Կրկնամկրտությունը միջեկեղեցական կոնֆլիկտի առարկա

Հովհաննես Մկրտիչը մկրտում է Քրիստոսին: Աջ կողմում հրեշտակներ են, որոնք խորհրդաբանորեն ծառայում են Աստվածորդուն: Վերևից աղավնակերպ իջնում է Սուրբ Հոգին (հատված ձեռագիր մատյանից): Լուսանկարը՝ wikipedia.org կայքի:
Հովհաննես Մկրտիչը մկրտում է Քրիստոսին: Աջ կողմում հրեշտակներ են, որոնք խորհրդաբանորեն ծառայում են Աստվածորդուն: Վերևից աղավնակերպ իջնում է Սուրբ Հոգին (հատված ձեռագիր մատյանից): Լուսանկարը՝ wikipedia.org կայքի:

Հայ ավետարանական եկեղեցիները, փորձելով ստեղծել համերաշխության մթնոլորտ, հաճախ են Հայ առաքելական եկեղեցին «Մայր եկեղեցի» և «Քույր եկեղեցի» անվանում: Մինչդեռ, Հայ առաելական եկեղեցին նրանց «Քույր եկեղեցի» երբեք չի անվանում, միևնույն ժամանակ հաճախ նրանց մեղադրում է իրենց մկրտությունը ստացած անձանց կրկին մկրտելու համար: Ավետարանականներն էլ` փորձում են ժխտել դա:

Մի այդպիսի բանավեճի օրինակ է 2013-ի ամռանը Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակված Մարդկային գործոն հաղորդումը, որտեղ Հայ առաքելական եկեղեցու հոգեվորական Կոմիտաս վարդապետ Հովնանյանը հարց տալով ավետարանական վերապատվելի Արմեն Մելիքյանին, թե դուք մկրտո՞ւմ եք առաքելական եկեղեցում մկրտություն ստացած անձանց մեղադրում է նրանց կրկնամկրտություն անելու մեջ, իսկ վերապատվելին արդարանում է` ասելով, որ անձամբ ինքը նման բան չի արել:

Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը

Հոգեշնորհ Տ. Զաքարիա վրդ. Բաղումյանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական բաժնի ծիսահայեցակարգային գրասենյակի պատասխանատուն է, նա ցանկություն հայտնեց առանձին հարցազրույցով ներկայացնել եկեղեցու դիրքորոշումը մկրտության խորհրդի և կրկնամկրտության նկատմամբ:

Հայր սուրբ, ի՞նչ կարևորություն ունի մկրտության խորհուրդը մարդու կյանքում, և ո՞ր տարիքում պետք է մկրտվել:

Ս. Մկրտության խորհուրդը հաստատել է մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որը հաճախ անվանում ենք նաև «մուտքի» խորհուրդ, քանզի առանց մկրտվելու մարդ չի կարող մասնակցել Եկեղեցու մյուս խորհուրդներին: Մկրտությամբ մարդ սրբվում է ադամական կամ սկզբնական մեղքից՝ դառնալով քրիստոնյա, Եկեղեցու անդամ, երկնավոր Հոր որդեգիր, Քրիստոսին ժառանգակից և Ս. Հոգու տաճար: Քրիստոս Աստված շատ հստակ ասում է. «Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել» (Հովհ. Գ 5): Հիսուսը նաև իր համբարձումից առաջ առաքյալներին պատվիրեց բոլորին մկրտել Ս. Երրորդության անունով (տե՛ս Մատթ. ԻԸ 19-20): Ուստի մկրտությունն անհրաժեշտ պայման է քրիստոնյա դառնալու համար: Մկրտությունն անվանում ենք նաև «վերստին ծնունդ»: Եթե առաջին անգամ ծնվում ենք մեր մարմնավոր ծնողներից, ապա երկրորդ անգամ՝ աստվածային և հոգևոր ծնունդով հոգևոր ծնողներից, որի ժամանակ հայրն Աստված է, մայրը՝ Եկեղեցին, իսկ արգանդը՝ Եկեղեցու Ս. Ավազանը:

Տեր Զաքարիա վրդ. Բաղումյան. Կրկնամկրտությունն աններելի մեղք է եւ անընդունելի:
Տեր Զաքարիա վրդ. Բաղումյան. Կրկնամկրտությունն աններելի մեղք է եւ անընդունելի:

Ս. Մկրտության համար տարիքային սահմանափակում չկա: Առաքելական ժամանակից սկսյալ Եկեղեցին խրախուսել է մանկամկրտությունը, քանզի երեխան համարվում է կատարյալ մարդ, ուստի որևէ բան չի կարող խոչընդոտել Եկեղեցուն նրա անդամագրվելու և քրիստոնյա դառնալու համար: Բացի այդ, հանգամանքների բերումով ոչ բոլորը կարող են հասնել չափահասության, ուստի երբեք չպետք է ուշացնել երեխայի մկրտությունը: Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնների՝ երեխային կարելի է մկրտել ութերորդ օրը: Եթե երեխայի կյանքին վտանգ է սպառնում, ապա ավելի շուտ:

Արդյո՞ք մկրտվելով են միայն դառնում որևէ եկեղեցու անդամ, տվյալ դեպքում՝ Հայ Առաքելական Եկեղեցու, թե՞ նաև առանց մկրտության ցանակացած մեկը կարող է իրեն համարել Հայոց Եկեղեցու զավակ, եթե ինքն այդպես է զգում կամ ցանկանում:

Ինչպես վերևում նշեցինք, առանց մկրտության մարդ չի կարող փրկվել և առավել ևս արժանանալ հավիտենական կյանքին: Մկրտությունն անհրաժեշտ պայման է, քանզի հաստատվել է Հիսուս Քրիստոսի կողմից: Ուստի մենք չենք կարող ավելորդություն կամ երկրորդական համարել այն, ինչն Աստված անհրաժեշտ է համարել մեզ համար:

Այլ խոսքով՝ այն ձևականություն կամ մարդկանց կողմից հնարված մի բան չէ, այլ աստվածահաստատ իրողություն՝ մեղքից ազատվելու և փրկվելու համար: Մարդ կարող է լինել շնորհալի, բարի, առաքինի, բայց միայն մկրտությամբ կարող է դառնալ քրիստոնյա և Եկեղեցու անդամ: Հետևաբար այս խորհուրդը մարդու փրկության և Քրիստոսով նոր արարած լինելու սկիզբն է: Դառնալով քրիստոնյա` մարդ պետք է մի կողմ դնի իր հին ընթացքը և այլևս իր կյանքն իմաստավորի Տիրոջով ու ավետարանական պատգամներով:

Բնական է, որ Հայոց Եկեղեցու զավակի ընտանիքում ծնված մարդն իրեն կհամարի մեր Եկեղեցու զավակ, բայց այդ զգացողությունը պետք է ամրագրել՝ մկրտվելով և մեր Եկեղեցու Ավազանից ծնվելով: Այսինքն՝ միայն այդպես համարելը կամ այդ զգացողությունն անբավարար և թերի են:

Հայր սուրբ, արդյո՞ք ընդունելի է կրկնամկրտությունը:

Կրկնամկրտությունն աններելի մեղք է և անընդունելի: Պողոս առաքյալը հստակ ասում է. «Մեկ Տեր կա, մեկ հավատ, մեկ Մկրտություն» (Եփես. Դ 5): Նույնն ենք խոստովանում նաև Նիկիակոստանդնուպոլսյան հանգանակում, որը բարձրաձայն ասում ենք յուրաքանչյուր Ս. Պատարագի ժամանակ՝ իբրև մեր ուղղափառ հավատքի խոստովանություն: Բնականաբար, մարդ մկրտվելուց հետո էլ մեղքեր է գործում, բայց այս դեպքում տվյալ մարդը ոչ թե պետք է վերամկրտվի, այլ ապաշխարության խորհրդի միջոցով վերականգնվի Մկրտությամբ ստացած շնորհների մեջ:

Մեզ համար ընդունելի են այն Եկեղեցիների կատարած մկրտությունները, որոնք ունեն առաքելական հաջորդականություն, վավերական քահանայություն և եպիսկոպոսություն: Օրինակ՝ եթե Կաթոլիկ կամ Ուղղափառ Եկեղեցու հավատացյալը ցանկանում է դառնալ Հայոց Եկեղեցու անդամ, մենք նրան չենք վերամկրտում, որովհետև ընդունում ենք այդ Եկեղեցիների կատարած մկրտությունները: Բայց աղանդավորական կամ զանազան կրոնական կազմակերպությունների կատարած մկրտությունների դեպքում, քանի որ դրանք վավերական և օրինական ուժ չունեն, պարզ լվացումներ են և չեն կարող ապահովել մարդու փրկագործությունը, բնականաբար, նման դեպքերում անպայման մկրտում ենք, որը երբեք չպետք է շփոթել կրկնամկրտության հետ:

Հայաստանյայց ավետարանական եկեղեցու ավագ հովիվ Մկրտիչ Մելքոնյան. Մենք ալ կցանկանանք, որ առաքելականն ալ մեր մկրտությունը ընդունին
Հայաստանյայց ավետարանական եկեղեցու ավագ հովիվ Մկրտիչ Մելքոնյան. Մենք ալ կցանկանանք, որ առաքելականն ալ մեր մկրտությունը ընդունին

Հակասություն ավետարանական և առաքելական եկեղեցիների միջև

Հայաստանում գործող ավետարանական եկեղեցիները համբերությամբ են սպասում այն ժամանակներին, երբ իրենց հետևորդների մկրտությունը ընդունելի կդառնա Հայաստանի առաքելական եկեղեցու համար:

Մինչ այդ ավետարանական մկրտություն ստացած մարդիկ Հայ առաքելական եկեղեցու զավակ դառնալու համար վերամկրտվում են, իսկ երբ առաքեալականում մկրտվածն է ցանկանում ավետարանական դառնալ, որոշ ավետարանական եկեղեցիները վերամկրտություն չեն անում, ընդունում են առաքելականի մկրտությունը, մասնավորապես այդպիսին է Հայաստանյայց ավետարանական եկեղեցին:

Հայաստանյայց ավետարանական եկեղեցու ավագ հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը ցույց է տալիս օգոստոսին Հայաստանի տարբեր քաղաքներում իրենց եկեղեցու հետևորդների մկրտության ժամանակ դրա խորհուրդը փոխանցող թերթիկները, որոնց մեջ ընդգծված է, որ արդեն մկրտված անձնաց կրկնակի չեն մկրտում, այլ «նորոգում են ուխտը».

«Արտաշատի մկրտության արարողության թերթիկն է, անցած շաբաթ եղավ` օգոստոսի 8-ին: Ուրեմն գրված է` «Ուխտի նորոգություն նրանց համար, ովքեր մկրտված են»: Նորեն չենք մկրտում նրանց»:

Մկրտիչ Մելքոնյան. Մենք նորեն չենք մկրտում:
Մկրտիչ Մելքոնյան. Մենք նորեն չենք մկրտում:

Ուխտի նորոգությունը մկրտվողի խոստումն է` կյանքն ու ունեցվածքը Տիրոջը նվիրելու, անմահ հոգիների փրկության ու Քրիստոսի թագավորության տարածման համար աշխատելու, խոնարհությամբ, հեզությամբ ու համբերությամբ ապրելու և այլն:

«Սա նույն քաղաքականությունն է, որ Հայաստանյայց ավետարանական եկեղեցին ունի թե Հայաստանում, թե Հայաստանեն դուրս ողջ աշխարհում: Դու կարող ես երթալ, պրպտել, պրպտել ու պարզել, որ մեկ կամ երկու հոգու կրկնամկրտություն եղել է, և դա խոշորացույցով ներկայացնես(նկատի ունի Հայ առաքեալակն եկեղեցուն-խմբ): Եթե 10 -15 տարի առաջ տեղ մը եղավ կրկնամկրտություն կամ մեկը ըրավ կրկնամկրտություն, որովհետև տակավին կազմավորման շրջանին մեջ էր մեր եկեղեցին, բայց այսօր կրկնամկրտություն չենք ըներ»,- ասում է հոգևոր հովիվը:

«Խղճի ազատության» հարցին` որքանով է Հայաստանյայց ավետարանական եկեղեցու համար ընդունելի Հայ առաքելական եկեղեցու` իրենց մկրտությունը չընդունելու դիրքորոշումը, վերապատվելի Մելքոնյանը պատասխանում է.

«Անշուշտ մենք ալ կցանկանանք, որ իրենք ալ մեր մկրտությունը ընդունին, բայց իրենց գիտնալիքն է, և իրենց որոշումն է: Մենք կհարգենք Մայր եկեղեցին, վեհափառը, ամենայն հայոց կաթողիկոսն է ինքը»:

«Եկեղեցիին պատմության մեջ Հռոմի Կաթողիկե եկեղեցին 400-500 տարի չընդունեց օրթոդոքս (ուղղափառ) եկեղեցիները, և ոչ թե միայն մկրտությունը չընդունեց, այլ իրենց եկեղեցի ըլլալը չընդունեց ու նոր միայն այդքան տարի հետո ըսավ, լավ, անոնք ալ եկեղեցի են,- նշում է Հայ առաքելական եկեղեցուն իրեն քույր եկեղեցի համարող Հայաստանյայց ավետարանական եկեղեցու ավագ հովիվը: – Անկէ վերջը որ ավետարանական եկեղեցիները ծնունդ առան 16-րդ դարում, անոնց չընդունեցին 300 տարի, ասին, որ միայն մենք ենք եկեղեցին, անոնք չեն, մինչև որ ընդունեցին: Ուրեմն, իրենց գիտնալիքն է, իրենք պիտի հասնեն այդ որոշումին, այդ հասունության»:

Խղճի ազատությանը տված պաշտոնական պարզաբանման մեջ` Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ասում է, որ պատմականորեն ու պաշտոնապես Հայ առաքելական եկեղեցին համարում է «Մայր եկեղեցի»` առնվազն երեք իմաստով.

Հայաստանյայց ավետարանական եկեղեցին ծնունդ է առել Հայաստանյայց առաքելական եկեղեցուց
Հայաստանյայց ավետարանական եկեղեցին ծնունդ է առել Հայաստանյայց առաքելական եկեղեցուց

«Նախ՝ Հայաստանյայց ավետարանական եկեղեցին ծնունդ է առել Հայաստանյայց առաքելական եկեղեցուց: Երկրորդ՝ 1846 թվականի` հիմնադիր համարվող Հայ Ավետարանականները գրավոր շեշտել են, թե իրենք նոր համայնք ստեղծելու մտադրություն չունեն, այլ մնալու են հարազատ իրենց ազգին: Երրորդ՝ Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին շարունակելու է հարգել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն անկախ պատմական, եկեղեցաբանական կամ հասարակական պայմաններից և իրավիճակներից»:

Հայաստանյայց ավետարանական եկեղեցին ընգծում է, որ իր դիրքը պայմանավորված չէ Հայ առաքելական եկեղեցու կողմից ընդունված լինելու հանգամանքով, ինչպես նաև առաքելական ու կաթոլիկ եկեղեցիների մկրտությունն ընդունելով` իրենք չեն ակնկալում փոխադարձ ընդունում, այլ իրենց հույսը փոխճանաչման ընթացքի մեջ հետզհետե զարգացում ունենալն է:

«Ինչ վերաբերվում է «քույր եկեղեցիներ» արտահայտությանը, ապա սա ներքին, հոգևոր, և քրիստոնեության մեջ գործածվող տերմին է, որը հատկապես լայն կիրառում է ստացել 20-րդ դարի ընթացքում և պարզապես մատնանշում է Քրիստոսի մարմնի հարազատությունն ու տարբեր եկեղեցիների միջև մեկ Տիրոջ պատկանելու իրականությունը: Իսկ մեր պարագայում նաև մեկ ազգի ու մեկ ժողովրդի պատկանելու հանգամանքը»,- պարզաբանում են Հայաստանյայց ավետարանական եկեղեցու հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայաստանի հասարակության շրջանում ավետարանական եկեղեցիները ավելի քիչ են աղանդավորական ընկալվում լայն հանրության կողմից, սակայն, միևնույն ժամանակ եղել են դեպքեր, երբ որոշ ընդհարումներ են եղել ավետարանական ու առաքելական եկեղեցիների ներկայացուցիչների միջև, քանի որ առաքելականները նրանց իրենց հոտից հետևորդներ որսալու մեջ էին մեղադրում («Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում», 2010, էջ 12-14):

Ավետարանական հավատքի եկեղեցիների միության փոխնախագահ, «Ռեմա» Ավետարանական հավատքի եկեղեցու հովիվ Կարեն Խաչատրյանի բնորոշմամբ` կրկնամկրտությունը արտացոլում է մի կողմից «Քրիստոսի Եկեղեցու բացասական նկարագիրը` ներքին ֆրագմենտացում (բաժանվածություն), միջհարանվանական անհանդուրժողականություն և անընդունելիություն, որի մեջ «հանցավոր» են բոլոր հարանվանությունները (անվանմամբ միմյանց նման կրոնական միավորումներ, եկեղեցիներ), մյուս կողմից բուն մկրտության կարևորությունը Քրիստոնեական աշխարհի համար».

«Ուստի, այն որ այդ երևույթը առկա է, վատ է, սակայն քանի որ այն իր գոյությամբ կարևորեցնում է բուն մկրտության ինստիտուտը` լավ է»:

Երևանի ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ, վերապատվելի Լևոն Պարտագճյանը նշում է, որ իրենց եկեղեցին չի վերամկրտում, ինչը ամրագված է նաև իրենց կանոնադրության մեջ, մինչդեռ առաքելական եկեղեցին ավելի դոգմատիկ է, իսկ ավետարանականները ավելի ազատ, ճկուն են:

Լեւոն Պարտագճյան
Լեւոն Պարտագճյան

Ըստ Պարտագճյանի` Հայ առաքելական եկեղեցին միայն մկրտությամբ չի բավարարվում, որի ընթացքում ջրով լվացվում են` Մաքրագործվելով մեղքերից, այլ նաև կնքում է մկրտվողին մեռոնով.

«Կնիք դրվում է Մայր աթոռի մեջ օծված մեռոնով, որն ամբողջ աշխարհով են ուղարկում, կոնտրոլի ձև մըն է»:

Կրոնական գիտությունների դոկտոր Պարտագճյանը նշում է, որ աստվածաբանական տեսնակյունից ծեսը չէ, որ մկրտությունը վավերական է համարում, այլ մկրտվող անձի հավատքը ու միաժամանակ փոփոխություններ է կանխատեսում այս հարցում. «Կարծես թե ժամանակները փոխվում են առաքելական եկեղեցիին մեջ ալ»:

Կրկին մկրտվելը անհատական որոշում է

Ավետարանական եկեղեցիներ կան, որոնք մարդու` իրենց հետևորդի ընտրությանն են թողնում կրկին մկրտվելու որոշումը:

Կարեն Խաչատրյան. մեր եկեղեցին հարգում է և չի պարտադրում վերամկրտություն, սակայն, նաև չի մերժում այն, եթե անհատը ինքն է որոշում կրկին մկրտվել: Լուսանկարը՝ http://rhemachurch.net/ կայքի:
Կարեն Խաչատրյան. մեր եկեղեցին հարգում է և չի պարտադրում վերամկրտություն, սակայն, նաև չի մերժում այն, եթե անհատը ինքն է որոշում կրկին մկրտվել: Լուսանկարը՝ http://rhemachurch.net/ կայքի:

«Ռեմա» եկեղեցու հովիվ Կարեն Խաչատրյանն ասում է, որ ավետարանական հավատքի եկեղեցիներում մկրտվելու համար անհրաժեշտ են հետևյալ պայմաններ` «անձի ապաշխարությունը մեղսալից կյանքից դարձով դեպի առ Աստված և հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ».

«Այն նաև կոչվում է հգևոր վերածնունդ: Ուստի եթե անհատը մկրտվել է առանց այս պայմանների, ապա նրա մկրտությունը վավերական չէ»:

Ըստ Խաչատրյանի՝ իրենց եկեղեցին հարգում է և չի պարտադրում վերամկրտություն, սակայն, նաև չի մերժում այն, եթե անհատը ինքն է որոշում կրկին մկրտվել.

«Եթե անհատը, ով ցանկանում է դառնալ մեր եկեղեցու անդամը, համարում է, որ իր նախկինում եղած մկրտությունը վավերական չէ, իր մկրտության պահին ունեցած իր վիճակի պատճառով և ցանկանում է մկրտվել, մենք քննարկում ենք նրա հետ և եթե վստահանում ենք, որ իրոք իր նախկին մկրտությունը որևէ հոգևոր նշանականություն չունի, մկրտում ենք նրանք»:

«Օրինակ, շատերը կնքվել են մանուկ հասակում և չափահաս տարիքում դարձի գալով ցանկանում են վերապրել այդ փորձառությունը»,- հավելում է Խաչատրյանը:

73-ամյա Նինա Հարությունյանը երկրորդ անգամ մկրտվել է: Նա մեկ այլ՝ Երևանի հայ ավետարանական-մկրտական քրիստոնյաների եկեղեցու հետևորդ է արդեն 15 տարի. «Եկեղեցին ինձ հոգևոր սնունդ է տալիս, մենք հավատում ենք հոր, որդու և սուրբ հոգու երրորդությանը»:

Հարությունյանը մկրտվել է 13 տարի առաջ, թեպետ մինչ այդ մկրտված է եղել նաև Առաքելական եկեղեցում.

«Ես մկրտված եմ եղել, բայց այս մկրտությունը ուրիշ էր: Երբ փորք եմ եղել, մամաս ինձ տարել ա ու մկրտել ա եկեղեցում, բայց այս անգամ ընդհանրապես ուրիշ էր, կարծես Աստծո հետ հոգևոր կապի մեջ եմ մտել»:

Նա հիշում է, որ Երևանի հայ ավետարանական-մկրտական քրիստոնյաների՝ Նար-Դոս 90 հասցեում գտնվող եկեղեցի այցելելուց մի քանի ամիս անց նրան «հրավեր են» արել ապաշխարելու, ինչը և նշանակում էր, որ պետք է նաև վերամկրտվել.

«Եթե ապաշխարում ես, ուրեմն ուզում ես մկրտվել: Իմ ապաշխարելուց հետո ես դասընթացների էի գնում, մեզ սովորեցնում էին՝ ոնց պետք է մեզ պահենք, ինչ ձև հագնվենք, այն ամենն, ինչ գրված է Հիսուսի գրքի մեջ. մազդ չպիտի կտրես, չպիտի պճնվես, կարող ես ազատ լինել, բայց չափի մեջ»:

«Դասերից հետո մենք գնացինք Սևան մկրտվելու, 40 հոգով մկրտվեցինք, սպիտակ զգեստներ հագանք, մտանք ջրի մեջ, լվացվեցինք, դուրս եկանք, հովիվը մեզ օրհնեց, քարոզ կարդաց: Հետո մեզ գրքույկներ են տվել, որոնք ցույց են տալիս, որ մենք մկրտված ենք»,- պատմում է Նինա Հարությունյանը:

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու անդամ Գրիգոր Վարդանյանը «Շիին Շողիկ» ճամբարում, բեմականացված ներկայացման ժամանակ:
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու անդամ Գրիգոր Վարդանյանը «Շիին Շողիկ» ճամբարում, բեմականացված ներկայացման ժամանակ:

Ի տարբերություն Հարությունյանի, ավետարանական եկեղեցու հետևորդ Գրիգոր Վարդանյանը նորից չի մկրտվել` պահպանելով Առաքելական եկեղեցու իր կնունքը:

«20 տարի է՝ ես հաճախում եմ Հայաստանյայց ավետարանական եկեղեցի, սակայն փոքր ժամանակս կնքվել եմ Հայ առաքելական եկեղեցում ու մինչև օրս ավետարանական եկեղեցում չեմ մկրտվել»:

«Ես ընդունում եմ իմ առաքելական կնիքը, սակայն իմ հոգևոր աշխարհը ես գտել եմ ավետարանական եկեղեցում: 20 տարի ինձ ոչ ոք չի ստիպել, որ ես նորից մկրտվեմ, հիմա ես մկրտություն չունեմ Հայաստանյայց ավետարանականում եկեղեցում»,- նշում է նա:

Հայաստանի կառավարության` Ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերի վարչության հրապարակած ՀՀ-ում գրանցված կրոնական կազմակերպությունների ցանկում 65 կազմակերպություններից 33-ը իրենց անվանման մեջ ունեն «ավետարանական» կամ «ավետարան» բառերը, ինչով և իրենք իրենց որակում են ավետարանական եկեղեցիներ:

Այդ եկեղեցիների/կազմակերպությունների թվում են թե երկար պատմություն և մեծաթիվ հետևորդներ ունեցողները, ինչպես Հայաստանյայց ավետարանական եկեղեցին, որ եկեղեցիներ ունի հայկական Սփյուռքի բազմաթիվ օջախներում, թե վերջին 20 տարվա ընթացքում հիմնադրված ու մի քանի հարյուրից մի քանի հազար հետևորդ ունեցողները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *