Տեր-Պետրոսյանի իշխանությունն ամենադաժանն էր. երեք նախագահների ընձեռած խղճի ազատությունը

Levon
Փորձագետներն ասում են` կրոնական խմբերի համար վատագույն ժամանակները Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում էին: Լուսանկարը` PanPhoto-ի:

Կրոնագետներն ու Հայաստանում խղճի ազատության փորձագետները, գնահատելով երկրում անցած 23 տարիներին դավանանքի ազատության վիճակը, ասում են, որ կրոնական խմբերի համար վատագույն ժամանակը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության շրջանն էր:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության ժամանակահատվածը գնահատվում է համեմատաբար խաղաղ ու հանդուրժող: Իսկ Սերժ Սարգսյանի նախագահության փուլը` ավելի համակարգված անհանդուրժողականությամբ:

Կրոնագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Լուսյանն ասում է, որ Հայաստանում  եկեղեցի-պետություն հարաբերությունների զարգացման երեք պայմանական փուլ է եղել, որենցից յուրաքանչյուրում որոշիչ դեր են խաղացել բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած նախապատվությունները, աշխարհայացքը, համակրանքներն ու հակակրանքները:

«Այդ շրջանները զարմանալիորեն համընկնում են Հայաստանի երեք նախագահների պաշտոնավարման տարիների հետ: Օրինակ՝ առաջին փուլը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանն է` 1991-1998 թվականները, ամենավաղ շրջանը, երբ Հայաստանում այս բնագավառը հեղհեղուկ հիմքերի վրա էր, Հայ Առաքելական եկեղեցուց բացի ակտիվ գործունեություն էին ծավալում նաև այլ եկեղեցիներ և կրոնական կազմակերպություններ, լարվածությունը շատ մեծ էր, որովհետև կրոնական կազմակերպությունների մասին չկար բավարար տեղեկատվություն: Իսկ չկա տեղեկատվություն` չկա նաև վստահություն, չկային այն մարդիկ, ովքեր պետք է հետազոտություններ իրականացնեին, կոնտակտներ հաստատեին, փորձեին ոլորտը կարգավորել»,- նշում է Լուսյանը, ով նաև Հայաստանում գործող «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հանրային կապերի պատասխանատուն է:

Ըստ կրոնագետի` երկրորդ փուլը համընկնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի հետ, որն, ըստ նրա գնահատականի, աչքի էր ընկնում հանդուրժողականության ավելի լայն մթնոլորտով.

«Ասել, որ այդ շրջանը զերծ էր խնդիրներից, չի կարելի, բայց այդ ընթացքում մեղմացավ կրոնական անհանդուրժողականության այն լարվածությունը, որը կուտակվել էր նախորդած տարիներին»:

Լուսյանը նշում է, որ երրորդ շրջանը պայմանականորեն համընկնում է երրորդ նախագահի` Սերժ Սարգսյանի նախագահության հետ. «Այս շրջանն ունի երկու կարևոր առանձնահատկություն. մի կողմից՝ պետության ու Հայ առաքելական եկեղեցու ավելի դաշնակցային հարաբերությունների ձևավորում, եկեղեցու դերակատարության ընդգծում, ինչը, ի դեպ, չէր կարելի ասել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների մասին, մյուս կողմից՝ նախագահի հրապարակային մոտեցումն առ այն, որ կրոնական պատկանելության հարցը չպետք է դառնա հայության տարանջատման գործոն»:

Դեռեւս 2008-ի ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը նշել էր, որ կարեւորում է հայի ազգությունը, ոչ թե դավանանքը, ու մեկ անգամ եւս իր դիրքորոշումը հաստատել երկրորդ անգամ ընտրվելուց առաջ: Մասնավորապես 2013-ի հունվարին «Անդին» ամսագրի հարցազրույցում ասել էր.

«Կամ ճակատագրի բերումով ծնվել է կաթոլիկ ընտանիքում: Անձամբ ես Ռուսաստանի հարավում հանդիպել եմ հրաշալի մարդկանց, ովքեր իրենց հայ էին համարում և փայլուն խոսում հայերեն իրենց՝ համշենահայերի բարբառով, բայց այդ մարդիկ, ավելի ճիշտ նրանց նախնիները ժամանակին ճակատագրի բերումով մահմեդականություն էին ընդունել: Նրանք իմ ազգակից եղբայրներն ու քույրերն են, ինչպես բոլոր այն հայերը, ովքեր իրենց համարում են քրիստոնյա կամ աթեիստ»:

Սերժ Սարսգյանի նախագահության շրջանում անհանդուրժողականությունը համակարգվեց: Լուսանկարում` նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և  Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Լուսանկերը` president.am-ի:
Սերժ Սարսգյանի նախագահության շրջանում անհանդուրժողականությունը համակարգվեց: Լուսանկարում` նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Լուսանկերը` president.am-ի:

«Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այս առումով աննախադեպ էր և բավական համարձակ, որի խնդիրն էր կասկածի տակ չդնել հայի ինքնությունը՝ անկախ կրոնական, սոցիալական, քաղաքական, գաղափարական հայացքներից»,- հավելում է կրոնագետը:

Գնահատելով Հայաստանում դավանանքի ազատությունը անցած 23 տարիներին` religions.am կայքի խմբագիր, Համագործակցության հանուն ժողովրդավարության ՀԿ-ի ղեկավար Ստեփան Դանիելյանը նույն պատկերն է ներկայացնում:

«Ամենասուր վիճակը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ,- ասում է նա, – երբ եղել են բառիս բուն իմաստով ջարդեր, երբ եղել են հարձակումներ կրոնական կազմակերպությունների գրասենյակների վրա, ծեծ, ջարդ, գույքի փչացում, որոշ դեպքերում նաև գողություններ հարձակվողների կողմից: 1992-95 թվականներն էին և դա պետականորեն կազմակերպված էր, իմ տեղեկություններով Վազգեն Սարգսյանն էր կազմակերպել»:

1995-ի ապրիլ-մայիս ամիսներին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հանձնարարությամբ նրա ղեկավարած «Երկրապահ կամավորականների միության» անդամները հարձակվեցին ութ կրոնական կազմակերպությունների հավաքտեղիներ, ծեծեցին հավատացյալներին ու մոտ 15 տղամարդ տարան ռազմական ոստիկանություն: Հայ ավետարանչական ընկերակցության առաջնորդ Ռընե Լևոնյանը այդ վայրագությունները բնութագրել է՝ «Սա սև բիծ է մեր Հայաստանի անկախության առաջին շրջանի վրա» նախադասությամբ (armenianow.com, 25.01.2008թ.):

«Դա արվում էր ոստիկանների հսկողությամբ, որ ոչ ոք չխանգարի այդ ծեծին ու ջարդին,-ասում է Դանիելյանը,- մի քանի երկրապահ ինձ պատմել էին, որ իրենք էլ հաջողությամբ մասնակցել են այդ ջարդերին: Մեծ ջարդեր էր եղել Կրիշնայականների համայնքում` Բաղրամյան փողոցի մոտ իրենց պաշտամունքի վայրում, եղել են բողոքական եկեղեցիների վրա հարձակումներ: Հիմնավորվում էր հիմնականում, որ բանակից խուսափում են ու իրենք պայքարում են դրա դեմ»:

Դանիելյանը հիշեցնում է, որ religions.am կայքին տված  հարցազրույցում Տեր-Պետրոսյանի ժամանակվա վարչապետ Հրանտ Բագրատյանը խոստովանում է, որ այդ բռնությունները իշխանությունն էր կազմակերպել, և որին ինքը դեմ էր.

«Կառավարությունը միջամտել է դրան, որի պատճառով ներսում բուռն վեճեր են առաջացել: Ես եղել եմ նրանցից մեկը, որոնք դա պարզապես կասեցրել են: Եղել են կառավարության անդամներ, որոնք աջակցել են այդ պրոցեսին, և Էջմիածինն էլ դեմ չէր: Այնուամենայնիվ, ես պատասխանատու եմ ամբողջ կառավարության համար, և, այո՛, այդպիսի բան եղել է, դա եղել է մեծ սխալ, անձամբ իմ ռեակցիան եղել է կտրուկ բացասական, և ես դա կանգնեցրել եմ»:

Բռնությունների համար ոչ ոք պատասխանտվության չենթարկվեց, դատախազություններն ու ոստիկանությունը հրաժավում էին վերցնել հավատացյալների բողոքները(armenianow.com, 25.01.2008թ.):

Դանիելյանն ասում է, որ 1995-1998 թվերին Զանգվածային լրատվամիջոցները պարբերաբար հաղորդում էին, թե կրոնական կազմակերպությունները խաթարում են ազգային միասնությունը, վտանգ են ներկայացնում երկրի համար:

«Այն ժամանակ այս քարոզչությունը բավական ակտիվ էր, թե տպագիր, թե էլեկտրոնային լրատվամիջոցներում, այդ թվում և այն ժամանակ Պետական կոչվող ներկայիս Հանրային հեռուստաընկերությամբ»,- պատմում է Դանիելյանը:

robert-khocharyan_5
Արմեն Լուսյան. երկրորդ փուլը համընկնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի հետ, որը համեմատաբար դրական էր: Լուսանկարը` 2rd.am-ի:

Վերլուծաբանի խոսքով` երեք նախագահներից իրավիճակը համեմատաբար լավ էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանում. «Կարծում եմ` այդ ժամանակ դեր ուներ նաև այն, որ Ռընե Լևոնյանը (Հայաստանյայց ավետարանական եկեղեցու նախկին ավագ հովիվ), նրա խորհրդականն էր և երբ ինչ-որ դեպքեր էին լինում, պետությունը մասկանցում էր, որպեսզի մեղմեր իրավիճակը, ու դա, որքանով ես տեղյակ եմ, Քոչարյանի հրահանգն էր, ու որոշակի առումով դրական զարգացում կարելի է համար»:

Ըստ Դանիելյանի վիճակը նորից վատացավ Սերժ Սարգսյանի ժամանակ, ինչում դեր ունի նաև 2008-ից վարչապետ Տիգրան Սարգսյանի դիրքորոշումը, ում գործընկերն է Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ Նավասարդ Կճոյանը:

«Հակաքարոզչության մի քանի փուլ եղավ,-ասում է Դանիելյանը Սարգսյանի նախագահության շրջանի վերաբերյալ,-  թշնամի էին հայտարարվում կրոնական կազմակերպությունները, ապա դա բարձրացվեց պետական աստիճանի վրա, երեք անգամ փորձ արվեց խղճի ազատության դիսկրիմինացիոն օրենսդրություն ընդունել, սակայն դրա դեմն առան միջազգային կառույցները` Եվրախորհուրդը, Վենետիկի հանձնաժողովը: Այդ կառույցները իշխանության նկատմամբ  ճնշումներ էին գործադրում ու որոշ առումով մեղմում էին նման քաղաքականությունը»:

Հետգրություն

Արմեն Լուսյանն իր «Պետություն-եկեղեցի հարաբերությունները ժամանակակից Հայաստանում. Իրավիճակը և զարգացման հեռանկարները» ուսումնասիրության մեջ նշում է, որ Հայաստանում գործող պետություն-եկեղեցի հարաբերությունները բնորոշ են մի շարք մոդելների.

  • սեպարացիոն մոդել` պետությունն ու եկեղեցին տարանջատված են
  • ինտեգրատիվ մոդել` պետության ու որոշակի կրոնական հաստատության միջև կան դաշնակցային հարաբերություններ
  • համագործակցային մոդել` պետությունը Հայ Առաքելական եկեղեցու հետ լրիվ ծավալով, իսկ մի շարք այլ կրոնական կազմակերպությունների հետ մասնակիորեն՝ իրականացնում է սոցիալական գործընկերություն
  • տիրապետող կամ գերիշխող եկեղեցու մոդել` Հայ Առաքելական եկեղեցին կրոնական դաշտում օբյեկտիվորեն ունի իշխող դիրք ու պետություն-եկեղեցի հարաբերություններն առավելապես զարգանում են պետական մարմինների ու այդ եկեղեցու միջև:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *