Հավատացյալների թվերը կեղծվա՞ծ. Մարդահամարի տվյալները չեն ընդունում կրոնական կազմակերպությունները

1459668_650600051659583_201542472_n
Կրոնական կազմակերպությունները արժանահավատ չեն համարում Մարդահամարի տվյալները: Լուսանկարը` Մարդահամար 2011-ի ֆեյսբուքյան էջից

Հայաստանի բնակչության քանակն ըստ դավանանքի ցույց տվող Մարդահամար-2011-ի տվյալները չեն կարող ճիշտ լինել, ավելին` դրանք խտրական վերաբերմունք են ցույց տալիս Հայ առաքելական եկեղեցու անդամ չհանդիսացող տասնյակ հազարավոր մարդկանց նկատմամբ:

Երկրում օրինական գործող կրոնական կազմակերպությունների անդամներն ու իրավապաշտպանները համոզված են` 2013-ի վերջին հրապարակված այդ տվյալներում մարդկանց դավանանքի վերաբերյալ թվերը չեն համընկնում իրենց թվերի հետ: Նաև ոչ պատշաճ են դասակարգված, օրինակ, ավետարանական բոլոր եկեղեցիները` մեկ Ավետարանական անվան ներքո:

Ավելին, «Խղճի ազատության» տեղեկություններով` Հայաստանի առնվազն երկու քաղաքներում դավանանքի վերաբերյալ տվյալները փոփոխվել են:

«Մեր թերթիկներում Հայ առաքելական եկեղեցու հավատացյալները 60 տոկոսի չափ էին, բայց ամփոփելիս գրել ենք` 90»,- ասաց 2011-ի մարդահամարի անցկացման մարզային պատսխանատուներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ: Մեկ այլ պատասախանատու էլ նշել է, որ մարզի գյուղերում ու քաղաքներում մարդկանց չէին էլ հարցնում դավանանքի մասին, այլ նշում էին իրենց համար ցանկալի թվեր:

Ըստ Մարդահամար 2011-ի` Հայաստանի 3 մլն 19 հազար բնակչից կրոնական դավանանք ունի գրեթե 2 մլն 900 հազարը, այսինքն` բնակչության 96 տոկոսը: Միևնույն ժամանակ 2011-ին իրականացված մեկ այլ սոցիոլոգիական հետազոտության` Win-Gallup International կազմակերպության  Կրոնի և աթեիզմի ինդեքսի համաձայն` Հայաստանում հավատացյալ բնակչությունը 92 տոկոս է կազմում: Ըստ Ինդեքսի` հավատացյալների թվով Հայաստանն աշխարհում երրորդ երկիրն է:

Հայաստանն աշխարհում երրորդ երկիրն է հավատացյալների թվով: Գրաֆիկը` civilnet.am-ի:
Հայաստանն աշխարհում երրորդ երկիրն է հավատացյալների թվով: Գրաֆիկը` civilnet.am-ի:

Մարդահամարի տվյալներով` Հայ առաքելական եկեղեցու համայնքը ամենամեծն է` 2 մլն 800 հազար մարդ, որը հավատացյալ բնակչության 96,5 տոկոսն է կազմում (թվերը կլորացված են, չնչին տարբերությամբ): Մյուս համայնքները մի քանի տասնյակ անգամ զիջում են, օրինակ, ավետարանակ են 29 հազար 280 հոգի, Շար-ֆադինական` 26 հազար 204 (հիմնականում եզդիներ), կաթոլիկ` 13 հազար 843-ը: Եհովայի վկաները 8,6 հազար են, ուղղափառները՝  7,5 հազար, հեթանոսները`5,5 հազար, մոլոկանները` 2,8: Դավանանք չունեցողները` (կարելի է ենթադրել, աթեիստները)` 34 հազարից մի քիչ ավելի են, այլ դավանանք ունեցողները` 7 հազար 888 հոգի: 76 հազար մարդ չեն նշել իրենց դավանանքը (երբ ընտանիքի մի անդամը մյուսի դավանանքի մասին չի հայտնել), իսկ գրեթե 11 հազար հոգի չեն պատասխանել դավանանքի մասին հարցին:

Մինչ Մարդահամար 2011-ի տվյալների հրապարակումը, «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» հկ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը, ով նախկինում եղել է ԱԱԾ-ի աշխատակից, նշում էր, որ Հայաստանում իրենց գնահատմամբ «քայքայիչ համարվող կրոնական կազմակերպությունների» անդամների թիվն անցնում է հայրուր հազարը (նա քայքայիչ չէր համարում Առաքելական, Կաթոլիկ Ուղղափառ եկեղեցիները, Շար-ֆադինական կրոնը դավանողներին, մոլոկաններին, հեթանոսներին ու աթեսիտներին):

Մարդահամարից մեկ տարի անց, «Առավոտ» թերթի փոխանցմամբ, նա ավելի մեծ թվի մասին է հայտարարել. «Առավել վտանգավոր են բողոքական ճյուղի հետևորդները` խարիզմատները, հոգեգալստականները, ադվենտիստները, որոնց թիվը Հայաստանում կազմում է շուրջ 180 000»:

Ալեքսանդր Ամարյանը սադրիչ հայտարարություններ է անում
Ալեքսանդր Ամարյան. Հայաստանում կա 350 հազար ոչ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ:

Ըստ Ամարյանի` Հայաստանում կա 350 հազար ոչ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որոնք կազմում են մեր բնակչության 15 տոկոսը` տեղեկացնում է Առավոտը:

Մարդահամարի արդյունքներով, սակայն, պարզագույն մաթեմատիկայով` բողոքականները, տվյալների մեջ նշված է ընդհանուր անվամբ` ավետարանականներ (որոնց Ամարյանը «քայքայիչ» է անվանում), անգամ 30 հազար չեն: Եթե այդ թվին գումարենք անգամ Եհովայի վկաների, այլ դավանանք նշածների, իրենց դավանանքը չնշածների ու դավանանքի մասին հարցին չպատասխանածների թվերը, ապա կստացվի ընդամենը 133 հազար 77 մարդ:

Այսինքն` կամ Մարդահամար 2011-ի տվյալները չեն արտացոլում իրական պատկերը, կամ Ամարյանի գնահատականները ճշգրիտ չեն:

Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները հակված են կարծելու, որ Մարդահամարի տվյալները արժանահավատ չեն:

Ըստ Եհովայի վկաներ կազմակերպության` իրենց անդամների թիվը 11 հազար է, Մարդահամարն ասում է` 8 695:

«Արտագաղթողներին չհաշված Հայաստանում կան մոտ 11000 Եհովայի վկաներ,- ասում է կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանը։ – Այս թվի մեջ ընդգրկված չեն նրանք, ովքեր պարբերաբար կամ մշտապես մասնակցում են մեր հանդիպումներին կամ վկաների հետ ուսումնասիրում են Աստվածաշունչը»։

«Ճիշտն ասած, եթե համեմատենք Եհովայի վկաների իրական թիվը մարդահամարի տվյալների հետ, իհարկե այն իրականությունը չի արտացոլում»,- հավելում է Հարությունյանը։

Հարությունյանին համակարծիք է Առաքելականից հետո ամենամեծ կրոնական համայնքներից մեկի` Հայաստանյայց ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) Ավագ հովիվ օգնական Հովհաննես Հովսեփյանը:

«Մարդահամար 2011-ի տվյալները չեն ներկայացնում ամբողջական պատկերը կրոնական դավանանքի մասով, քանի որ հարցաթերթիկում ներառված չեն եղել երկրում պաշտոնապես գրանցված բոլոր կրոնական կազմակերպությունները,- նշում է նա: – Նման մոտեցումը չէր կարող ամբողջ իրականությունը ներկայացնել: ‹‹Ավետարանական›› անունով տարբեր հարանվանություններ կան Հայաստանում, իսկ փաստացի մարդահամարում բոլորը մեկ ավետարանական անվան տակ են ներկայացված»:

Չհայտնելով` իրենց կազմակերպության անդամների պաշտոնական թիվը` Հովսեփյանն, այնուամենայնիվ, մի փոքր բացում է փակագծերը:

«Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Հայ ավետարանչական ընկերակցության հետ համատեղ, հավատարիմ մնալով իր առաքելությանը («Խղճի ազատություն»` հոգևոր, կրթական, մշակութային և ազգապահպան գործունեության ծավալում), վերջին 20 տարիների ընթացքում առանց որևէ խտրականության 100 հազարից ավելի անձերի է օժանդակել հոգևոր, կրթական մշակութային և սոցիալական ոլորտներում»,- ասում է ՀԱԵ Ավագ հովվի օգնականը:

Հայաստանի կառավարության` Ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերի վարչության հրապարակած ՀՀ-ում գրանցված կրոնական կազմակերպությունների ցանկում 65 կազմակերպություններից 33-ը իրենց անվանման մեջ ունեն «ավետարանական» կամ «ավետարան» բառերը, ինչով և իրենք իրենց որակում են ավետարանական եկեղեցիներ:

Ալեքսանդր Ամարյանի խոսքով` չգրանցված կրոնական կազմակերպությունների թիվը Հայաստանում հասնում է 200-ի, տեղեկացնում է «Առավոտը»:

Արմեն Լուսյան. ամեն նախագահի կառավարման շրջանն աչքի է ընկել եկեղեցի-պետություն հարաբերությունների առանձնահատկություններով:
Արմեն Լուսյան. Բնակչության կրոնական պատկանելությունը մարդահամարով պարզելու միջոցն անարդյունավետ էր: Լուսանկարը` Արմեն Լուսյանի

«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմեն Լուսյանը ասում է, որ Մարդահամարի տվյալներն օբյեկտիվորեն չէին կարող արտացոլել իրենց եկեղեցու անդամների թեկուզ մոտավոր թիվը, այն պարզ պատճառով, որ հաշվառման թերթիկում «Կյանքի խոսք» եկեղեցու համար առանձին տող ամրագրված չէր:

Իսկ իրենց եկեղեցու անդամների իրական թիվը չի կարող ասել, «քանի որ եկեղեցու հետևորդների պաշտոնական հաշվառում չենք իրականացնում, իսկ մոտավոր թվեր ներկայացնելը տվյալ պարագայում չենք կարծում, որ տեղին է»:

Ըստ Լուսյանի` անգամ այն դեպքում, երբ Ավետարանական ընտանիքի եկեղեցիների հետևորդների համար թերթիկում առկա էր ինքնանույնականացման ընդհանուր կետ` ավետարանական, որով նրանք կողմնորոշվելով կնշեին այդ կետը, այսուհանդերձ, մարդահամարի տվյալները ճշգրիտ չեն.

«Բանն այն է, որ տարբեր ուսումնասիրությունների արդյունքներով Հայաստանի ավետարանական քրիստոնյաների թիվը կազմում է շուրջ 100 հազար: Մինչդեռ մարդահամարի տվյալներով` ավետարանականների թիվը նշված է 29 հազար 880: Ինչպես տեսնում ենք, այդ թվերի տարբերությունը շատ մեծ է»:

Բնակչության կրոնական պատկանելությունը մարդահամարով պարզելու միջոցն, ըստ Լուսյանի, անարդյունավետ էր, ու այս փորձը ցույց տվեց առնվազն երկու խոցելի հանգամանք.

«Նախ` հաշվարարները հաճախ այդ հարցը չեն ուղղել բնակիչներին (սա անձնական դիտարկումների արդյունքում ձևավորված կարծիք է): Երկրորդ` կան հավատացյալ մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով խուսափում են նշել իրենց եկեղեցական պատկանելությունը: Հենց միայն այս երկու պատճառները ոչ ճշգրիտ են դարձնում մարդահամարի տվյալները բնակչության կրոնական պատկանելության մասով»:

Մարդահամար 2011-ի` կրոնական պատկանելությանը վերաբերող տվյալներից դժգոհ է նաև Հայաստանի եզդիական համայնքի ղեկավարը: Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն ասում է` թվերը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ եզդիաբնակ գյուրերի գյուղապետերի օգնականներն ու հաշվապահները տվյալները լրացրել են իրենց աշխատասենյակներում

«Կեղծ թվեր են գրել: Կան որոշ եզդիներ, որոնք աղանդավոր են, չեմ ժխտում, բայց շատ չեն,- զայրացած խոսում է Թամոյանը: – Նույնիսկ մեր միության ներկայացուցիչները չեն եղել գյուղապետերի սենյակներում»:

Ըստ Մարդահամար 2011-ի Հայաստանում բնակվում է 35 հազար 308 եզդի, որից Շար-ֆադինական դավանանք ունեն 24 հազար 518-ը, մյուսները ներկայացել են` քրիստոնեական կամ հեթանոսական դավանանքի կրողներ են, աթեիստներ և այլն: Իրենց Առաքելական են համարում 3 հազար 597-ը, Ավետարանական` 532-ը, Եհովայի վկա` 40-ը, հեթանոս են` 3 հազար 624-ը (հավանական է, որ իրենց հեթանոս համարողների մեջ լինեն Շար-ֆադինական դավանանք ունեցողներ):

Մարդահամարի տվյալներում եզդիներից առանձին են ներկայացված Հայաստանում բնակվող քրդերը, որոնք եզդիների հետ նույն էթնիկական խումբն են` նույն կրոնական արմատներով: Հայաստանաբնակ 2 հազար 162 քրդերի մեջ դավանանք ունեն 2 հազար 98-ը, ամենամեծ դավանական համայնքը հեթանոսներ քրդերինն է` 1 հազար 68 հոգի, Շար-ֆադինական են`682-ը, Առաքելական` 180-ը, Ավետարանական` 42-ը, Եհովայի վկա` 2-ը, այլ դավանանք ունեն 124-ը (հնարավոր է` այս թիվը ներառում է նաև մահմեդականների):

«Ես ասում եմ` որտեղ որ Դուք հարցում եք արել, գնանք` հարցնենք, թե մարդիկ ինչ կրոն են դավանում»,- հավելում է Թամոյանը:

Մարդահամարում բնակչության կրոնական պատկանելության մասին հարց ՀՀ-ում ներառվել էր առաջին անգամ հենց 2011-ին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *