Կրոնական շարժառիթով տապալված գիտական աշխատանք. եկեղեցին միջամտում է գիտությանը

 

Արմինե Դավթյանը պնդում է` իրենց աշխատանքից հեռացրել են, քանի որ կարծում են` թե աղանդավոր է: Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի:
Արմինե Դավթյանը պնդում է` իրենց աշխատանքից հեռացրել են, քանի որ կարծում են` թե աղանդավոր է: Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի

Մանկավարժականի նախկին դասախոսը չի պատրաստվում կրկին պաշտպանել իր թեկնածուական ատենախոսությունը, քանի որ համոզված է` աշխատությունը գիտխորհորրդը դատում է ոչ թե դրանում արծարծված գաղափարների հիման վրա, այլ իր կրոնական համոզմունքների, քանի որ խորհրդի աշխատանքին միջամտել են Հայ առաքելական եկեղեցու հեղինակություններ:

«Այս մասին ես տեղեկացել եմ որոշակի աղբյուրներից»,- ասում է 40-ամյա Արմինե Դավթյանը իր` «Ավագ դպրոցականների հոգևոր դաստիարակության առանձնահատկությունները» ատենախոսության պաշտպանության բացասական ավարտից մեկ տարի անց:

2013-ի փետրվարի 28-ին մանկավարժական համալսարանում ձեւավորված գիտական խորհրդի մեծ մասը` 12-ից 7-ը, դեմ են քվեարկել Դավթյանի ատենախոսությանը՝ մերժելով գիտական աստիճան տալ: Ավելի վաղ Դավթյանին փաստացի հեռացրել էին աշխատանքից` ըստ համալսարանի ղեկավարության ամբիոնի վերակազմավորման պատճառով, մինչդեռ կինը պնդում է, որ իրական պատճառը իր թեզն ու դրանում վեր հանված կրթական խնդիրներն են.

«Թեպետ ես շարունակեցի աշխատել միայն Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ համատեղ նախագծում` ավարտին հասցնելով  ինձ հանձնարարված դասախոսների վերապատրաստման պատասխանատու ծրագիրը: Սակայն, նույնիսկ սա առիթ չհանդիսացավ ղեկավարությանը վերանայելու իրենց որոշումը»:

Դավթյանն ասում է, որ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանի կարծիքն աշխատության վերաբերյալ, որն ինքը համարում է ոչ գիտական, ի սկզբանե կանխանշել էր պաշտպանության գործընթացում ընգրկված մյուս անձանց վերաբերմունքը:

«Այն իրավաբանորեն և գիտական էթիկայի տեսանկյունից չէր կարող որևէ դեր ունենալ գիտական աշխատանքի պաշտպանությունում, սակայն խորհրդի նախագահն ու քարտուղարը ներառեցին այն կարծիքների մեջ ևս», – նշում է նախկին դասախոսը, որ պատրաստվում է աշխատանքը պաշտպանել Հայաստանից դուրս:

«Իմ աշխատության գիտական  թեզիսները ներկայացրել եմ մի շարք գիտական հաստատություններ և ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայում ու Նիժեգորոդսկի պետական լեզվաբանական համալսարանում ստացել եմ առաջարկներ այն ՌԴ-ում կամ Ուկրաինայում պաշտպանելու համար և զբաղվում եմ թարգմանությունով»:

Արմինե Դավթյանի պաշտպանության ընթացքում նրա ելույթը ագիտացիա էր որակվում: Լուսանկարը` Արմինե Դավթյանի
Արմինե Դավթյանի պաշտպանության ընթացքում նրա ելույթը ագիտացիա էր որակվում:
Լուսանկարը` Արմինե Դավթյանի

Մեկ տարի առաջ «Խղճի ազատությունը» ներկա էր Դավթյանի թեկնածուականի պաշտպանությանը, երբ ընդդիմախոսները աշխատությունում քարոզչություն էին տեսել, սակայն իրենց կարծիքներում չէին հիմնավորել դա, մինչդեռ կրթության եւ գիտության փոխնախարարն աշխատանքն անփոխարինելի էր գնահատել:

Պաշտպանության ընթացքում շեշտադրումներն ավելի շատ աշխատանքի` քարոզչություն պարունակելուն էին վերաբերում, քան բովանդակությանը կամ նորարարությանը:

Բացասական կարծիքներից մեկը`Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետից էր, որը խորհրդային տարիներին եղել է Աթեիզմի ամբիոն:

«Երբ 2012-ի մայիսին աշխատանքն ուղարկվեց Աստվածաբանության ֆակուլտետ, ես պնդեցի, որ Եկեղեցու պատմության ամբիոնի հետ իմ աշխատանքը կապ չունի,- ասում է Դավթյանը:- Սակայն, ոչ ոք չլսեց ինձ ու այդ հանգամանքին ուշադրություն չդարձրեց: Առաջին պաշտպանությանը այդ կարծիքը չեղյալ հայտարարվեց, որակվելով որպես «ինչ-որ պոպուլյար բան», առաջարկություն եղավ նույնիսկ դիտողություն ուղարկել Աստվածաբանականին նման ոչ մասնագիտական կարծիք ուղարկելու համար, իսկ վերջին պաշտպանությանն այն ընթերցվեց, ու հանկարծ դարձավ «շատ լավ կարծիք»:

Իր թեկնածուական ատենախոսության վրա աշխատելու տասնմեկ տարիների ընթացքում նա համոզվել է, որ Հայաստանում ընդհանրապես եւ Մանկավարժական համալսարանում, մասնավորապես, «հոգևորը նույնականացնում են կրոնականի հետ, իսկ կրոնականը` առաքելական եկեղեցու»:

2003-ին հայցորդ ընդունվելով Մանկավարժական համալսարան` 5 տարի անց Դավթյանը ներկայացել էր իր գիտական աշխատանքը նախապաշտպանությանն ու ստացել դրական եզրակացություն: Ոչ պատշաճ կանոնակարգումների եւ ընթացակարգերի պատճառով 3 տարի հետաձգվել էր հրապարակային պաշտպանությունը, ապա նորից դրվել նախապաշտպանության, իսկ 11 ամիս անց` պաշտպանության:

Թեզի պաշտպանությանը` 2013-ի փետրվարի 28-ին, երբ Դավթյանը ներկայացնում էր հոգեւոր դաստիարակության իր սահմանումն ու հայեցակարգը, Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Աբրահամյանն առաջինն արձագանքեց.

«Ձեր կողմից տված ագիտացիան մեզ հասկանալի է: Մի դասի օրինակ կներկայացնեք, թե Դուք կոնկրետ ի՞նչ եք անում, որ աշակերտներին նման դաստիարակություն եք տալիս»,- Դավթյանին ընդհատելով հարցրեց Աբրահամյանը:

Դավթյանի ատենախոսությունը բազմաթիվ դրական արձագանքներ է ունեցել: Լուսանկարը` Արմինե Դավթյանի
Դավթյանի ատենախոսությունը բազմաթիվ դրական արձագանքներ է ունեցել:
Լուսանկարը` Արմինե Դավթյանի

Աշխատանքում քարոզչական տարրերի առկայություն էին մատնանշել նաեւ ԵՊՀ մանկավարժության ամբիոնում` «այնպիսի տպավորություն է, որ հետազոտողը ավելի շատ ցանկանում է, որ աստվածաշնչյան թեմայի նորովի ուսուցանում լինի» ու եզրակացրել, թե աշխատանքում «ընդգրկված են քարոզչական միտումներ», սակայն, որեւէ կոնկրետ բան չէին ընդգծել:

Նույն միտումը Աստվածաբանության ֆակուլտետի կարծիքում էր. «Իհարկե վայել չէ, որ անկողմնակալ հետազոտության մեջ դրսեւորվի հեղինակի սուբյեկտիվ կրոնական հարանվանական (քրիստոնական ուղությունների առանձին ճյուղերը) նախասիրությունը, բայց, երեւի, այն արտահայտվում է նաեւ ակամա», ինչպես նաեւ` «սակայն դա չի նշանակում, թե հիմնական դպրոցում թույլատրելի է կրոնական քարոզը»:

ԵՊՄՀ Մանկավարժության տեսության ու ընդհանուր մանկավարժության ամբիոնի ղեկավար Լաուրա Ասատրյանը պաշտպանության ժամանակ նշեց, որ նա ծանոթ չէ «թե ինչ ենթատեքստ ունի կամ, համենայն դեպս, ինչ ենթատեքստ են տեսնում աշխատության տակ մարդիկ»:

Դավթյանը «Խղճի ազատությանը» պատասխանում է իրեն ուղղված քննադատությանը. «Այդ իրենք էին ենթատեքստ փնտրում: Ես կրոնական ոչ մի կազմակերպության անդամ չեմ, ուսումնասիրել եւ առնչվել եմ բազմաթիվ կազմակերպությունների հետ, քանի որ հետազոտող եմ, չեմ ժխտում, որ գիտական մոտեցումը, որը կիրառել եմ, գուցե, մոտ է բողոքական աստվածաբանության հայացքներին, որոնք ինձ համար գիտականորեն ավելի տրամաբանական  են, թեպետ, ես նույնիսկ կաթոլիկ եւ ուղղադավան աստվածաբան-փիլիսոփաների հայացքների հիման վրա եմ ձեւավորել իմ հայեցակարգը»:

Այդուհանդերձ, նա ընդունում է, որ 15 տարի շարունակ հոգեւոր դաստիարակության հայ եւ համաշխարհային փորձի ուսումնասիրությունը չէր կարող ազդեցություն չունենալ իր համոզմունքների ու աշխարհայացքի ձեւավորման վրա.

«Սակայն, ես հավատ ուսուցանելու խնդիր չեմ դնում, ես հավատը դիտում եմ որպես արժեք` հույս, հավատ, սեր արժեքների շարքում: Իրենք հոգեւոր դաստիարակությունը դիտարկում են որպես հավատի ուսուցանում, իսկ ես ասում եմ` մանկավարժը հավատ չի ուսուցանում, հավատը մարդու մեջ կա, իսկ դրա պատասխանատուն ընտանիքն է, մեր խնդիրը, որպես մանկավարժների, պիտի լինի կողմնորորոշել այդ հավատը բարոյականի ուղղությամբ»:

Ատենախոսությունն ու թեմայի ընտրությունը դրական է գնահատում Կրթության ու գիտության փոխ­նախարար Մանուկ Մկրտչյանը, ով ներկա էր պաշտպանությանն ու ասաց. «աշխատանքն ունի անգնահատելի արժեք»:

«Դավթյանը համարձակվել է վերցնել մի թեմա, որից բոլորը խուսափում են, հատկապես բացասական կարծիք հայտնողները: Իրականում այդ մենք` նախարարությունում կամ դուք համալսարանում պիտի նախաձեռնեիք այս ուսումնասիրությունը, քանի որ Հայաստանը աշխարհիկ պետություն է ու մենք պետք է ուսումնասիրենք` ինչպես է արժեհամակարգ ձեւավորվում մեր երեխաների մոտ դպրոցում»,- նշեց Մկրտչյանը պաշտպանության ժամանակ:

Ատենախոսության վերաբերյալ դրական կարծիքով էր հանդես եկել նաեւ Մատենադարանի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, «էջմիածին» ամսագրի նախկին խմբագիր Վարդան Դեվրիկյանը.

«Ատենախոսի բնորոշմամբ` «միասնական դաստիարակչական միջավայրի կառուցմանը նպաստող գործոնների հայտնաբերման» հարցում, հոգեւոր դաստիարակությունը, որպես իրենում տարբեր բաղադրիչներ ներառնող մի հասկացություն, սահմանազատում է կրոնական կամ եկեղեցական դաստիրարակությունը` կրթությունից, որպեսզի դպրոցը չվերածվի դավանբանական վեճերի կամ պառակտումների թատերաբեմի»:

«Շատ կարևոր է, որ հավելվածում արդեն ներկայացվում են մեթոդիկայի արդյունքները, դպրոցականների համար կազմված ծրագրերն ու խաղերը, գրականությունն ու պատմության տարբեր օրինակները հոգեւոր դաստիարակությանը ծառայեցնելու ջանքերը»,- շարունակվում է կարծիքը:

«Եվ, ի վերջո, եթե մարդը կրոնական ինչ-որ հայացքներ ունի, ուրեմն չպիտի՞ զբաղվի գիտական գործունեությամբ ու չարտահայտի այդ աշխատանքի մեջ իր սուբյեկտիվ կարծիքը,- զարմանում է Դավթյանը: – Պարզվում է` ոչ ու որպես ապացույց, խնդրեմ` իմ գիտական աշխատանքը պատճառ դարձավ ինձ աշխատանքից հեռացնելու համար: Նրանք կարող են ասել, թե իրականում հաստիք չլինելու պատճառով ինձ հետ պայմանագիրը չեն երկարացրել, բայց դա այդպես չէ: Ինձանից հետո նույնիսկ նոր ու անփորձ կադրեր են ընդունել, շարունակում են աշխատել անձիք, ովքեր թե՛ տարիքային, թե՛ գիտական փորձի առումով շատ ավելի ցածր ցուցանիշներ ունեն»:

«Իմ դիմումը` սոցիալական մանկավարժության ժամեր ինձ հատկացնելու համար, մերժել  են` «սոցիալական մանկավարժության ժամեր չլինելու պատճառով»: Սակայն Սոցիալական մանկավարժության մասնագիտության բոլոր ժամերն էլ պահպանված են, ու այսօր այդ առարկան դասավանդում են այլ մասնագետներ»:

Տեսական մանկավարժության եւ մանկավարժության պատմության ամբիոնի վարիչ Լաուրա Ասատրյանը «Խղճի ազատությանն» ասաց, թե Դավթյանի պաշտպանության ձախողման ու աշխատանքային պայմանագիրը չերկարացնելու մեջ արտառոց որեւէ բան չի տեսնում.

«Երբ ինքը ներկայացնում էր` ես զգացի, որ որոշակի կրոնական ուղղվածություն ուներ աշխատանքը, ոչ թե հոգեւոր դաստիարակության խնդիրներ, այլ ուրիշ: Բարոյական դաստիարակությունը չի վերաբերում կրոնին, ինչպես որ ինքը ակնկալում է: Ես գտնում եմ, որ ինքը զարգացած կին է, բայց թե ինչ ուղղությամբ էր ու ինչ օրինակ էր տարել նրանց [կարծիքներ գրողներին], ես տեղյակ չեմ: Իրավունք չունի փոփոխություններ կատարելու (Թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության նոր կարգ): Հենց միայն դրա համար պետք է դադարեցվեր պաշտպանությունը»:

Դավթյանը, սակայն, համոզված է` աշխատանքը փոխելու մեղադրանքները իրենց սեփական բացթողումները թաքցնելու համար են արվել.

«Պաշտպանության ժամանակ ինձ մեղադրում են աշխատանքը փոխելու, ինչ որ քարոզչական ենթատեքստ մտցնելու մեջ` քողարկելու համար իրենց բացթողումները: Դա ես համարում եմ ցածրակարգ զրպարտանք: Ես ունեմ փաստեր, որ աշխատանքում բովանդակային կամ գաղափարական փոփոխություններ չեն արվել: Դրանք արձանագրված են 2 նախապաշտպանությունների եզրակացություններում, որոնք ստորագրված են նույն Լաուրա Ասատրյանի կողմից»:

Մեջբերում ատենախոսությունից. «Իսկ ընտանիքների տիպերն այսօր բազում են, այդ թվում նաեւ կրոնական եւ տարբեր հարանվանական պատկանելության: Դպրոցը կանգնում է դժվարին խնդրի առաջ, քանի որ այստեղ են հավաքվում տարբեր տիպի, հավատքների ու հասարակական դիրքի ընտանիքների երեխաներ եւ ուսուցիչներ: Կրթության մեջ անհրաժեշտ է միասնական բարոյահոգեւոր դաստիարակության համակարգի ձեւավորում, որը կհեշտացնի տարբեր աշխարհընկալման տեր անձանց երկխոսությունն ու համակեցությունը: Այն պետք է ունենա ազգային եւ համամարդկային արժեքներն ամբողջացնող գաղափարախոսություն: Դրանց ներմուծումն անվիճելիորե իրականացվում է հոգեւոր դաստիարակության գործընթացում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *