Խղճի ազատությանը առնչվող թեմաները հետազոտական աշխատանքներում և ԶԼՄ դաշտում

Ներածություն

Վերջին տարիներին Հայաստանում խղճի ազատության թեման շարունակում է քաղաքացիական հասարակության, կրոնական կազմակերպությունների, օրենսդիր և գործադիր իշխանությունների ուշադրության կենտրոնում մնալ:

Այս աշխատանքը փորձ է հասկանալու, թե խղճի ազատության խնդիրներին ինչպես են արձագանքում ԶԼՄ-ները, և ինչ խնդիրներ են բարձրացնում կրոնական հարցերով զբաղվով հասարակական, իրավական և հետազոտական կազմակերպությունները:

Օգտագործվել է նյութերի բովանդակային վերլուծության մեթոդը և դիտարկվել  խղճի ազատությանը առնչվող 50-ից ավել նյութ: Այստեղ, սակայն, քննարկվում են միայն այն նյութերը, որոնք հստակ ձևակերպված հասարակական խնդիր են բարձրացնում:

Աշխատանքը բաղկացած է երկու գլուխներից. առաջինում քննարկվում են հետազոտական աշխատանքներում վերհանված խնդիրները, իսկ երկրորդում իբրև օրինակ են բերվում ԶԼՄ այն նյութերը, որոնք կապում են խղճի ազատությունը հասարական այլ խնդիրների հետ:

ԳԼՈՒԽ 1. Խղճի ազատության վերաբերյալ հետազոտական աշխատանքներ

1.1. Հիմնական հետազոտական աշխատանքները

Վերջին հինգ տարիների ընթացքում «Խղճի ազատության և կրոնական հանդուրժողականության» թեմայով իրականացված հետազոտական աշխատանքներն են.

  1. 2009 թ. ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հկ իրականացրել է «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» աշխատանքը
  2. 2010 թ. Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հկ իրականացրել է «Կրոնի ազատությունը Հայաստանում. ուսումնասիրություն»
  3. 2012 թ. Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ «Երևանի մամուլի ակումբ» հկ իրականացրել է «Հայաստանյան ԶԼՄ-ներում կրոնական հանդուրժողականություն» թեմայով հետազոտություն: Աշխատանքը դեռ տպագրված չէ:
  4. 2012 թ. Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ Լուսինե Քարամյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը իրականացրել են «Հանդուրժողականությունը Հայաստանում այսօր. կրոնական հանդուրժողականության հեռանկարները» որակական հետազոտությունը:

1.2. Օրենսդրական դաշտը

2009-2012թթ. խղճի ազատության և կրոնական հանդուրժողականության թեմայով արված բոլոր հետազոտությունները անդրադարձել են խղճի և կրոնի ազատությունը սահմանող, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների ու պետական կառույցների միջև իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտի վերլուծությանը: Մասնավորապես, դիտարկվել են.

  •   1995թ. ընդունված և 2005թ. փոփոխված ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածները,
  •  1991թ. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, 2003թ. «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը,  2009թ. և 2010թ. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը[1], 2011թ. ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը
  •  Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական կարծիքները օրենքի նախագծի վերաբերյալ, թիվ 530/2009, թիվ 603/2010 և 643/2011
  • 2007թ. «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը,
  • 1966թ. ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, 1950թ. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների կոնվենցիան

Այս աշխատանքներում մանրամասն քննարկվել են օրենսդրական դաշտի թերությունները և հստակեցվել է, թե ինչու 2009թ. «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը էլ ավելի է սրում.

  •  Օրենքների հակասականությունը
  • Օրենքների ոչ ամբողջականությունը
  •  Որոշ դրույթների անորոշությունը
  • Պետության անհարկի միջամտությունը
  • Պետության անհարկի խստությունը

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ  2009թ. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի խնդրահարույց նախագծի հետագա քննարկումը կասեցվել է հասարակական և կրոնական կազմակերպությունների ակտիվ պայքարի, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական կարծիքների շնորհիվ: 2010թ. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նոր նախագիծը հաշվի չի առել նախորդ փորձագիտական կարծիքի քննադատությունները, ինչի արդյունքում կրկին քննադատության է ենթարկվել[2]: 2011թ. ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի մեկ այլ նախագիծ, որը դեռ լրամշակման փուլում է:

Ի տարբերություն 2009-2010թթ. աշխատանքների` 2012 թ. հետազոտական աշխատանքները հակիրճ անդրադարձել են նախկինում արված ուսումնասիրություններին` նշելով նրանցում տեղ գտած մի շարք եզրահանգումները:

2009թվից առաջ թեմայի նկատմամբ հետաքրքրությունը ավելի քիչ է եղել, քանի որ Սովետական համակարգի փլուզումից հետո ժամանակ է պահանջվել կրոնական դաշտի ձևավորումը դիտարկելու և ուսումնասիրելու համար: Այնուամենայնիվ, կրոնական բազմազանությունը և ոլորտում առկա կրոնական իշխանության ձգտումները և մրցակցությունը նաև 2001 թվից Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին  թեման դարձրել են բավականին գրավիչ հետազոտողների համար:

2012թ.  «Հայաստանյան ԶԼՄ-ներում կրոնական հանդուրժողականություն» թեմայով հետազոտական աշխատանքում նաև խոսվում է խմբագիրների և լրագրողների վարքականոնին հետևելու կարևորության մասին և նկարագրվում է տարբեր երկրների փորձը.

«… Հայաստանում, ինչպես և մի շարք այլ երկրներում, ինչպես լրագրողական վարքականոններով, այնպես էլ մամուլի խորհուրդների կողմից սահմանվում են առանձին նորմեր, որոնք արգելում են կրոնական անհանդուրժողականություն տարածելը, կարծրատիպեր օգտագործելն ու կրոնի հիմքի վրա խտրականության տարածումը։ Այսպես, օրինակ, 2007 թվականին մի շարք հայաստանյան լրատվամիջոցների կողմից ընդունված ԶԼՄ-ների ներկայացուցիչների վարքականոնը կոչ է անում լրատվամիջոցներին՝ «որևէ ձևով չքարոզել ազգային, կրոնական թշնամանք եւ անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական եւ լեզվական հայտանիշներով խտրականություն»[3]։

1.3. ԶԼՄ կարծրատիպերը և հակաքարոզչությունը

2009թ. «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում[4]» և 2010թ. «Կրոնի ազատությունը Հայաստանում[5]» հետազոտությունները անդրադարձել են նաև այն կարծրատիպերին, որոնք շրջանառության մեջ է դնում ԶԼՄ ներկայացուցիչների մի մասը: Օրինակ.

  •   Որակելով «անցանկալի» կրոնական ուղությունը իբրև «աղանդ» ԶԼՄ-երը ստվեր են գցում այն կազմակերպության հեղինակության վրա, որի մասին խոսում են:
  •   Քարոզում է Առաքելական եկեղեցու «բացառիկությունը» և նույն համատեքստում այլ կրոններին որակում  «աղանդ», այս հակադրությամբ ստեղծելով «բարու» ու «չարի» նոր մոդելներ
  •  Շահարկելով «հոգևորսություն» բառը ԶԼՄ-ները հանրության մեջ վախ են ներշնչում տվյալ կրոնական կազմակերպության հանդեպ, քանի որ «հոգեորսությունը»  ասոցացվում է «ոչ-պատշաճ դավանափոխության» հետ: «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հկ-ն առաջարկում է «հոգևորսություն» տերմինը հանել իրավական շրջանառությունից և փոխարինել «անթույլատրելի դավանափոխություն» հասկացությամբ[6]: Այս դեպքում ԶԼՄ-ներն էլ ստիպված կլինեն կամ զերծ մնալ որևէ կրոնական կազմակերպության գործունեությունը «հոգևորսություն» անվանելով վարկաբեկել նրան, կամ էլ պատասխանատու կլինեն եթե այդ գործունեությունը որակեն «անթույլատրելի դավանափոխություն»:

Ոչ-առաքելական կրոնական կազմակերպությանը հարող անհատին նկարագրելիս, հասարակության զգալի մասը վերարտադրում է ԶԼՄ-ների ստեղծած այն կարծրատիպերը, որոնք մասնավորապես ասում են. «աղանդ են, որ պառակտում են ընտանիքը, ազգը, պետությունը»,  «հոգևորսություն են անում», «դրսից են կառավարվում և ֆինանսավորվում»[7] և այլն: Նման արտահայտություններ անում են այն մարդիկ, ովքեր չունեն տվյալ կրոնական կազմակերպությանը հարող ծանոթ, բարեկամ կամ հարևան և նրա մասին տեղեկություն ստացել են կարծրատիպեր սերմանող ԶԼՄ-ից:

«Երևանի մամուլի ակումբ» հկ-ի կողմից արված մշտադիտարկումը ներկայացնում է ավելի թարմ տեղեկատվություն և հնարավորություն տալիս համեմատելու ԶԼՄ-ի կողմից շրջանառվող կարծրատիպերի շարժը: Աշխատանքն ընդգրկում է 2011թ. նոյեմբերի 18-ից 2012 թ. հուլիսի 25-ն ընկած ժամանակաշրջանը և ներառել է 10 լրատվամիջոց[8]:   Մեջբերում.

«…հետազոտման առարկա հանդիսացած նյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ լրատվամիջոցներում, ենթադրաբար՝ նաև հանրային ուղղույթում (դիսկուրսում) առկա են մոտեցումներ, որոնք թույլ են տալիս խոսելու կրոնի թեմայի նկատմամբ «լարված վերաբերմունքի» մասին։ Առաջին հերթին դա վերաբերում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) բացառիկ դերն ընդգծելուն։ Լուսաբանման մեջ արտահայտվում են նաև ՀԱՍԵ կարգավիճակը արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ձգտում։ Արտաքին սպառնալիքներից ազգը պաշտպանելու միտումն էլ ավելի մեծ չափով արտացոլվում է որպես «աղանդավորական» և «աղանդներ» բնորոշվող կրոնական հոսանքների, համայնքների թեման արծարծող նյութերում։ Ընդսմին, որպես կանոն, այդ հասկացությունները օգտագործվում են գրեթե բոլոր այն կրոնական ուղղությունների և համայնքների նկատմամբ, որոնք չեն տեղավորվում համաշխարհային կրոնների մասին ավանդական, ընդհանրացված պատկերացումներում»[9]։

Այպես, կարելի է եզրակացնել, որ ինչպես 2009թ., այնպես էլ 2012 թ. մի շարք ԶԼՄ-ների կողմից շարունակվել են շրջանառվել նույն կարծրատիպերը: Սակայն, 2012թ. ԶԼՄ հետազոտության արդյունքները վկայում են, որ ընդհանուր առմամբ ԶԼՄ-ներում նվազել է վերաբերմունք պարունակող պնդումների և կարծրատիպերի շրջանառությունը: Մեջբերում 2012թ. հետազոտությունից.

“Լրատվամիջոցների հետազոտված ծավալում ընդհանուր առմամբ արձանագրվել  են 1020 նյութեր, որոնք այս կամ այն կերպ առնչվել են կրոնական թեմաներին, բայց դրանցից միայն 96-ում են (10%-ից պակաս) արձանագրվել կրոնների, դավանաբանական տարբեր ուղղությունների, կրոնական համայնքների նկատմամբ վերաբերմունք պարունակող պնդումներ ու կարծրատիպեր, կամ էլ, այլ կերպ ասած, արտացոլվել է կրոնական հանդուրժողականության աստիճանը։ Այդ թվերն, ըստ էության, վկայում են կրոնական թեմաների նկատմամբ հայկական ԶԼՄ-ների հիմնականում չեզոք վերաբերմունքի մասին. նրանք այդ թեմաներն առաջին հերթին լուսաբանել են տեղեկատվական, իրադարձային դիտանկյունից»[10]։

Մեջբերումը վկայում է, որ 2011-2012թթ. 10 լրատվամիջոց վերաբերմունք է արտահայտել տարբեր կրոնական կազմակերպությունների հանդեպ հրապարակումների և լուսաբանումների միայն 9%-ում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս 9%-ի մեջ են մտնում նաև հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ արված կարծրատիպերը,  ինչպես նաև այն կարծրատիպերը, որ օգտագործվել են ադրբեջանցիների և թուրքերի հետ հայերի հարաբերությունները քննարկելիս, միջպետական եկեղեցիների թեմաները շոշափելիս, կարելի է վստահաբար ասել, որ հակաքարոզչությունը ոչ-առաքելական եկեղեցիների հանդեպ 9%-ից էլ շատ ավելի քիչ է եղել: Միևնույն ժամանակ, 2010թ. «Կրոնի ազատությունը Հայաստանում» աշխատանքում նշվում է, որ 2001-2009թթ. ԶԼՄ 1451 հրապարակումների 34%-ը բացասական վերաբերմունք է արտահայտել ոչ-առաքելական կազմակերպությունների հանդեպ և 17%-ը դրական վերաբերմունք` Առաքելական եկեղեցու հանդեպ[11]: Ընդհանուր առմամբ, 2001-2009թթ. հրապարակումների 55%-ում է արձանագրվել է վերաբերմունք կրոնական կազմակերպությունների հանդեպ, իսկ 2011-2012թթ. հրապարակումներում այդ թիվը կազմել է 9%: Հետազոտության արդյունքները համեմատելիս, կարելի է եզրակացնել, որ  նախորդ տարիների համեմատ  2011-2012թթ. նվազել է ԶԼՄ հակաքարոզչությունը ոչ- առաքելական կրոնների հանդեպ և աճել է տեղեկատվական կամ իրադարձային լուսաբանումը:

Վերլուծական աշխատանքների պակասի պատճառով, չենք կարող խոսել վերջին տարիների` ոչ-առաքելական կրոնական կազմակերպությունների հանդեպ ԶԼՄ հակաքարոզչության դինամիկայի մասին:

2012թ. «Հայաստանյան ԶԼՄ-ներում կրոնական հանդուրժողականություն» թեմայով հետազոտությունում նշվում է, որ  «դիտարկված ԶԼՄ-ներում անհանդուրժողականության սուր դրսևորումներ չեն արձանագրվել»[12]: Սակայն, հեղինակի գնահատականը չի հիմնավորվում և անհասկանալի է մնում, թե անհանդուրժողականության որ դրսևորումներն են համարվում սուր և որոնք` ոչ:

ԶԼՄ նյութերը ուսումնասիրության և վերլուծության արդյունքում մենք եզրակացրեցինք, որ  ԶԼՄ դաշտը պայմանականորեն կարելի է բաժանել 4 խմբի: Այս տիպաբանությունը հնարավորություն է տալիս հասկանալու, թե այս կամ այն ԶԼՄ նյութը ինչ նախատրամադրվածություն ունի կրոնի թեմաները լուսաբանելիս.

  1. ԶԼՄ-ներ, որ զբաղվում են հատուկ ոչ-առաքելական կրոնական կազմակերպությունների դեմ հակաքարոզչությամբ, օրինակ` «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Ազգ» և այլն:
  2. ԶԼՄ-ներ, որ կրոնի թեմային անդրադառնալիս, հիմնականում բացասական լույսի ներքո են ներկայացնում ոչ-առաքելական կրոնական կազմակերպությունները, օրինակ` «Առավոտ»-ը: Այս խմբի մեջ են նաև մտնում հիմնականում առցանց թերթերը` «blognews.am», «henaran.am», որոնք կրոնական  ակզմակերպությունների դեմ հակաքարոզչություն տանող «Քայքայիչ պաշտանմունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի համար «լսափոխ» են հանդիսանում:
  3. ԶԼՄ-ներ, որոնք կրոնի հարցերին անդրադառնում են միայն երբ այն հասարակական հնչեղություն է ստանում և նյութը չեզոք են լուսաբանում, օրինակ` «Հայկական ժամանակը»:
  4. ԶԼՄ-ներ, որոնք կրոնական թեմաները լուսաբանելիս, ուսումնասիրում են նյութը [13], օրինակ` «lragir.am», «Ասպարեզը», «hetq.am», «armenianow.am», «religions.am» և «kron.armhels.com»:

1.4. Կրոնական կազմակերպությունների միջև հարաբերությունները

2009-2012թթ. հետազոտության տվյալները համեմատելիս կարելի է եզրակացնել, որ կրոնական կազմակերպությունների միջև հարաբերությունները չեն փոխվել և շարունակում են մնալ «լարված»:

Հիերարխիայում «լավ» տեղ զբաղեցնելու համար պայքար է գնում քրիստոնեական կազմակերպությունների միջև (մասնավորապես բարձր դիրք է գրավում Հայ առաքելական եկեղեցին, և նրան փորձում են սիրաշահելով հակաքարոզչության թիրախ չդառնալ  մի քանի կազմակերպություններ), ինչի հետևանքով, որոշ կրոնական կազմակերպություններ դեռ չեն կարողանում երկխոսել:

Այս պայքարից դուրս են մնում ոչ քրիստոնեական կրոնական կազմակերպությունները:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Եհովայի վկաները աչքի են ընկնում քաղաքացիական հասարակության հիմնարար սկզբունքը պահելու հարցում` իրենց խախտված իրավունքները օրինական ճանապարհով վերականգնելու համար շարունակական պայքարով:

Արևելյան ուսմունքների հետևորդներներն էլ առավել ակտիվ քարոզում են առողջ ապրելակերպը, ծխախոտից, թմրանյութերից հեռու մնալը, անցումը բուսական սննդին, բնության գրկում ժամանակ անցկացնելը և սթրեսից ազատող պրակտիկաները: Այս խմբերը հաճախ տեղ վարձակալելու հետ կապված խնդիրներ են ունենում: «Խղճի ազատություն» թերթի «Յոգայով զբաղվողներին հաճախ դահլիճ չեն տրամադրում» ակնարկում մասնավորապես ասվում է.

«Պատահել է այնպես, որ կարատեի, պարերի համար դպրոցների վարձով տրվող դահլիճները չեն տրամադրել մեզ: Ինձ դպրոցներից մեկում ասացին` դու զգույշ եղիր, քանի որ եթե «յոգա» բառն են լսում, ոչ միայն չեն թողնում, այլ նաև իմ հետևից էլ կարող են ընկնել, որովհետեւ սա պետական հովանու ներքո գտնվող հաստատություն է»[14]:

1.5. Մարդկանց կյանքի փորձն ու տեսական հասկացությունները

2009թ. «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում[15]» և 2010թ. «Կրոնի ազատությունը Հայաստանում»[16] աշխատանքները իրենց ուսումնասիրության շրջանակներում ընդգրկել են պատմություններ, որոնցում ՀՀ քաղաքացիները այլակրոնության պատճառով կամ Առաքելական եկեղեցու անհարկի միջամտության հետևանքով խնդիրների առաջ են կանգնել: Օրինակ.

  • Աղոթատուն և պաշտամունքի վայր կառուցելու դժվարությունները, որոնց բախվել են ոչ-առաքելական կազմակերպությունների ներկայացուցիչները
  • Կրոնական համոզմունքների համար բանտարկությունները
  •  Դպրոցներում, քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում Առաքելական եկեղեցու միջամտությունը
  • Կրոնական հայացքների պատճառով աշխատանքից հեռացնելու դեպքերը
  • Կրոնական թշնամանք տարածող թռուցիկների հետևանքները

Համեմատած մյուս աշխատանքների` 2012 թ «Հանդուրժողականությունը Հայաստանում այսօր. կրոնական հանդուրժողականության հեռանկարները» գիտական աշխատանքը[17] առավել խորն է դիտարկում հանդուրժողականություն հասկացությունը, քննարկում է նրա առաջացման նախապայմանները և սահմանում կրոնական հանդուրժողականության էությունը, ու նաև  անդրադառնում Հայաստանում հասկացության հասարակական ընկալումներին :

Հեղինակները խորհուրդ են տալիս` «հստակ տարանջատել, օրինակ, հանդուրժողականությունը հարմարվողականությունից, համբերատարությունից, անտարբերությունից և այլ մի շարք հասկացություններից, որոնք հաճախ նույնացվում են պրակտիկայում»[18]:

Աշխատանքում նաև քննարկում են այն գործոնները, որոնք նպաստում են Հայաստանում կրոնական անհանդուրժողականության մթնոլորտի պահպանմանը.

  • Փորձ է արվում վերականգնել հայ Առաքելական եկեղեցու նախկին իշխանությունը. հեղինակները պնդում են, որ պատմությունը «իրողություն է, որը ծնում է անհանդուրժողականություն»,

«Այսօրվա իրականության վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե նույնը հիմա է տեղի ունենում, որոշ առումով վերականգնվում է ՀԱԵ ունեցած իշխանությունը և արտոնյալ վիճակը, և դրա միակ բացատրությունը ներկայացվում է ազգային անվտանգության և ազգի ինքնության պահպանման խնդիրները լուծելու քողի տակ»[19]

  • Աշխատանքում քննարկվում է հանրության սոցիալ-տնտեսական անբարենպաստ վիճակը իբրև հանդուրժողականության ձևավորման խոչընդոտ:

«…քանի դեռ աղքատության մասշտաբները մտահոգիչ են, իսկ մարդիկ էլ իրենց խեցուց դուրս գալ չեն ցանկանում, մտածելով միայն սեփական բարօրության մասին, դեռևս անիրատեսական է թվում հանդուրժողականության կամ նմանատիպ արժեքների համատարած ձևավորումը Հայաստանում»[20]:

Թե ինչպես և ինչու ավելի աղքատ երկրներ կարողանում են ավելի հանդուրժող գտնվել այլակրոնությանը, աշխատանքը նման հարցերի չի անդրադարձել:

  • Հեղինակների մի շարք դատողություններ չեն հիմնավորվում, թե գիտության ո՞ր տեսության շրջանակներում են քննարկել դրանք: Օրինակ`

«…Հայաստանում անհանդուրժողականության հիմքում ընկած գործոններից են նաև հանրային ցածր իրազեկությունը, կարծրատիպերն ու միֆերը, իռացիոնալ մտքերը ու չհիմնավորված վախերը, որոնք դրսևորվում են, մասնավորապես, դոմինանտից տարբերվողին չընդունելու և հեռացնել, մեկուսացնել ցանկանալու ձևով»[21]:

Նման դատողությունը թեև ճիշտ է «պոզիտիվիստական» մոտեցումների շրջանակում, որտեղ հեղինակը ընդունում է արևմտյան գիտության մեջ սահմանած «օբյեկտիվ» և «սուբյեկտիվ» իրողությունների, «Արևմուտքի» և «Արևելքի», «ճշտի» և «սխալի» հակասությունները, սակայն ֆենոմենոլոգիայի դպրոցի ներկայացուցիչները նման մոտեցումը կհամարեին` գիտնականի կողմից ուսումնասիրվող հանրության «կյանքի փորձը» հասկանալուն ուղղված անհրաժեշտ ջանքից խուսափում: Այս դպրոցի ներկայացուցիչները[22] համարում են, որ աշխարհը սուբյեկտիվ ընկալումների, հետևաբար և վախերի, կարծրատիպերի, միֆերի փոխազդեցություն է, որը հասկանալու համար հետազոտողը պետք է միշտ հաշվի առնի իր սեփական սուբյեկտիվ ընկալումները և դիտարկի «ուսումնասիրող-ուսումնասիրվող» հաղորդակցությունը:

ԳԼՈՒԽ 2. Հասարակական խնդիր բարձրաձայնող ԶԼՄ նյութերի օրինակներ

2.1. Ազգասիրության անվան տակ այլադավանների դեմ հակաքարոզչությունը

ԶԼՄ-ները և հանրային դիսկուրսը իր հակաքարոզչությունը ոչ-առաքելական կրոնների հանդեպ կառուցում է ազգային և կրոնական ինքնությունների միավորման մեխանիզմի միջոցով: Հանրության մեջ սեփական ազգային ինքնությունից օտարման վախ առաջացնելով, ԶԼՄ-ները փորձում են մեկ կրոնական ինքնությամբ բնորոշել բոլորին: Այս միջոցը թերևս չի առաջացնում թշնամանք աթեիստների և նեոհեթանոսների նկատմամբ, սակայն ոչ-առաքելական այլ կրոնների ու դավանանքների հետևորդների հանդեպ սերմանում է ատելություն: «Ամենավտանգավոր գաղափարախոսություններից է կրոնական և էթնիկ ինքնությունների իդենտիֆիկացիան» (www.religions.am ) հարցազրույցում Ավետարանական հավատքի առաջնորդներից մեկը` Ռաֆայել Գրիգորյանը, մասնավորապես ասում է.

«Ներկայումս այս բնագավառում ամենավտանգավոր գաղափարախոսություններից է կրոնական և էթնիկ ինքնությունների իդենտիֆիկացիան (նույնականացումը): Ինչպե՞ս կարելի է օտարել հայ լինելուց մեկին, ով մեր արյունակից եղբայրն է, ունի նույն ազգային ինքնագիտակցումը նույն պատմության և ճակատագրի ժառանգորդն է, միայն նրա համար, որ նա Առաքելական Եկեղեցու հետևորդ չէ: Սա մի խտրականության և անհանդուրժողականության վառ օրինակ է»[23]:

2.2. Աշխարհիկ պետության դպրոցներում կրոնի քարոզչությունը

«Խղճի ազատություն» կայքում «Հայ եկեղեցու պատմությունը» ակնարկում նշվում է, որ 2005թվից 4­-1­0-րդ դասարանի երեխաների համար դպրոցում ներմուծվեց նոր առարկա` Հայոց եկեղեցու պատմություն անունով: Լրագրողը մասնավորապես ասում է.

«2002 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀՀ կառավորությունը միջև կնքվեց պայմանագիր, որի համաձայն «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ներմուծվեց դպրոցներ: Պայմանագիրը վերահաստատվեց 2005թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ վարչապետի կողմից… Դասագիքրը  պատրաստեցին  հապշտապ ու ներմուծեցին դպրոց առանց մանկավարժա-հոգեբանական, իրավական  հիմքերի  ուսումնասիրության: Առաքելական եկեղեցու պատմության դասագիրքը ամբողջական կրոնական դասընթաց է, եւ ոչ թե պատմական», – ասում է «Ավագ դպրոցականների հոգևոր դաստիարակության առանձնահատկությունները» գիտական աշխատանքի հեղինակ, պրակտիկ մանկավարժ Արմինե Դավթյանը»[24]:

2014թ. ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով 2009 թ. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծն էր մշակել, այս առիթով ասել է.

«Առարկայի մուտքը դպրոց թույլ է տալիս ոչ միայն փոխանցել գիտելիք, այլև ուժեղացնել մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ դաստիարակությունը: Դպրոցը նաև դաստիարակության վայր է, դպրոցը հայի ինքնության պահպանման, վերարտադրման, հայոց պետության քաղաքացի կերտելու վայր է: Եկեղեցու հետ համագործակցությունը բարոյական արժեքների ներմուծմանն ուղղված քայլ է» [25]:

Թեմայի ուսումնասիրությամբ զբաղվել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հկ և արձանագրել.

«…գրանցվել են դեպքեր, երբ երեխային բոյկոտի են ենթարկել` ստիպելով աղոթել եւ խաչակնքվել այն պարագայում, երբ նրանք աթեիստ են եղել: Այդ մասին պատմել են ուսուցիչները»[26]:

Այս հոդվածը մի շարք խնդիրների շուրջ մտածելու առիթ է տալիս.

Ո՞րն է դասագիրքը դպրոց ներմուծելու իրական շարժառիթը: Եթե վերաբերում է կրոնի պատմությանը, ինչո՞ւ պատմության առարկայի շրջանակներում չի դասավանդվում: Ի՞նչ նկատի ունի Կրթության և Գիտության նախարարը, երբ շեշտում է, որ համագործակցությունը եկեղեցու հետ բարոյական արժեքների ներմուծման քայլ է: Ո՞ւմ բարոյականությունն է հարցի տակ դնում նախարարը: Միթե առարկան իրապես դռներ է բացում, որ եկեղեցին իր կրոնական վարքը պարտադրի երեխաներին:

2.3. Հայ առաքելական եկեղեցու և պետության սերտ համագործակցությունը

Օրենսդրական դաշտի հակասությունները անհարկի դժվարություններ են առաջացնում կրոնական կազմակերպությունների առաջնորդների գործունեության մեջ: Այսպես, մի կողմից օրենքը թույլ է տալիս կրոնական կազմակերպություններին զբաղվել բարեգործությամբ[27], իսկ մյուս կողմից, բարեգործության մենաշնորհը տալիս է առաքելական եկեղեցուն և սահմանում, որ պետությունը անգամ չի կարող խոչընդոտել այդ առաքելության իրագործմանը[28]: Այսպես, «Խղճի ազատություն» թերթում «Առաքելական եկեղեցու փռած ասֆալտները. մինչդեռ այլադավանները զրկված են բարեգործությունից» հոդվածում ասվում է.

«Հայաստանի կառավարության հրապարակած տվյալների համաձայն` անցած տարվա ընթացքում Հայ առաքելական եկեղեցու իրականացրած բարեգործական 18 ծրագրերից 17-ը դասակարգված են որպես հոգևոր գործունեություն, և ընդամենը մեկը` քաղաքաշինական, որն է` Ներսիսյան պուրակի խաղահրապարակի ցանկապատումը:

Միևնույն ժամանակ` հոգևոր դասակարգված գործունեության շարքից են` Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան դպրոցի դասախոսների տեղափոխության համար ավտոմեքենաների ձեռքբերումը, «Վաչե և Թամար Մանուկյաններ» մատենադարանի համար կահույքի գնումը, «Վաչե և Թամարա Մանուկյան» մատենադարանի և «Գևորգյան» հոգևոր ճեմարանի կահավորումը, Ռուբեն Սևակի թանգարանի կազմակերպումը, Գևորգյան ճեմարանի և Սևանի Վազգենյան դպրոցի սաների համար համազգեստի պատրաստումը, Գյումրիի հայորդաց տան համար կահույքի ձեռքբերումը:

Շինարարական մի շարք աշխատանքներ ևս դասակարգվել են որպես բարեգործության հոգևոր տեսակ, օրինակ, Մկրտարանին կից մեկ հարկանի շինությունների վերակառուցման առաջին փուլը, Միաբանական շենքի աստիճանավանդակի կոփածո բազրիքների պատրաստումն ու տեղադրումը, «Վաչե և Թամար Մանուկյաններ» մատենադարանի տարածքի բարեկարգումը և կանաչապատումը, Հին վեհարանի շենքի հատակի պատրաստումը, Հին վեհարանի հակասառեցման համակարգի տեղադրումը, Վարչական շենքի հակասառեցման համակարգերի տեղադրումը, Վեհարանի շենքի վերակառուցումը, Սինոդի շենքի և գեղարվեստի դպրոցին կից ավտոկայանատեղիի կառուցումը, Տպարանի շենքին կից հատվածի ասֆալտապատումը»[29]:

Ոչ առաքելական կրոնական կազմակերպությունների կողմից իրականացվող բարեգործությունը հաճախ խոչընդոտների է հանդիպում: Ռեմա Ավետարանական Հավատքի եկեղեցու հովիվ Կարեն Խաչատրյանը մասնավորապես ասում է.

«Որ խնդիրներ կան բարեգործություն անելու հետ կապված, դա հաստատ է, քանի որ դա միայն առաքելական եկեղեցու իրավունքն է: Մենք իրավունք ունենք մեր կազմակերպության ներսում իրականացնել բարեգործություն, բայց ոչ կազմակերպությունից դուրս»:

«Մենք դիմել ենք Աջափնյակում գտնվող անապահով երեխաներին ցերեկային կենտրոնին օգնելու համար, սակայն, տնօրենը, խորհրդակցելով Սոցապ նախարարության հետ, մեզ ասել է, որ չենք կարող երեխաներին օգնել, քանի որ դա առաքելականի մենաշնորհն է»[30]:

Օրենդրությամբ ամրագրված հայ Առաքելական եկեղեցու մենաշնորհները[31], այս հոդվածում նշված փաստերը` Կառավարության հանձնաժողովի կողմից առաքելական եկեղեցու շինարարական ծրագրերը բարեգործական դասակարգելը և ցերեկային կենտրոնին օգնելու Ավետարանական հավատքի եկեղեցու խնդրանքին Սոցապ նախարարության պատասխանը, թույլ են տալիս եզրակացնել, որ փաստացի եկեղեցին և պետությունը Հայաստանում իրարից անջատ չեն գործում:

2.4. Կրոնական խտրականությունը և աշխատավորների խոցելիությունը

Հատկապես պետական հիմնարկներում ղեկավարության կողմից կա անհանդուրժողականություն աշխատավորների  կրոնական այլակարծության, խոսքի ազատության և ընդդիմադիր քաղաքական կուսակցության պատկանելիության նկատմամբ[32]:

Բարձրագույն ուսումնական հաստատությունները, որտեղ ենթադրվում է, թե պետք է նոր մտքեր ձևավորվեն, կարող է ոչ միայն չխրախուսվել այլակարծությունը, այլ նաև աշխատանքից  հեռացնեն այլախոհին:   Այս հարցում առավել խոցելի են պետական ուսումնական հաստատությունների աշխատողները, քանի որ իրենց հետ ամեն տարի կնքվում է որոշակի ժամկետով պայմանագիր[33]: Աշխատողը մշտական կախվածության մեջ է մնում գործատուից, քանի որ աշխատանքային պայմանագիրը երկարացնելու խնդիր ունի:  Այսպես, «Խղճի ազատություն» թերթում հրապարակված «Կրոնական շարժառիթով տապալված գիտական աշխատանք. եկեղեցին միջամտում է գիտությանը» ակնարկում լրագրողը լուսաբանում է նախկին դասախոս 40-ամյա Արմինե Դավթյանի աշխատանքից հեռացվելու պատմությունը.

«Մանկավարժականի նախկին դասախոսը չի պատրաստվում կրկին պաշտպանել իր թեկնածուական ատենախոսությունը, քանի որ համոզված է` աշխատությունը գիտխորհուրդը դատում է ոչ թե դրանում արծարծված գաղափարների հիման վրա, այլ իր կրոնական համոզմունքների, քանի որ խորհրդի աշխատանքին միջամտել են Հայ առաքելական եկեղեցու հեղինակություններ…

2013-ի փետրվարի 28-ին մանկավարժական համալսարանում ձևավորված գիտական խորհրդի մեծ մասը` 12-ից 7-ը, դեմ են քվեարկել Դավթյանի ատենախոսությանը՝ մերժելով գիտական աստիճան տալ: Ավելի վաղ 10Դավթյանին փաստացի հեռացրել էին աշխատանքից` ըստ համալսարանի ղեկավարության ամբիոնի վերակազմավորման պատճառով, մինչդեռ կինը պնդում է, որ իրական պատճառը իր թեզն ու դրանում վեր հանված կրթական խնդիրներն են»[34]:

 

Եզրակացություններ

 

  •  2009թվից հետազոտողները ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Խղճի ազատության իրավիճակի նկատմամբ, քանի որ հետսովետական իրականությունը կրոնական իշխանության ձգտումների և մրցակցության դրսևորումների հնարավորություն է տվել:
  •  Ոչ բոլոր ԶԼՄ-ներն են հետևում լրագրողական այն էթիկային և սահմանված նորմերին, որոնք չեն ընդունում կրոնական  անհանդուրժողականության տարածումը:
  •   ԶԼՄ-ների մի մասը ինչպես 2009թ., այնպես էլ 2012թ. շարունակում է իր հակաքարոզչությունը ոչ-առաքելական կրոնների նկատմամբ և տարածում է մի շարք կարծրատիպեր, օրինակ` «աղանդ են, որ պառակտում են ընտանիքը, ազգը, պետությունը»,  «հոգևորսություն են անում»: Ոչ-առաքելական կրոնական կազմակերպությանը հարող անհատին նկարագրելիս, հասարակության զգալի մասը վերարտադրում է ԶԼՄ-ների կողմից շրջանառվող այս կարծրատիպերը:
  • Այնուամենայնիվ ըստ երկու հետազտոտությունների համեմատության, նվազել է ԶԼՄ-ներում բացասական վեարբերմունքը և հակաքարոզչությունը ոչ առաքեալական կրոնական կազմակերպությունների նկատմամբ և աճել տեղեկատվական և իրադարձային, այսպես, 2001-2009թթ. 1451 հրապարակումների 55%-ում արձանագրվել է վերաբերմունք կրոնական կազմակերպությունների հանդեպ, իսկ 2011-2012թթ. հրապարակումներում այդ թիվը կազմել է 9%-ից էլ ցածր:
  •   2009-2012թթ. հետազոտությունների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ կրոնական կազմակերպությունների միջև հարաբերությունները չեն փոխվել և շարունակում են մնալ «լարված»:

 

 


[1] Այն ընդգրկում է նաև «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքը

[2] Տես, Վենետիկի հանձնաժողովի կարծիք թիվ 603/2010 http://www.venice.coe.int/webforms/documents/?pdf=CDL(2010)133-e

[3] Տես, «Հայաստանյան ԶԼՄ-ներում կրոնական հանդուրժողականություն» թեմայով որակական հետազոտություն, 2012թ, «Երևանի մամուլի ակումբ» հկ, Երևան: Աշխատանքը դեռ տպագրված չէ:

[4] Տես, Ս. Դանիելյան, Վ. Վարդանյան, Ա. Ավթանդիլյան, 2009, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության»: Երևան

[5] Տես, Մ. Երանոսյան, Վ. Իշխանյան, Ա. Իշխանյան, 2010, «Կրոնի ազատությունը Հայաստանում», «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»: Երևան

[6] Տես, «Նկատառումներ եվ առաջարկություններ խղճի ազատության մասին նոր օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին», http://www.religions.am/arm/documents/comments/Նկատառումներ-եվ-առաջարկություններ-խղճի-ազատության-մասին-նոր-օրենքի-նախագծում-փոփոխություններ-կատարելու-մասին/

[7] Տես, Մ. Երանոսյան, Վ. Իշխանյան, Ա. Իշխանյան, 2010, «Կրոնի ազատությունը Հայաստանում», «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»: Երևան

[8] «Հետազոտության համար ընտրվել են 10 լրատվամիջոցներ, այդ թվում՝ երեք հեռուստաալիք (Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին ալիք՝ Հ1, «Շողակաթ», որը նաև Հ1-ի բաղկացուցիչ մաս է, «Երկիր մեդիա»), մեկ ռադիոալիք («ԱրմՌադիո» FM 107»),  երեք թերթ («Հայկական ժամանակ», «Ազգ», «Голос Армении») և երեք առցանց հրատարակություն (Lragir.am, Hetq.am, Panorama.am)։ Յուրաքանչյուր լրատվամիջոցի նյութերի ուսումնասիրությունն ընդգրկում էր 4-ական  շաբաթ, սակայն տևական ժամանակային կտրվածքով ընդհանուր պատկերացում ունենալու նպատակով լրատվամիջոցները հետազոտվել են ավելի քան ութամսյա ժամանակաշրջանի տարբեր հատվածներում»: Ամբողջական հետազոտությունը տես, «Հայաստանյան ԶԼՄ-ներում կրոնական հանդուրժողականություն» թեմայով որակական հետազոտություն, 2012թ, «Երևանի մամուլի ակումբ» հկ, Երևան: Աշխատանքը դեռ տպագրված չէ:

[9] Տես, «Հայաստանյան ԶԼՄ-ներում կրոնական հանդուրժողականություն» թեմայով որակական հետազոտություն, 2012թ, «Երևանի մամուլի ակումբ» հկ, Երևան: Աշխատանքը դեռ տպագրված չէ:

[10] Տես, «Հայաստանյան ԶԼՄ-ներում կրոնական հանդուրժողականություն» թեմայով որակական հետազոտություն, 2012թ, «Երևանի մամուլի ակումբ» հկ, Երևան: Աշխատանքը դեռ տպագրված չէ:

[11] Ամբողջական վերլուծությունը տես, էջ 29-34, Մ. Երանոսյան, Վ. Իշխանյան, Ա. Իշխանյան, 2010, «Կրոնի ազատությունը Հայաստանում», «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հկ, Երևան

[12] Տես, «Հայաստանյան ԶԼՄ-ներում կրոնական հանդուրժողականություն» թեմայով որակական հետազոտություն, 2012թ, «Երևանի մամուլի ակումբ» հկ, Երևան: Աշխատանքը դեռ տպագրված չէ:

[13] Տես, «Հայաստանյան ԶԼՄ-ներում կրոնական հանդուրժողականություն» թեմայով որակական հետազոտություն, 2012թ, «Երևանի մամուլի ակումբ» հկ, Երևան: Աշխատանքը դեռ տպագրված չէ:

[14] Ամբողջական ակնարկը տես, Կարինե Իոնեսյան, «Յոգայով զբաղվողներին հաճախ դահլիճ չեն տրամադրում», http://kron.armhels.com

[15] Տես, Ս.Դանիելյան, Վ.Վարդանյան, Ա. Ավթանդիլյան, 2009, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հկ, Երևան

[16] Տես, Մ.Երանոսյան, Վ. Իշխանյան, Ա.Իշխանյան, 2010, «Կրոնի ազատությունը Հայաստանում», «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հկ, Երևան

[17] Տես, Լ.Քարամյան, Հ.Հովհաննիսյան, 2012, «Հանդուրժողականությունը Հայաստանում այսօր. կրոնական հանդուրժողականության հեռանկարները», «Եվրասիա համագործակցության հիմնադրամ» հկ, Երևան: http://www.religions.am/files/1198/library/legal/L007.pdf

[18] Տես նույն տեղում

[19] Տես նույն տեղում

[20] Տես նույն տեղում

[21] Տես նույն տեղում

[22] Տես, Յուրգեն Հաբերմաս, 1984, “Կոմունիկատիվ գործողության տեսության”, Բոստոն, Բեկոն: Անգլերեն թարգմանությունը Թ.Մքարթիի

[23] Տես, «Ամենավտանգավոր գաղափարախոսություններից է կրոնական և էթնիկ ինքնությունների իդենտիֆիկացիան», 11.05.2013, Հայաստանի կրոնները, www.religions.am

[24] Տես, «Հայ եկեղեցու պատմությունը դպրոցներում կրոնական քարոզչություն է», 2013 ապրիլի 4, Խղճի ազատություն, http://kron.armhels.com/?p=362

[25] Նույն տեղում

[26] Նույն տեղում

[27] Տես, «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենք, հոդված7

[28] Տես, «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենք, հոդված17, կետ «գ»

[29] Տես, «Առաքելական եկեղեցու փռած ասֆալտները. մինչդեռ այլադավանները զրկված են բարեգործությունից», 2013 հունիսի 11, Խղճի ազատություն, http://kron.armhels.com/?p=542

[30] Նույն տեղում

[31] Տես, «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենք, հոդված17, կետ «գ»

[32] Տես, ̧Դիտորդ տեղեկագիրք #4 / 2013, էջ 2-4, http://armhels.com/wp-content/uploads/2013/07/Ditord-04-2013arm.pdf

[33] Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրում նշվում է պայմանագրի գործողության ժամկետը, տես’, ՀՀ աշխատանքային օրենսգիրք հոդված 94

[34] Տես, «Կրոնական շարժառիթով տապալված գիտական աշխատանք. եկեղեցին միջամտում է գիտությանը», 2014 փետրվարի 7, Խղճի ազատություն, http://kron.armhels.com/?p=850:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *