Խղճի ազատության օրենսդրությունը բարելավելու 4 տարվա փորձերն առայսօր անհաջող են, գործադիրը նոր տարբերակ է մշակում

Քաղաքական գործիչների, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների և հասարակական ակտիվիստների տեսակետները «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների» մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ

Վերջին 5 տարում Հայաստանում կրոնական կազմակերպությունների գործունեությանը վերաբերող օրենսդրական դաշտում թե դրական, թե բացասական տեղաշարժեր արձանագրվեցին: Կարևորագույն ձեռքբերումը Այլընտրանքային ծառայության օրենսդրորեն ձևակերպված հնարավորության ընձեռումն էր (տես առանձին հոդվածը), որից հիմնականում օգտվում են Եհովայի վկաները:

Օրենսդրությունը միաժամանակ դեռևս չշտկված համակարգային անհավասար պայմաններ էր ստեղծել և Հայ Առաքելական եկեղեցուն մի շարք մենաշնորհներ ընձեռել, որոնցից են օրինակ, բարեգործությամբ զբաղվելը, ազատ քարոզելը, հիվանդանոցներում, ազատազրկման վայրերում, զորամասերում հոգևոր ներկայացուցիչ ունենալը և այլն:

Օրենսդրությունը Հայ Առաքելական եկեղեցուն մի շարք մենաշնորհներ է ընձեռում
Օրենսդրությունը Հայ Առաքելական եկեղեցուն մի շարք մենաշնորհներ է ընձեռում: Լուսանկարը `Wikipedia.org կայքից:

Մասնավորապես «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի հոդված 17-ում գրված է (մեջբերված է կրճատումներով). «Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետևյալ առաքելությունների իրագործմանը.

– կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական հուշարձան-եկեղեցիները` ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ;

– նպաստել հայ ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաև պետական կրթական հաստատություններում;

– ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, զառամյալների և հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում` ներառյալ քննչական մեկուսարանները»:

Որպես անհանդուրժողական հիմքեր ստեղծելու փորձ` վերջին 5 տարիներին կրոնական խնդիրներով զբաղվող ՀԿ-ների, կրոնական կազմակերպությունների բացասական գնահատականին են արժանացել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերը:

Առաջին անգամ փոփոխությունները նախաձեռնվեցին 2009-ին, սակայն «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որ անգամ ընդունվել էր առաջին ընթերցմամբ, սառեցվել էր ու արդեն 2014-ի մարտին Ազգային ժողովում շրջանառությունից դուրս է հանվել:

Երկրորդ փորձը 2010-ին Կառավարության մշակած նախագիծն էր, որը չի մտել ԱԺ օրակարգ, փոխարենն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական քննադատական եզրակացությանը:

Նախագծերը միջազգային կառույցների քննադատության են  արժանացել:
Նախագծերը միջազգային կառույցների քննադատությանն են արժանացել:

2011-ին Արդարադատության նախարարությունը մշակեց երրորդ նախագիծը, որն իր մեջ ներառում է նախորդի մի մասը[1]:  Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ կարծիքում  այս նախագիծը ևս քննադատության է արժանացել, սակայն այս անգամ ոչ թե նախագծի ամբողջական մոտեցումը, այլ կոնկրետ կետեր, որոնք դեռևս սահմանափակում են կրոնական կազմակերպությունների իրավունքները: Օրինակ` խորհուրդ է տրվում.

–       վերանայել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու մենաշնորհ հանդիսացող այն կետերը, որոնք ներառում են բարեգործությունն ու հայ ժողովրդի հոգևոր կրթությունը,

–       հստակություն մտցնել հասկացությունների մեջ` հոգեորսությունը փոխարինել ոչ-պատշաճ դավանափոխությամբ,

–       հնարավորություն տալ չգրանցված կրոնական խմբերին օգտվել նախագծում շարադրված իրավունքներից,

–       25 և ավել չափահաս հետևորդ ունեցող կրոնական խմբին տալ հնարավորություն գրանցվելու իբրև կրոնական կազմակերպություն, բայց չստիպել, որ այն գրանցվի(գործող օրենքով գրանցումը պարտադիր չէ և 200 անդամ ունեցեղ կազմակերպությունը կարող է միայն գրանցվել),

–       հստակ ձևակերպել, որ շարադրված իրավունքները օրինակներ են և կրոնական կազմակերպությունները իրավունք ունեն անել ամենը, ինչը օրենքի սահմաններում է:

Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Հակոբյանն ասում է, որ Արդարադատության նախարարության կողմից մշակվող նախագծի նոր տարբերակը  հիմա լրամշակվում է և դեռ հանրային քննարկմանը ներկայացված չէ:

Սամվել Նավոյան, լուսանկարը՝ crossnews.am կայքի
Սամվել Նավոյան. նախագիծը դրական փոփոխություններ նախատեսելով հանդերձ, որոշակի խնդիրների չէր անդրադառնում ու միաժամանակ նոր խնդիրներ էր առաջացնում: Լուսանկարը՝ crossnews.am կայքի

2011-ի նախագիծը դրական փոփոխություններով հանդերձ, ըստ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների, որոշակի խնդիրների չէր անդրադառնում ու միաժամանակ նոր խնդիրներ էր առաջացնում:

Դրական է համարում այն, որ կազմակերպություն գրանցելու համար, ըստ 2011-ի նախագծի, անհրաժեշտ կլիներ 25 հոգի անդամ ունենալը, գործող օրենքում նախատեսված 200-ի փոխարեն: Այդուհանդերձ, Հայաստանի Ամբողջաավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Սամվել Նավոյանը բացասական է գնահատում, որ այդ նախագծով կրոնական կազմակերպության գրանցումը պարտադիր էր: Որպես դրական փոփոխություն նա մատնանշում է այն, որ բոլոր կազմակերպություններին քարոզելու ազատություն էր տրված:

Նավոյանը նկատում է, որ 2011-ի նախագծում պահպանվում է հոգևորսություն տերմինը, որը տարընթերցման տեղիք է տալիս և անընդունելի է:

«Հոգևորսություն տերմինով նկատի են ունենում պրոզելիտիզմը (միջազգային տերմին է` նշանակում է դավանափոխություն): Քանի որ դավանափոխության ազատության դրույթը մտել է Սահմանադրություն, իրենք փորձում են դրա հակակշիռը մտցնել` կիրառելով անընդունելի հոգևորսությունը, սակայն, ավելի ճիշտ կլինի կիրառել ոչ պատշաճ դավանափոխություն տերմինը»:

Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Հակոբյանը տեղեկացնում է, որ Վենետիկի հանձնաժողովի նկատառումները մշակվող նախագծում հաշվի են առնված և, օրինակ, հոգեորսություն բառը դուրս է եկել նոր օրինագծից, մինչդեռ գրանցման պայմանը չի փոխվել.

«Այո, 25-ից ավելի հետևորդ ունենալու դեպքում գրանցումը պարտադիր է, սակայն դեռ նախարարությունը որոշում չի կայացրել. արդյո՞ք չգրանցման դեպքում սանկցիաներ կիրառվելու են, թե` ոչ»:

Նավոյանը  քննադատել է 2011-ի օրինագիծը նաև այն բանի համար, որ այնտեղ պահպանվել էին Հայ առաքելական եկեղեցու մի շարք մենաշնորհներ, ինչպես օրինակ այն, որ կրոնական կազմակերպություններից միայն այն կարող է զբաղվել բարեգործությամբ: Կամ` կրոնական կազմակերպությունները իրենց անդամ չհանդիսացողներին հոգևոր արարողություններ ու ուսուցում չեն կարող մատուցել:

Նավոյանը գրքի շնորհանդեսի հետ նշում է 65-ամյակի ու հովվական ձեռնադրության 35-ամյակի հետ
Նավոյանը նախագծում` կազմակերպությունների ներքին գործունեության մասին ինֆորմացիա ստանալու միտումներ է մատնանշում: Լուսանկարը` Սառա Խոջոյանի:

Գործող օրենքում Առաքելական եկեղեցուն բարեգործությամբ զբաղվելու մենաշնորհի ապահովումը ձևակերպված է հոդված 17-ում. «Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետևյալ առաքելությունների իրագործմանը` ծավալել բարեգործական և բարեխնամ գործունեություն»:

Նավոյանը քրիստոնեական սկզբունքների դեմ է համարում նախագծի այն դրույթը, որն արգելում է այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք կարող են վերահսկել իրենց անդամների վարքը, անձնական կյանքը, առողջությունը կամ սեփականությունը, ինչպես նաև, որ ստեղծվելու  է լիազոր մարմին` կրոնական կազմակերպությունները վերահսկելու համար:

Ըստ Նավոյանի` անձնական կյանքը վերահսկել կարող է դիտարկվել իրենց անդամների խոստովանությունը հոգևոր հովիվներին, սակայն հենց այդ խոստովանությունն է իրենց հավատքի կարևոր բաղադրիչներից մեկն է:

Մյուս պոտենցիալ խնդիրն, ըստ ավետարանական եկեղեցու հովվի, հակասում է քրիստոնեական գործունեությանը,  կազմակերպության գաղտնիությունը բացահայտելու պահանջն է.

«Մենք ունենք գաղտնիության իրավունք, օրինակ, նամակագրության գաղտնիություն, կամ մենք ունենք միսիաներ, օրինակ, մահմեդական երկրներ ուղարկում ենք քրիստոնեություն քարոզելու, եթե դա չհրապարակենք, կստացվի, որ օրենք ենք խախտում, սակայն, եթե հրապարակենք, կվտանգենք միսիոներների կյանքը»:

Ստեփան Դանիելյան. օրինագծերը համաձայնեցվում են Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ:
Ստեփան Դանիելյան. օրինագծերը համաձայնեցվում են Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ:

Կրոնական կազմակերպություններին անհանգստացնող մյուս խնդիրը արտերկրից ֆինանսավորման ու բարեգործություն անելու արգելքն է:

Փորձելով մեկնաբանել` ինչու են ձախողվում 1991 թվականի «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը` «Համագործակցությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը նշում է, որ չնայած ապացույց չունի, բայց համոզված է, որ «ոչ պաշտոնական եղանակներով օրինագծերը համաձայնեցվում են Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ»:

Անդրադառնալով Կրոնական կազմակերպությունների գործունեության իրավական հիմքերին, «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը նշում է, որ դրա համար ժողովրդավարական, սահմանադրական հիմքեր ստեղծված են, սակայն օրենսդրության կատարելագործման և այն լիարժեք կյանքի կոչելու ուղղությամբ դեռևս մեծ աշխատանք կա անելու:

Արմեն Լուսյան. օրենքի վերանայմանն ուղղված բոլոր օրինագծերի գլխավոր թերությունը հայեցակարգային է: Լուսանկարը` Արմեն Լուսյանի:
Արմեն Լուսյան. օրենքի վերանայմանն ուղղված բոլոր օրինագծերի գլխավոր թերությունը հայեցակարգային է: Լուսանկարը` Արմեն Լուսյանի:

Լուսյանն ասում է, որ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի վերանայմանն ուղղված բոլոր օրինագծերի գլխավոր թերությունը հայեցակարգային է. դրանք առավելապես միտված են ոչ այնքան ոլորտը կարգավորելուն, որքան դավանանքի ազատության իրավունքը սահմանափակելուն և վերահսկելուն:

«Ընդհանուր առմամբ, երկու խնդիր կա կրոնական կազմակերպություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված. նախ` դրանք չպետք է այնպիսի կետեր ունենան, որոնք տարընթերցումներ կարող են առաջացնել: Այս [2011-ի] նախագծում կան նման դրույթներ: Ինչպես նաև պետք է բացառել այն դրույթները, որոնք պարզ չէ, թե ինչ իրավական խնդիր են լուծում»,- հավելում է Լուսյանը:

Lրագրող Վահան Իշխանյանը նկատում է, որ 2011-ի  նախագծով անհավասար պայմաններ են առաջանում հասարակական և կրոնական կազմակերպությունների միջև, քանի որ նախագծով հատուկ վերահսկողություն է սահմանվում առաջինների նկատմամբ, մինչդեռ օրենսդրությամբ նման վերահսկողություն չկա երկրորդների նկատմամբ:

Նա ասում է, որ հասարակական կազմակերպություններն էլ կրոնական կազմակերպությունների նման մարդկանց միավորումներ ու հասարակական ինստիտուտներ են ուստի պետք է հավասար պայմաններում գործեն. «Այդ դեպքում` ինչո՞ւ է պետք սահմանել անհասկանալի վերահսկողություն կրոնական կազմակերպությունների նկատմամբ, երբ մյուս կազմակերպությունները ազատված են նման բանից»:

Լուսյանի գնահատմամբ` միևնույն է գրանցված կրոնական բոլոր կազմակերպությունները ֆինանսական հաշվետվություն են ներկայացնում ՀՀ հարկային մարմիններին և ավելորդ վերհասկողությունն անտեղի է:

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն, օրինակ, 2011-ի օրինագծին ծանոթ չէ, ասում է, սակայն, որ կրոնական կազմակերպությունները պետք է հաշվետվություններ տան.

«Սահմանադրությունը բոլոր կրոնական կազմակերպություններին, որի մեջ կա նաև Առաքելական եկեղեցին, փորձում է ապահովել հավասար պայմաններ: Բոլորը հավասար պետք է լինեն և բոլորը պետք է հարկային, սոցիալական հաշվետվություններ ներկայացնեն»:

Ազգային ժողովի շատ պատգամավորներ, մասնավորապես նրանք, ովքեր ավելի հաճախ են մարդու իրավունքների խնդիրների մասին բարձրաձայնում, հիմնականում տեղյակ չեն ոչ 2011-ի նախագծից, ոչ էլ մշակման փուլում գտնվող նոր նախագծից:

Քանի որ խմբակցությունները չունեն ձևակերպված կուսակցական դիրքորոշում խղճի ազատությանը վերաբերող հարցերին, պատգամավորների ներկայացվող կարծիքները չեն կարող տարածվել կուսակցության այլ անդամների վրա: Պատգամավորների կարծիքը կարելի է բաժանել 3 խմբի` ազատական, պահպանողական և զգուշավոր: Այնուամենայնիվ, պատգամավորների խոսքում կարելի է հանդիպել և՛ պահպանողական, և՛ ազատական դրույթներ:

Արամ Մանուկյան. գրանցվել պետք է: Լուսանկարը` hayeli.am կայքի:
Արամ Մանուկյան. գրանցվել պետք է: Լուսանկարը` hayeli.am կայքի:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի մոտեցմամբ` եթե գործունեություն ես ծավալում, որի թիրախը հասարակությունն է, պետք է գրանցվես:

«Կրոնական կազմակերպությունների գործունեությունը պետք է կարգավորվի միանշանակ, ինչպես հասարակական և քաղաքական կառույցներինն է կարգավորվում: Հիմա Հայաստանում գնում է խոշորացման գործընթաց, մասնավորապես քաղաքական կառույցները պետք է որոշակի քանակի անդամներ ունենան, մարզերում կառույցներ ունենան, քարտեր ունենան, ծրագիր ունենան, որ գործունեություն ծավալելու, քաղաքացիներին դեպի իրենց ներգրավվելու թույլատվություն ունենան: Նույնն էլ մեծ առումով վերաբերում է և’ հասարակական կազմակերպություններին, և’ կրոնական կազմակերպություններին»,- ասում է Մանուկյանը:

Պատգամավորի կարծիքով գրանցման համար անհրաժեշտ թիվը շատ տարբեր չպետք է լինի քաղաքական կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար.

«Այդ թիվը [25 հետևորդ] կարելի է մի քիչ բարձրացնել: Ինչո՞ւ, որովեհետև անցած 25 տարիների ընթացքում հկ-ները  խոշորացել են, նույնը` կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները: Այսինքն, եթե 15 տարի առաջ 5 հոգին կարող էր խումբ լինել, հետո` 50 հոգին, հիմա կարծում եմ այդ կայացման և խոշորացման արդյունքում թիվը կարելի է մի քիչ մեծացնել: Ստարտային հավասար պայմանները անցել են, հիմա մրցակցային փուլ ենք մտել»:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի գնահատմամբ` Հոգևորսություն և ոչ-պատշաճ դավանափոխություն հասկացությունները ըստ էության նույն երևույթն են նկարագրում` լեզվամտածողության խնդիր է և կարիք չկա մեկի տեղը մյուսն օգտագործել օրենսդրության մեջ:

Մարգարիտ Եսայան. հոգեորսություն և ոչ-պատշաճ դավանափոխություն հասկացությունները ըստ էության նույն երևույթն են նկարագրում: Լուսանկարը` aravot.am կայքի:
Մարգարիտ Եսայան. հոգեորսություն և ոչ-պատշաճ դավանափոխություն հասկացությունները ըստ էության նույն երևույթն են նկարագրում: Լուսանկարը` aravot.am կայքի:

«Մենք այդ երևույթը ընկալում ենք որպես հոգևորսություն հայերենով, իրենք [միջազգային փորձագետները] ոչ-պատշաճ դավանափոխությամբ փորձում են կլորացնել բառը, սուր անկյուններ չթողնել երևի: Ընդհանրապես որևէ կազմակերպություն, ոչ միայն կրոնական կազմակերպությունները, պետության մեջ եթե հավակնում է գործունեություն ծավալել, պետությունը այդ կազմակերպության մասին պետք է տեղեկատվություն ունենա»:

Ազատ Դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչ, Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դեմ է բոլոր սահմանափակումներին.

«Դրա համար էլ մերժել ենք այն [2009-ի] օրինագիծը, որովհետև սահմանափակվում էին մարդկանց իրավունքները: Հիմա կբերեն նոր օրինագիծը, կքննարկենք այն»:

Ժառանգության խմբակցության մեկ այլ պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ այնպիսի փոփոխություններ պետք է ընդունել, որոնք չեն վնասի արդեն գրանցված և գործող կրոնական կազմակերպություններին:

«Մենք պետք է կարողանանք այնպիսի իրավական դաշտ ունենանք, որ ցանկացած կրոնական խումբ, ընդհանուր շահերով միավորված մարդկանց խումբ կարողանա իր տեղը գտնել, եթե այն, իհարկե, միտված  չէ մարդու իրավունքների ոտնահարմանը, չի սատարում ֆաշիզմին ու ռասիզմին»:

Մերի Երանոսյան

Սառա Խոջոյան



[1] 2011 թվականի օրենքի նախագիծը կարելի է գտնել ՀՀ Արդարադատության նախարարության կայքում (www.justice.am)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *