան երկրում:

«Բհակտիվեդանտա Սվամի Պրաբհուպադան  հանդիսանում էր գաուդիավեդանտա դպրոցի ներկայացուցիչը,-բացատրում է իրենց համայնքի ուղղությունը Վանաձորյան համայնքի ներկայացուցիչ 54 -ամյա Լևոնը Ավիետիսյանը,- ինքն էլ իր ուսուցիչն է ունեցել, նա էլ իր, նա էլ իր և էդ ուսուցչաշակերտական շղթան դարերի խորքից՝ Կրիշնայից գալիս է մինչև մեզ: Հոգևոր գիտելիքը այդ ուսուցիչ-աշակերտական շղթայով է(պարամպարա) տարածվում: Կրիշնայական կազմակերպության մի խումբը ԻՍԿՈՆԸ ընդունում է միայն Պրաբհուպադային, ասում են՝ նա մեզ ամեն ինչ տվել է և այլ ուսուցչի կարիք չունենք. ավանդական` ուսուցիչ-աշակերտ շղթան գցեցին երկրորդական պլան:

Բայց չէր կարող վերանալ այդ կապը, որի հետ նվիրյալները լուրջ հաշվի են նստում: Մեր հոգևոր ուսուցիչը նույն Բհակտիվեդանտա  դպրոցից է, Պրաբհուպադայի հոգևոր եղբայրն է համարվում, ու  Պրաբհուպադան մարմինը թողելուց առաջ խնդրել էր մեր գուրու դևին՝ Նարայան Գոսվամի Մահարաջիին, տիրություն անել արևմտյան աշակերտներին»:

1995-ին Վանաձորի կրիշնայական համայնքը չտուժեց իշխանության հետ ունեցած կապերի շնորհիվ.

«Քաղաքապետ Աշոտ Մանուկյանը(այժմ ՀԱԿ ընդդիմադիր կուսակցության անդամ) մեզ ընկեր էր, նա ասաց՝ հանգիստ եղեք, ձեզ ոչ ոք չի նեղացնի, ասեցի՝ բայց չէ որ պետական բնույթ է կրում, էլի հանգստացրեց՝ խնդիր չի լինի»,-հիշում է Աղվանը:

Սակայն երևանյան բռնությունները ազդում են նաև Վանաձորի գործունեության վրա, նրանք դադարեցնում են բարեգործական ճաշարանի գործունեությունը, «Մենք օր էր լինում, երբ 300 հոգու կերակրում էինք, այդ օրերից հետո դադարեցրինք»,-ասում է Ալվարդ Ավետիսյանը:

Հայաստանում քրիստոնեական միջավայրը նրանց չի կաշկանդում, հակառակը՝ Հիսուսին համարում են մեծ ուսուցիչ, իրենց ուսմունքի ընդհանրություններ են տեսնում քրիստոնեության մեջ:

«Քրիստոսը որպես անձնավորություն Կրիշնայի գիտակցության մեջ է եղել»,-ասում է Աղվանը:

Նրանք Ավետարանում տեսնում են վերամարմնավորման հետքեր, ինչպես օրինակ են բերում Մատթեոսի Ավետարանում Հիսուսի խոսքը Հովհաննես Մկրտչի մասին. «Եվ եթե ուզում եք ընդունել, Հովհաննե՛սն է Եղիան, որ գալու է»:

Վանաձոր. փորձություններով անցած համայնքը
Վանաձոր. փորձություններով անցած համայնքը

«Մեր գաղափարախոսության մեջ դա կոչվում է ռեինկարնացիա հոգու վերամարմնավորում,-ասում է Լևոնը,- նյութական աշխարհում կենդանի էակները դատապարտված են չորս վիճակների՝ ծնունդ, հիվանդություն, ծերություն, մահ: Ոչ ոք չի կարող դրանցից խուսափել, քանի որ նյութական մարմինը ավելիի համար նախատեսված չէ, իսկ հոգին հասունանալու դեպքում կատարելության հասնելով, մուտք է գործում հոգևոր աշխարհ և ստանում հոգևոր հավերժական մարմին, որը չի ենթարկվում այդ չորս բաներին: Հոգին ունի երեք բնորոշում՝ հավերժ է, գիտելիքի մեջ և երանելի, սակայն նյութական աշխարհում էդ ամեն ինչը ծածկված է նյութով, իլիուզիայով(մայա), նյութական մարմնի հետ կեղծ նույնացման պատճառով մարդը, կենդանի էակը, չի զգում իր հոգուն բնորոշ վիճակները՝ հավերժություն, երանություն, գիտելիք: Փոխարենը չտիրապետելով իր զգայարաններին տրվելով իլյուզիային, գտնվում է ծննդի ու մահվան շրջապտույտի մեջ իր բոլոր հետևանքներով՝ տառապանք, երջանկություն, հիվանդություն, ճակատագիր և այլն»:

Հիսուսի պատվիրանը՝ մի սպանիր, նրանք մեկնաբանում են որ վերաբերում է ընդհանրապես չսպանել որևէ կենդանի արարածի: Հավատում են, որ յուրաքանչյուր կենդանու մեջ հոգի կա:

Ոչ մի կենդանի էակի հանդեպ մարդ բռնություն պիտի չգործի. Ո՞վ է բարեպաշտը՝ վեդաները մի նախադասությամբ ասում են՝ նա է ով ոչ մի կենդանի էակի նեղություն չի տալիս:

Այս պնդումը լսելուց հետո նրանց հաճախ հարցնում են՝ մոծա՞կ էլ  չեք սպանում.

«Նախ` մաքրություն ենք պահպանում, մաքրությունը շատ կարևոր է, որ միջատներ չհայտնվեն,-ասում է Ալվարդը,- նաև կանֆորա ենք դնում, դրա հոտից փախչում են: Միջոցներ կան մոծակների դեմ, հո միայն սպանելը չի»:

Պետության հետ պրոբլեմներ չեն ցանկանում ունենալ, և եթե անհրաժեշտ է, կրիշնայականը պատրաստ է ծառայել զինված ուժերում:

«Պատերազմի դեպքում էլ, եթե մեր երկրի հանդեպ ագրեսիա է կիրառվում,մենք պարտավոր ենք պաշտպանել այն երկիրը որտեղ կոչված ենք ապրելու,-ասում է Լևոնը,- Ագրեսորի դեմ պայքարը ընդհուպ մինչև սպանություն մեղք չի համարվում: Իսկ եթե մեր երկիրը դառնա ագրեսոր և հարձակվի այլ երկրի վրա, մենք ձեռնպահ կմնանք, չենք մասնակցի: Ղարաբաղյան խնդրում, վեդայական ուսմունքով Ղարաբաղը կռվով իր ազատությունը ձեռք է բերել, հետևաբար, այդ հողերն էլ մերն են, մարդիկ ուզել են ինքնորոշվել, թույլ չեն տվել,  ստիպված զենքով են նվաճել, իսկ մյուս տարածքներն էլ իրենց վաստակն է: Եթե Ադրբեջանը կրկին հարձակվի, մենք կպաշտպանենք երկիրը»:

Բանակում ծառայելու գլխավոր պրոբլեմը սննդի խնդիրն է, այնտեղ կերկարում են մսով, իսկ միս ուտելը նրանց համար սոսկալի մեղք է:

Վստահ են որ առանց միս ուտելու էլ բուսական սնունդով, և համապատասխան սննդակարգով կարելի է էներգիա և աշխատունակություն ունենալ:

Լևոնը իր օրինակն է բերում, ով միայն բուսական սննդակարգով ծանր, մեծ էներգիա պահանջող արահետով է զբաղվում. նա դարբին է, ավանդական ձևով մետաղ է կռում, Հայաստանում միակ դամասկոսյան սուր պատրաստողն է(մի քանի մետաղի խառնութրդից) և իր բուսական սննդակարգով: Նրա պատվիրատուները մեծահարուստներ են ու իշխող դիրքեր ունեցող հեղինակություններ:

Կրոնական գործունեությունը նեղ շրջանակի մեջ է, մտավախություն ունեն որ եթե ավելի ակտիվ գործունեություն ծավալեն, կրկին բռնությունների կենթարկվեն:

«Ճիշտն ասած աչքը տեսածից ա վախում, չգիտենք ինչ ռեակցիա կտան,-ասում է Ալվարդը:

Տեղյակ են նաև, որ Պետական անվտանգության ծառայությունը իրենց մասին գիտի, թեև դեռևս չեն անհանգստացրել:

Այսուհանդերձ նրանց կրոնական գործունեության մեջ չի մտնում յուրաքանչյուրին իրենց ուսմունքը քարոզելը. «Քարոզել նրան ով չի ընդունում խոսքդ, սուրբ անունները տալը էն մարդուն ով չի ուզում լսել Կրիշնային ուղղված տասը վիրավորանքներից մեկն է,-ասումէ Լևոնը,- քրիստոնեության մեջ դա կոչվում է՝ մարգարիտները շաղ տալ խոզերի առաջ»:

Վանաձորյան լուսանկարները Ազնիվ Անդրեասյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *