Վերջապես այլընտրանք. Եհովայի վկաները բարեխնամ ծառայության են անցել

Վիկտորյա Բաբայանը և Դավիթ Առաքելյանը բարեկամներ են դարձել
Վիկտորյա Բաբայանը և Դավիթ Առաքելյանը բարեկամներ են դարձել

Բանտից ազատված և այլընտրանքային ծառայության անցած 20 Եհովայի վկաներից երկուսը Նորքի տուն ինտերնատում խնամում են տարեց մարդկանց և աշխատում շինարարությունում:

«Մեր էրեխեքը մեզ շատ օգտակար են, ինչ ասես կանեն, սաղ շրջապատը մաքրել են, շատ լավ տղաներ են»,-ասում է ինտերնատի բնակիչ Մարուսյա Սարգսյանը:

Զիվորական ծառայությունից հրաժարվելու համար երկուս ու կես տարվա ազատազրկման դատապարտված 20-ամյա Դավիթ Առաքելյանը և Մարտիրոս Եսայանը 2013-ի հոկտեմբերի 24-ին ազատվել են բանտից և այս տարվա հունվարի 13-ին քաղաքացիական ծառայության անցել ինտերնատում:

Ազգային ժողովը հունիսին Այլընտրանքային ծառայության մասին օրենքում փոփոխություններ անելուց հետո  հնարավորություն տվեց 140 Եհովայի վկաների դիմել իրենց  սկզբունքներին չհակասող քաղաքացիական ծառայության անցնելու համար, նրանցից 71-ն արդեն ծառայում է: Կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանի տվյալներով 72 նորակոչիկ է անցել այլընտրանքային ծառայության:

Հայաստանի ազատազրկման հիմնարկներում այլևս չկա կրոնական համոզմունքների համար դատապարտված խղճի կալանավոր:

Տղաներից գոհ է նաև տնօրինությունը.

«Աշխատում են և օգուտ տալիս են,- ասում է 230 շահառու ունեցող ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանը,- բնակիչներին են ավելի շատ օգտակար լինում, հոգսերն են հոգում, պապիկներին, տատիկներին օգնում են տեղաշարժվել, երբ մեկի համար շտապ օգնություն ենք կանչում, օգնում են մեքենա նստել և շատ էդպես բաներ: Ես որպես հիմնարկի ղեկավար տեսնում եմ իրենց աշխատանքի արդյունքները, գլուխ չեն պահում, լավ աշխատում են»:

Հոգեբան Մելինե Աբրահամյանն էլ ասում է, որ տղաները շատ հոգատար են և բարեհամբույր կերպով կատարում են բնակիչների ցանկությունները:

Գոհ են նաև տղաները.

«Բոլորը շատ լավ են վերաբերվում, տնօրինությունից մինչև ծերեր,-ասում է Դավիթ Առաքելյանը,-  ազատության մեջ ես, ծնողներդ կողքդ, ծերերին ես օգնում, մարդկանց հետ ես առնչվում, նախկինում շինարության հետ չէի առնչվել, հիմա շինարարություն էլ եմ անում և արդեն վարպետանում եմ»:

Նա վստահ է, որ չի արժանանա իր նախորդների ճակատագրին և կավարտի ծառայությունը:

Հայաստանը 2003-ին ընդունել էր այլընտրանքային ծառայության մասին օրենք, որից հետո 2004 թվականին 24 հոգի, որոնց մեջ 22 Եհովայի վկաներ և մեկ մոլոկան, անցել էին այլընտրանքային ծառայության: Սակայն, վեց ամիս անց Եհովայի վկաները և մոլոկանը հեռացել էին ծառայությունից, պատճառաբանելով, թե իրենք գտնվում են պաշտպանության նախարարության  հրամանատարության ներքո:

Նրանց հագուստը, տարբեր պարագաները տալիս էր Պաշտպանության նախարարությունը, հսկողությունը իրականացնում էր զինվորական ոստիկանությունը: Նրանք իրավունք չունեին ծառայության վայրից հեռանալու:

Բացի դա, նրանք բողոքում էին, որ իրենց ստորացնելու համար ստիպում էին նվաստացուցիչ աշխատանքներ անել: Մի տղայի հայր պատմել էր, որ որդուն հիվանդանոցի տնօրենը ծեծել էր, և ինքը նրան հարյուր դոլար էր տվել, որ այլևս որդուն չծեծի:

Տիկին Մարուսյան շատ գոհ է տղաների աշխատանքից
Տիկին Մարուսյան շատ գոհ է տղաների աշխատանքից

15 հոգի դատապարտվեցին դասալքության և ծառայության վայրը լքելու մեղադրանքով 2-3 տարվա ազատազրկման: Նրանք մոտ 7 ամիս մնացին բանտերում, և հետևողական պայքարի շնորհիվ  տեղական դատախազությունները միջնորդեցին դատարաններին հետ ուղարկել գործերը նախաքննության, իսկ գլխավոր դատախազությունը կարճեց դրանք` հանցակազմի բացակայության համար:

19 եհովայի վկաներ դիմեցին Մարդու իրավունենրի եվրոպական դատարան(ՄԻԵԴ): «Խաչատրյանն ու մյուսները ընդդեմ Հայաստանի» գործով 17-ի դիմումը բավարարվեց, որոնցից յուրաքանչյուրին Հայաստանը պետք է վճարի 6000-ական եվրո, ինչպես նաեւ ընդհանուր դատական ծախսերի համար` 10 000 եվրո:

Բացի դա, ծառայությունից հրաժարվելու համար պատիժ կրած այլ Եհովայի վկաներ նույնպես դիմել էին Եվորպական դատարան, և նրանցից երեքը՝ «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի», «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» ու «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» հաղթել են: Ընդհանուր առմամբ դատավարություն շահած Եոհվայի վկաներին պետությունը բյուջեից 142 հազար եվրո պետք է վճարի:

Իշխանությունները, խուսափելու համար Եվրոպական դատարանում պարտություններից, փոփոխություն մտցրեցին Այլընտրանքային ծառայության մասին օրենքում` այն համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2013-ի հոկտեմբերի 2-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարեց.

«Անձինք, ովքեր չեն ցանկանում ծառայել բանակում, իրենց խղճի նկատառումներով, մեր ընթացակարգերի համաձայն կազատվեն քրեական պատասխանատվությունից»:

Նոր փոփոխությամբ ծառայությունը կտևի երեք տարի նախկին 3 ու կես տարվա փոխարեն, որևէ առնչություն չի ունենա Պաշտպանության նախարարության հետ:

Ծառայողները ժամը 9-ից 6-ը աշխատանքը կատարելուց հետո գնում են տուն: Ստանում են 30 հազար  դրամ աշխատվարձ (մոտ 85դոլար): Բնակավայրից 30 կմ հեռու ծառայության մեկնածների համար  պետությունը պետք է բնակարան վարձի:

Բանտից ազատված տղաների այլընտրանքային ծառայության ժամկետից կհանվի այնքան, ինչքան նրանք անցակացրել են անազատության մեջ. Դավիթը կծառայի 2 տարի 3 ամիս(կհանվի ազատազրման մեջ գտնվելու 9 ամիսը), Մարտիրոսը 2 ու կես տարի (կհանվի վեց ամիսը):

Հանրապետական հանձնաժողովի որոշմամբ՝ Եհովայի վկաները ծառայում են որպես սանիտարներ, բակի հավաքարարներ կամ խոհանոցի բանվորներ, կատարում են զինվորական բնույթ չկրող այլ աշխատանքներ բժշկական հաստատություններում կամ մանկատներում:

Եհովայի վկաներ կազմակերպության տեղեկություններով` ինչպես և ինտերնատում, մյուս տեղերում նույնպես ծառայությունը նորմալ է անցնում.

«Նրանց լավ են վերաբերվում,- ասում է կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանը,- բոլորի պայմանների մասին կդժվարանամ որևէ բան ասել։ Հիմնականում դեռ կարգավորված չէ շրջաններում բնակվողների հարցը, պետք է տուն վարձեն, վճարեն կոմունալ ծախսերը, հոգան իրենց առաջնային կարիքները և այլն։ Կարծում եմ, շուտով այս հարցերը կկարգավորվեն»։

Տղաները ասում են, որ այս ծառայությունը ոչ միայն դեմ չի իրենց սկզբունքներին, այլև կողմ է.

«Ես դիմել էի պետությանը, որ այնպիսի ծառայություն եմ խնդրում, որը դեմ չի իմ սկզբունքներին: Իսկ հիմա  պետությունը տրամադրել է այն,-ասում է Դավիթ Առաքելյանը: – Նաև սկզբունքերիս կողմ է. ես սովորել եմ, որ դիմացինին սիրես քո անձի պես, ինչպես կուզես քեզ հետ վարվեն, այնպես էլ դու ուրիշի հետ վարվես, մարդկանց օգուտ եմ տալիս: Նաև  սովորել եմ, որ պիտի իշխանությանը հնազանդ լինել, ես էլ հնազանդ եմ և’ տնօրինությանը, և’ պետական իշխանությանը: Տնօրինությունը անգամ ընդառաջեց առողջական խնդիրներիս կարգավորմանը ու շատ շնորհակալ եմ»:

Այլընտրանքային ծառայության բացակայության պատճառով Հայաստանի անկախության տարիներին զինվորական ծառայությունից հրաժարվելու համար 480 Եհովայի վկա դատապարտվել է անազատության (Եհովայի վկաների զրկանքների մասին պատմող «Սպասում» ֆիլմը այստեղ):

Վահան Իշխանյան

Սառա Խոջոյան

Լուսանկարները Նազիկ Արմենակյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *